Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեք չեմ ուղղորդել նախաքննությունը»

Հունիս 20,2002 00:00

«Ես երբեք չեմ ուղղորդել նախաքննությունը» Ասում է նախկին վարչապես Արամ Սարգսյանը Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը օրերս «Առավոտին» տված իր հարցազրույցում հայտարարել է, թե ընդդիմությունը իշխանության գալու համար շահարկում է «27»-ի հարցը, մինչդեռ նախագահ Ռ.Քոչարյանը «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման հետ ոչ մի կապ չունի: Ըստ պրն Մանուկյանի, իրեն դա 2000-ի փետրվարին համոզել ու ապացուցել էր նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Պրն Մանուկյանի ասելով, նա իրեն ասել էր, թե 99-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը եղել է նախագահի մոտ, որտեղ ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Հայաստանին վարկեր տրամադրելու խնդիրը, թե Ռ.Քոչարյանը համոզել էր Վ.Սարգսյանին այդ օրը ԱԺ չգնալ: Նախարարը նաեւ պարզաբանել էր, որ այդ մանրամասնությունները Ա.Սարգսյանն իմացել էր, երբ մարդ էր ուղարկել ԱՄՆ՝ այդ հանդիպման մասնակիցների հետ զրուցելու նպատակով: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, «Առավոտը» հնարավորություն է տալիս իր տեսակետն արտահայտել նաեւ հակառակ կողմին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նախարարի այդ հայտարարության առնչությամբ ասաց. «Հերթական անգամ ստիպված եմ անդրադառնալ Ա.Մանուկյանի ասածներին եւ 99-ի հոկտեմբերի 27-ին նախագահի նստավայրում Ռ.Քոչարյանի ու եղբորս միջեւ տեղի ունեցած հանդիպման փաստին: Ես հիմա էլ եմ պնդում, որ նման բան եղել է. իրոք, ես Ա.Մանուկյանին նման բան ասել եմ, բայց ոչ թե նրան ինչ-որ բանում համոզելու, այլ նրա հակափաստարկները լսելու եւ ինձ համար ճշտումներ անելու, իմ մեջ մշտապես եղած կասկածները փարատելու համար: Այն ժամանակ հատկապես «27»-ին դահլիճում եղած պատգամավորներից շատերն էին կարծիք հայտնում, որ «27»-ի թիկունքում Քոչարյանն է: Ինչ վերաբերում է ԱՄՆ մարդ ուղարկելուն: Նախարարը ինչ-որ բան շփոթում է: Ես նրան նման բան չեմ ասել: Նա սխալվում է նաեւ այլ հարցում. հիշյալ հանդիպումը ոչ թե ՀԲ-ի, այլ՝ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ է եղել, որին ներկա էր նաեւ Սթիվեն Սեստանովիչը: Հենց նա էլ ինձ պատմել էր այդ մանրամասները: Ինչ վերաբերում է Ա.Մանուկյանի մեկ այլ հայտարարությանը՝ ԱԱՆ մեկուսարանում ինչ-որ երրորդ օրվա, Հունանյանին Քոչարյանի դեմ ցուցմունք տալ ստիպելու մասին: Ես նրան այդպիսի բան չէի կարող ասել հենց միայն այն պատճառով, որ նման բան չի եղել, եւ ես դրան բազմիցս եմ անդրադարձել: Չեմ զլանում նորից կրկնել՝ ի տարբերություն գործող նախագահի, ես երբեք չեմ ուղղորդել նախաքննությունը, պատվերներ չեմ տվել: Ինձ համար կարեւոր եղել եւ մնում է՝ իմանալ եւ բացահայտել ողջ ճշմարտությունը: Ի վերջո, խոսքն իմ եղբոր մասին է: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իմ վարչապետության օրոք բոլոր լծակներն ունեի գործը բացահայտելու համար, ապա այդ մասով կարելի է համաձայնել պրն Մանուկյանի հետ: Իմ վարչապետության ժամանակաշրջանում ինչ հնարավոր էր անել գործի բացահայտման, փաստարկման իմաստով՝ արվել է: Այդ շրջանում ես գոհ եմ եղել ե՛ւ զինդատախազից՝ ե՛ւ ՆԳ, ե՛ւ ԱԱ նախարարներից իրենց կատարած աշխատանքի համար: Բայց պետք է նայել, թե երբ դրա ընթացքը փոխվեց, եւ փոխվեց 180 աստիճանով: Այդ դեպքում կարձանագրեք, որ «27»-ի նախաքննության ընթացքի արմատական շրջադարձը քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո էր. այն ժամանակ, երբ ես, պաշտպանության նախարարն ու այլք ազատվեցինք զբաղեցրած պաշտոններից»: Իսկ որ «27»-ի կազմակերպման եւ Ռ.Քոչարյանի առնչությունների մասին կասկածներ կան, Ա.Սարգսյանը ոչ միայն չհերքեց, այլեւ պարզաբանեց, որ այդ կասկածները խորացան «շնորհիվ» երկրի նախագահի վարած քաղաքականության: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել