Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՔՍՈՐՎԻ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Մայիս 24,2002 00:00

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՔՍՈՐՎԻ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ» Նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանը թերեւս համաձայն չէ, որ պետք չէ քննադատել նոր ընդդիմությանը, քանի որ նրանք նվագում են, ինչպես կարողանում են. «Նվագել չգիտեն՝ թող չնվագեն։ Ես չեմ ուզում ֆալշ լսել»։ – Ճի՛շտ արեց ներկա ընդդիմությունը, որ հրաժարվեց հանրահավաքներից։ Նրանք պետք է վերադառնան հարազատ օջախ։ Պետք է տեղի ունենա բեւեռացում՝ «անառակ որդիները» պետք է վերադառնան։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին կողմնակիցները պետք է վերադառնան նրա մոտ, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախկին կողմնակիցները՝ նրա մոտ կամ թող ընտրեն։ Ամենքին իրենը։ Այսօրվա ընդդիմախոսների մի զգալի մասը (բնականաբար, խոսքը չի վերաբերում Ստեփան Դեմիրճյանին՝ նա ոչ նախկին իշխանություն է, ոչ էլ ներկա) 1998-ին մասնակցել է այսօրվա նախագահի ընտրություններին եւ մշակել ու աջակցել է նրա ծրագրերի իրականացմանը։ Նրանք բոլորն ինձ համար մեկ թիմ են, որոնք 1998-ին հանդես եկան միասնական ծրագրով։ Հիմնականում խոսում էին Ղարաբաղի հարցի լուծման մասին, բայց նաեւ տնտեսական ծրագրի շուրջ խոսակցություն կար։ – 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանության հայտարարություններով հանդես եկավ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ Բայց դա չխանգարեց, որ 1999-ի ԱԺ ընտրություններում ՀՀՇ-ն իր նախընտրական հոլովակների «կրկներգը» դարձնի «Մենք պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը» կարգախոսը։ Ներկա ընդդիմության այն հատվածը եւս, որ 1998-ին աջակցել էր Քոչարյանին, վաղուց հրապարակավ զղջացել է դրա համար։ – Նրանք հրաժարվել են անձից, բայց ոչ ծրագրից։ Իմ կարծիքով, նախ պիտի ապաշխարեին դրա համար։ Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը չի շեղվել իր ծրագրերից։ Այդ դեպքում, չեմ հասկանում՝ նրանք ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի թիմից չեն։ Որ աշխատանքից հանե՞լ է իրենց։ Դե, Քոչարյանն ասում էր, թե նրանք վատ են աշխատում, եւ չէր ներկայացնում քաղաքական որեւէ պատճառաբանություն։ Վատ աշխատելու համար թիմակիցները երբեմն իրար հեռացնում են աշխատանքից։ Իսկ գուցե անձնական խնդիրնե՞ր են առաջացել։ Ընդդիմությունը հիմա ի՞նչ ծրագիր ունի, որը Ռոբերտ Քոչարյանը չի իրականացնում։ Ես չեմ հասկանում՝ նրանք ինչի՞ն են ընդդիմախոս։ Գտնում են, թե շեղո՞ւմ կա այն ծրագրերից, որ իրենց թիմով ներկայացրել էին 1998-ի ընտրություններում։ Պիտի դեռ հստակեցնեն՝ հրաժարվո՞ւմ են այդ ծրագրից, որ պաշտպանել էին։ Բայց չէ՞ որ այդ ծրագրի սխալականության մասին նախազգուշացնողներ կային, ինչո՞ւ չլսեցին նրանց։ Ուստի, այժմ պիտի հայտարարեն, որ Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը՝ իր տնտեսական, արտաքին քաղաքական եւ այլ դրսեւորումներով՝ սխալ է։ Եվ պիտի խոստովանեն, որ մասնակցել են այդ սխալի ձեւավորմանը։ Հո Ռոբերտ Քոչարյանը մենակ չեկա՞վ Ղարաբաղից ու Հայաստանում դարձավ նախագահ։ – Կրկնում եմ, որ ներկա ընդդիմությունը բազմիցս է իր անհամաձայնությունը հայտնել գործող նախագահի քաղաքականությանը եւ նշել, որ Քոչարյանը տեր չի կանգնել իր նախընտրական ծրագրին։ – Այսուհանդերձ, նրանց մեծ մասը նույն թիմի շարունակությունն են՝ թեկուզ իրենց գաղափարախոսությամբ։ Գուցե հիմա էլ Գդլյան-Իվանով-Լուկաշենկոյի՞ն բերեն Հայաստանի նախագահ։ Չէ՞ որ նրանք սովոր են «իշխան» բերել։ Եթե մի այդպիսի Գդլյան- Իվանով-Լուկաշենկո է լինելու Հայաստանի նախագահը՝ ես համաձայն չեմ, որ փոխեն Ռոբերտին։ Նրանք բերել են Ռոբերտին, հիմա էլ ուզում են ուրիշին բերել։ Նաեւ համաձայն չեմ, որ իրենք բերեն ու հայտարարեն, թե ժողովուրդն ընտրեց։ Չէ՞ որ այնտեղ կան մարդիկ, որոնք ասում էին, թե ժողովուրդն է ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ հիմա ասում են, թե նա ապօրինի նախագահ է, եւ ժողովուրդը նրան չի ընտրել։ Նրանց մի անգամվա սուտն արդեն գիտեմ, այս անգամ սուտ չե՞ն ասում։ Հիմա՞ էլ է ժողովուրդն այնպես ընտրելու, ինչպես 1998-ին ընտրեց՝ իրե՛նց ուզածով։ Նրանք նույն թիմն են նաեւ իրենց մոտեցումներով։ Եվ ես չեմ ցանկանում պաշտպանել նոր վրիժառուների։ Գուցե նրանք դարձյալ սկսեն «Մազութի գործը» կամ նախկին իշխանություններին էլի դատել փորձեն։ Ես չեմ ցանկանում, որ այս ամենը կրկնվի նորից։ Ես ուզում եմ, որ հայտ ներկայացնի մեկը, որը ներկա՝ իրեն նախորդող իշխանությունների նկատմամբ դրսեւորի նախագահավայել կեցվածք։ Բայց ներկայիս խոսակցություններն անհանգստացնում են ինձ։ Մենք դեռ նախորդից չենք պրծել՝ չի վերջացել պայմանական ազատազրկման իմ ժամկետը, դեռ հարկադրված աքսորված է Վանոն… Դեռ այս ամենը չի վերջացել եւ եթե շարունակվի նույն տեմպով՝ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները վաղը կհայտնվեն բանտում։ Ես չեմ ուզում, որ վաղն էլ, ասենք, Ալվարդ Պետրոսյանն աքսորվի կամ պայմանական ազատազրկվի՝ օդանավակայանն Էրնեկյանին հանձնելու գործում իր բաժին դերակատարության կամ որեւէ այլ բանի համար։ Հարթակի գործիչներն այս ամենն ինձ՝ ՀՀ քաղաքացուս, չեն ասում. նրանք խաղաղության կոչ չեն անում։ Համաձայն եմ, որ քաղաքական պայքար լինի։ Բայց ես չեմ զգում, որ քաղաքացիական խաղաղություն է լինելու։ Իսկ ես չեմ ուզում, որ ներկաներից որեւէ մեկը (խոսքը քրեական հանցագործների մասին չէ) ենթարկվի նույն հալածանքներին, որոնց ներկա իշխանությունը ենթարկեց իր նախորդին։ Այնտեղից՝ հարթակից, չեմ զգացել, որ քաղաքացիական հանդուրժողականություն է լինելու։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել