Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խորհուրդներ ինտերնետով

Հունիս 19,2002 00:00

Խորհուրդներ ինտերնետով «Առավոտը» արդեն տեղեկացրել է մի աննախադեպ հնարավորության մասին, երբ ինտերնետով կարելի է իրավաբանական հարցերի շուրջ խորհրդատվություն եւ տեղեկություններ ստանալ։ Այդ հնարավորությունն արդեն իրողություն է եւ երեկ կայացավ www. legalaid.am ինտերնետային էջի շնորհանդեսը։ Էջը հիմնադրել է «Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համագործակցությունը», որի կազմում ընդգրկված է այդ բնագավառում աշխատող տասնհինգ կազմակերպություն։ Վերջիններս միավորվել են 2001թ. նոյեմբերին «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախաձեռնած սեմինարից հետո՝ որոշելով միասնական ուժերով զարգացնել անվճար իրավաբանական օգնության բնագավառը եւ մեղմել բնակչության շրջանում առկա իրավաբանական օգնության եւ տեղեկատվության պահանջը։ Ինտերնետային էջը առանձին բաժիններով ներկայացնում է համագործակցության անդամ կազմակերպությունների գործունեությունը, իսկ քաղաքացիների դիմելու համար էլեկտրոնային փոստի հասցեն է՝ advice@ legalaid.am։ Համագործակցության իրավաբանները էլեկտրոնային փոստով կպատասխանեն քաղաքացիներից այս հասցեով ստացած հարցերին՝ տրամադրելով իրավական խնդիրների հետ կապված պարզաբանումներ եւ խորհուրդներ, ինչով զբաղվում են այդ կազմակերպությունները։ Թեեւ նրանց մի մասը գրասենյակներ ունի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, սակայն իրավական խորհրդատվության առումով շրջաններում վիճակը շատ ավելի անմխիթար է։ Մարզային կազմակերպությունների ղեկավարները նկատում են, որ հաճախ որակյալ իրավաբանական օգնության կարիք են ունենում, քանի որ տեղի իրավաբաններն էլ երբեմն չեն հասցնում ծանոթանալ օրենսդրական նորույթներին։ Այնպես որ, նման հասցեի ստեղծումը նաեւ նրանց հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում կապվել իրենց երեւանյան գործընկերների հետ։ Ի դեպ, «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը լրագրողների հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական գնահատեց լրագրողների եւ Համագործակցության համատեղ աշխատանքը՝ թեեւ նկատեց, որ ոչ բոլոր ԶԼՄ-ներն են կարեւորում այս թեման եւ, օրինակ, մասնավոր հեռուստաընկերություններից մեկը գումար էր ուզել միջոցառումը լուսաբանելու համար։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել