Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության պակաս ունի

Հոկտեմբեր 04,2002 00:00

Հայաստանը ժողովրդավարության պակաս ունի ԵԱՀԿ hայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը երեկ հույս հայտնեց, որ լինելով բրիտանական լրագրողների միության անդամ եւ ինչ-որ կերպ վճարելով, հույս ունի անդամակցելու նաեւ լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային նկերակցությանը, որ երեկ հայտնեց իր գրանցման եւ առաջիկա ծրագրերի մասին: Կազմակերպությունը գրանցվել է Ստրասբուրգում (նախաձեռնողները կարծում են, որ անկաշկանդ շփումներ ապահովելու համար կենտրոնը պիտի լինի տարածաշրջանից դուրս) եւ գրասենյակներ ունի Երեւանում (այստեղ կազմակերպության խորհրդի ներկայացուցիչն է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը), Բաքվում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Սուխումում եւ Ցխինվալիում: Կազմակերպության ստեղծմանն աջակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, եւ պրն Ռիվի կարծիքով նախաձեռնությունը մտնում է ԵԱՀԿ շրջանակների մեջ: Ի դեպ, հայաստանյան գրասենյակի ղեկավարը «Ա1+» հեռուստաընկերության առնչությամբ եվրոպական կառույցների կողմից արված հայտարարությունների անտեսման վերաբերյալ ասաց, որ Հայաստանը պրոբլեմներ ունի ժողովրդավարության հետ եւ այդ կապակցությամբ ցանկացած կարծիք կարող է այստեղ չընդունվել: «Մենք հետեւում ենք գործընթացի զարգացումներին, եւ կշարունակենք ներկայացնել մեր կարծիքը, որ երկրում ինֆորմացիայի ազատություն պետք է ապահովել»: Վերադառնալով կազմակերպության ծրագրերին, նշենք, որ առաջիկայում նախատեսվում է լույս ընծայել «Զանգվածային լրատվամիջոցների զարգացումը Հարավային Կովկասում՝ հետխորհրդային շրջանում» գիրքը: Այս կապակցությամբ արդեն տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Գիրքը բաղկացած կլինի 8 գլուխներից, որոնք կվերաբերեն ԶԼՄ-ների օրենսդրությանն ու լրագրողների իրավունքներին, տպագիր, էլեկտրոնային լրատվամիջոցների, ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը, թե ինչպես են աշխատում լրատվամիջոցներն ընտրությունների ժամանակ, ԶԼՄ-ների զարգացումը չճանաչված պետություններում (ԼՂՀ-ում, Հարավային Օսիայում, Աբխազիայում), լրատվամիջոցների դերը հակամարտության կարգավորման հարցում: Վերջինիս, սակայն, կազմակերպությունը թերահավատությամբ է նայում: Գրքում անդրադարձ կլինի նաեւ հանրապետությունում Ժուռնալիստական կրթության դրվածքին եւ կլինի ֆոտոլրագրությանը վերաբերող մեկ ակնարկ: Ի դեպ, լրագրողները գրքի ստեղծումից առաջ հնարավորություն կունենան մասնակցել այնտեղ ներգրավված հոդվածների քննարկմանը եւ, ընդհանրապես, տարածաշրջանային խնդիրների շուրջ աշխատող ցանկացած լրագրող կարող է դառնալ կազմակերպության անդամ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել