Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի պայքարին «ընդառաջ»

Մայիս 30,2002 00:00

Քաղաքապետի պայքարին «ընդառաջ» Արաբկիրի համայնքի Հակոբյան 1 հասցեի եւ Կասյան փողոցի թիվ 2, 4 շենքերի բնակիչներն իրենց շրջակա տարածքը փողոցային առեւտրից ազատագրելու համար ամիսներ շարունակ բողոքում են, բնականաբար՝ ոչ միայն «Առավոտին»։ Ինչպես հաճախ, այս դեպքում եւս, թեեւ բողոքն ուսումնասիրվում, քննարկման է ենթարկվում համապատասխան մարմինների կողմից, սակայն մնում է անպատասխան։ Կասյանցիներն ափսոսանքով են նշում, որ վերջերս քաղաքապետի՝ լայն թափով սկսած պայքարը փողոցային առեւտրի դեմ, խոչընդոտվում է տարածքը հսկող ՆԳ աշխատակիցների կողմից։ Բնակիչների հավաստմամբ, վերջիններս կեսօրից հետո առեւտրականների հետ «համաձայնության» են գալիս եւ մինչ այդ հարակից անցումում, շենքերի բակում ծպտյալ կատարվող առեւտուրը նրանց թույլտվությամբ տեղափոխվում է փողոց՝ «Բարեկամություն» կայարանամերձ հրապարակը վերածելով ասիական շուկայի։ Վերոնշյալի համար բնակիչները նաեւ մեղադրում են Արաբկիրի թաղապետարանին, որը, ըստ նրանց, քաջատեղյակ է այդ ամենին, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ հատվածում առեւտուրը կանխելու համար։ Խնդրի առնչությամբ Արաբկիրի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Միհրան Երգենյանը պարզաբանում է. «Թաղապետարանը բազմաթիվ անգամ միջոցներ է ձեռնարկել եւ արգելել է այդ հատվածի առեւտուրը։ Այժմ էլ մեր տեսուչների կողմից տարածքը հսկվում է։ Օրվա առաջին կեսին մայթերին, կայարանամերձ հրապարակում առեւտուրը կասեցվում է։ Սակայն մենք ի վիճակի ենք հսկողություն սահմանել միայն մինչեւ մեր աշխատանքային ժամի ավարտը, որից հետո պատասխանատու են համապատասխան մարմինները»։ Իսկ բնակիչներին հատկապես անհանգստացնում է առեւտրականների կողմից շենքի մուտքերը զուգարանների վերածելու փաստը. «Այդ մարդիկ գնալու այլ տեղ չունեն։ Բնական կարիքները հոգալու համար օգտագործում են շենքերի դալանը, շքամուտքերը, նույնիսկ չորրորդ, հինգերորդ հարկ են բարձրանում»,- պատմում են նրանք։ Կասյան փողոցի երկայնքով գործող առեւտրի կետերի տերերը նույնպես դժգոհեցին շուկայի առկայությունից։ «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները եւս ցույց տվեցին, որ կեսօրից հետո մայթը գրաված շուկան ոչ միայն անօրինական է գործում, այլեւ հակասանիտարական վիճակ է ստեղծում։ Չնայած Արաբկիրի համայնքի տարածքում գործում են մի քանի շուկաներ, սակայն շատ վերավաճառողներ գերադասում են առեւտուրն իրականացնել դրանցից դուրս։ Վերջինս առեւտրականների համար ձեռնտու տարբերակ է։ Ի տարբերություն կանոնակարգով գործող շուկաների, դրսում տարածքը հսկող ոստիկանների հետ «վաճառասեղանի» գնի համար կարելի է սակարկել, ընդհանուր համաձայնության գալ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել