Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Հոկտեմբեր 04,2002 00:00

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ Երիտասարդությունը հարմար «պատվանդան» է բախտախնդիրների համար. հատկապես ընտրությունների նախաշեմին այս ուժի «պահանջարկն» ավելի է մեծանում։ Երիտասարդության խնդիրները «հոգալու» մղումներով զանազան միջոցառումներ են կազմակերպվում, իսկ կազմակերպիչների նպատակը հաճախ մեկն է՝ երիտասարդությանը «ծառայեցնել» սեփական շահերին։ Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը երեկ կազմակերպել էր «Երիտասարդություն-պետություն. երկխոսության եւ համագործակցության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում։ Հանդիպման նպատակն էր այս թեմայի շուրջ օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ երիտասարդական կազմակերպությունների հետ երկխոսությունը կամ փորձը՝ հստակեցնելու այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են պետության հետ երիտասարդության առավել ակտիվ ու արդյունավետ համագործակցության համար։ Սակայն միանգամից ասենք, որ երկխոսությունը չկայացավ։ Ընդամենը հնչեցին «հուզիչ» մենախոսություններ։ Այս կարծիքին էր նաեւ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը՝ Ռուզաննա Հակոբյանը։ Ողջունելով սեմինարի անցկացումը, նա նկատեց, որ ներկաները խոսում են միայն իրենց հետաքրքրող թեմաներով. «Օրինակ, Շավարշ Քոչարյանը շեշտը դրեց կրթական պրոբլեմների վրա, ուշացումով «ներխուժած» Երիտասարդական մշակութային ցանցի ներկայացուցիչ Ռուբեն Մարկոսյանը՝ զուտ մշակութային հարցերի եւ այլն»։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ երբեմն 5-10 րոպեանոց ելույթների շրջանակում հնչում էին նաեւ այլ մտքեր։ Այսպես, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, խոսելով երիտասարդության մասին օրենքի նախագծից, այն որակեց իբրեւ ռազմավարական նշանակություն ունեցող։ «Երիտասարդությանը պետք է հիշել միշտ, այլ ոչ նախընտրական արշավներից առաջ»,- ընդգծեց նա։ Շավարշ Քոչարյանն էլ (ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ) ասաց. «Արտոնյալ պայմաններ պետք է ընձեռել մշակույթի բուհերի ուսանողների համար։ Օրինակ, կոնսերվատորիայի ուսանողը գնում է ծառայության, կարծում եմ, որ ջութակահարը ծառայությունից հետո պարզապես չի կարող շարունակել ուսումը։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է առաջին հերթին իր մշակույթով»։ Ատոմ Մխիթարյանն (Երիտասարդական ակումբների դաշնություն) էլ մտահոգ էր երիտասարդ ընտանիքների սպառողական զամբյուղով, ծնելիության ցածր ցուցանիշով, ավելին, ամուսնական խնդիրներով։ Ըստ նրա, այսօր երիտասարդները քիչ են ամուսնանում, որովհետեւ աշխատանք եւ եկամուտ չունեն։ Հնչեց նաեւ այն միտքը, որ պետական եւ ոչ պետական բազմաթիվ բուհերի առկայության դեպքում անգամ, սովորող երիտասարդների թվով զիջում ենք հարեւան Վրաստանին եւ Ադրբեջանին։ Իսկ պարոն Քոչարյանն էլ դառնացած մեջբերեց. «Այս տարի պետպատվերով բուհ ընդունվածների 80%-ը Երեւան քաղաքից է»։ Զարմանալի էր, որ նա «չգիտեր», թե ինչու գյուղական վայրերում երիտասարդություն չի մնացել։ Ինչեւէ, կազմակերպիչները սեմինար-քննարկումը համարեցին կայացած, ասելիքն էլ՝ սպառված, թեեւ բարձրացված շատ հարցեր հնչեցին իբրեւ ձայն բարբառո հանապատի։ Ի դեպ, սեմինարին հրավիրված Համահայկական երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ միացյալ արհկոմիտեի ակումբների համադաշնությունը, Բրիտանիայի շրջանավարտների միությունը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը չէին էլ բարեհաճել ժամանել։ Իսկ Հայաստանում շուրջ 150 երիտասարդական կազմակերպություն է գործում։ Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել