
Հայրիկյանն ընդդիմադի՞ր… ԱԻՄ համագումարը խնդիր է դրել, որ ի սկզբանե կուսակցությունը չի ունենալու նախապես անընդունելի որեւէ նախագահի թեկնածու եւ նախագահական ընտրություններին ԱԻՄ-ը գնալու է ոչ թե նվազագույն վատին ընտրելու սկզբունքով, այլ՝ առավելագույն լավին։ Հայրիկյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները պետք է լինեն ոչ թե չարյաց փոքրագույնի ընտրություններ, այլ՝ բարյաց առավելագույնի։ ԱԻՄ-ի համար Ռոբերտ Քոչարյանը անընդունելի թեկնածու չէ. «Մեզ համար ընդունելի կլինի արդար ընտրություններով ընտրված որեւէ մեկը։ Բայց ի տարբերություն նախորդ բոլոր թեկնածուների՝ մենք կարող ենք այսօր հենց սկզբից ասել, որ Ռ. Քոչարյանը ԱԻՄ-ի հույսերը չարդարացրեց։ Ռ. Քոչարյանին մենք 2-րդ փուլում պաշտպանեցինք սահմանադրական բարեփոխումների նպատակով, եւ որքան էլ կային շատ լուրջ դժվարություններ, մենք պարտավոր ենք արձանագրել փաստը՝ Ռ. Քոչարյանը չկարողացավ ավարտին հասցնել սահմանադրական բարեփոխումները»։ Նախագահական ընտրություններին ԱԻՄ համագումարը որոշել է հանդես գալ սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն ուրիշ ո՞վ է, եթե ոչ Պարույր Հայրիկյանը է։ Կուսակցության որոշման մեջ այդպես էլ նշված է. «Անկախ Հայաստանի գլխավոր նախագահը կարող է լինել անկախ Հայաստանի գլխավոր ճարտարապետը»։ «Արժանի էր». երեւի հնչել է համագումարի դահլիճում։ Իսկ նախագահական ընտրություններին Հայրիկյանը վերաբերվում է որպես իր «ազատությունների զոհաբերման գնով Հայաստանին ծառայելու հնարավորության ձեռքբերում»։ Երեւի պետք է լինի հասարակական պահանջ, որը ԱԻՄ-ի կարծիքով արդեն կա. արդեն ստեղծվել է նախագահական թեկնածուի հիմնադրամ եւ արդեն հավաքվել է 1 միլիոն 200 հազար դրամ, եւ մոտ 40 մտավորական իրենց համակրանքն են հայտնել ԱԻՄ նախագահին, նաեւ 8 հասարակական կազմակերպություն։ Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի հարաբերակցության հարցում ԱԻՄ-ը պայմանավորվել է ՀՌԱԿ-ի, ԱՄ-ի, ՀԿԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, Սոցիալիստական միավորման եւ Ազատություն կուսակցությունների հետ՝ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով կհիշեցնեն նախագահ Քոչարյանին հետեւյալը. ինքը նախընտրական փուլում խոստացել էր կուսակցությունների դերի բարձրացում, բայց չի կատարել։ Սա էլ ձեզ երկրորդ «շտրաֆը» Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀՇ-ի եւ Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը թեկուզ միայն մեկ հարցում չի «վարկաբեկում» Պարույր Հայրիկյանին. «Հայաստանում ապրելով մենք դատապարտված ենք համագործակցության։ Դաշնակցելն այլ բան է, համագործակցելը՝ այլ, համագործակցել պարտավոր ես նույնիսկ հակառակորդիդ հետ»։ Հայրիկյանը հիշեցրեց, որ «նույն ՀՀՇ-ն ութ տարի լավ կամ վատ ղեկավարել է այս երկիրը։ Ես չեմ ընդունել ՀՀՇ-ին, բայց հասարակությունը ընդունել է»։ Նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի մասին առաջարկը խորհրդարանի հերթական եռօրյայի օրակարգ մտցնելու «քաղաքական գործնականությունը» Հայրիկյանը համարում է «առողջարար, սարսափելի ոչինչ չի տեսնում, որ իմփիչմենթի հարց է բարձրացվում կամ իմփիչմենթի հարց է դիտվում, դրանք բոլորն էլ քաղաքական կյանքի անբաժանելի մասն են բոլոր երկրներում, նշանակում է՝ մենք ապրում ենք լիարժեք քաղաքական կյանքով»։ «Առավոտը» խիստ կասկածելի է համարում Պարույր Հայրիկյանի, այսպես կոչված, ընդդիմադիր կեցվածքը եւ իր հարցում այն որակելով «թվացյալ», փորձեց պարզել՝ մինչեւ ո՞ր պահն է Հայրիկյանը մնալու ընդդիմադիր Ռ. Քոչարյանին եւ ե՞րբ է վերամիանալու նրան։ Պարոն Հայրիկյանն ասաց. «Մեր կեցվածքը բխում է առողջ քաղաքական գործունեության տրամաբանությունից։ Դուք խոսում եք ընդդիմադիր կեցվածքի մասին, այստեղ ընդդիմադիր կեցվածք չկա, կա ինքնորոշում»։ «Առավոտն» իր զգոնությունը չի կորցրել, ինչպես թվում է ԱԻՄ նախագահին, եւ շատ լավ հասկանում է, թե ինչու է ԱԻՄ-ը կտրուկ շրջադարձ կատարել։ Պ. Հայրիկյանը հարցումներ անել սիրում է եւ վստահաբար ընտրություններից առաջ կատարած հարցումները ԱԻՄ-ի եւ Պարույր Հայրիկյանի վարկանիշի օգտին չեն եղել։ Այս պարագայում այլ բան չէր մնում, քան «ընդդիմադիր» դառնալը։ Բարի վայելում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































