Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ԵՐԿՈՒՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ Վանաձորում (Սպայի տան դահլիճում) հուլիսի 23-ից սկսված դատաքննությունը (բանդիտիզմի եւ այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի, Հ. Խաչատրյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործով), որ ընդմիջվել էր օգոստոսի 13-ից, վերսկսվեց սեպտեմբերի 27-ին։ Մեղադրող Կ. Մկրտումյանի ճառից պարզվեց, որ ամբաստանյալներ Արամ Պետրոսյանին եւ Հակոբ Խաչատրյանին, որոնց վրա էր ծանրացել 2001թ. նոյեմբերի 14-ին Վանաձորի «Լաչինի միջանցք» շուկայամերձ հատվածի մոտ տեղակայված «չեյնջի» աշխատակիցների սպանությունը, սպառնում է մահապատիժ։ Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հրազեն էին օգտագործել (ինչի արդյունքում էլ տեղի էր ունեցել 3 մարդու սպանությունը), չէին ընդունում սպանության հարցում իրենց դիտավորությունը, պնդելով, որ կրակելը միայն վախեցնելու եւ գումար խլելու նպատակ է հետապնդել։ (Ի դեպ, դեպքի վայրից հայտնաբերվել էր 41 օգտագործված փամփուշտ)։ Ա. Պետրոսյանի եւ Հ. Խաչատրյանի պաշտպան Մ. Ղարագյոզյանը անհամաձայնություն հայտնեց մեղադրողի ելույթի առթիվ, նշելով, որ «մահապատիժը բացառիկ պատժամիջոց է, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք» եւ առաջարկեց ամբաստանյալներին ուղղվելու, վերադաստիարակվելու հնարավորություն տալ, որպեսզի «մի կորուստը երկու չդառնա»։ (Ի դեպ, դատաքննության ընթացքում նշվեց, որ սպանվածներից մեկի հարազատը, չդիմանալով ծանր կորստին, նույնպես մահացել է)։ Մեղադրողի ելույթի առթիվ բավականին խրոխտ ելույթ ունեցավ ամբաստանյալ Արկադի Սաֆարյանը, որը դատաքննության ընթացքում նշել էր, թե «կրակոց չպետք է լիներ, երբ եղավ՝ ես հեռացա»։ Այսպիսով, նա չէր ընդունում իր մեղավորությունը կատարված սպանությանը, չէր ընդունում իր՝ «օժանդակող» լինելու հանգամանքը. «Ինքը կրակել է։ Ես ինչո՞վ եմ օժանդակել 40 մետր հեռավորությունից»։ Նա միաժամանակ պնդում էր, որ իր վրայից վերցվի «ավազակության» հոդվածը եւ իր կատարածը որակվի «ավազակության փորձ»։ «Ես գնացել եմ կատարելու հանցագործություն։ Բայց արե՞լ եմ։ Ո՞վ է տուժել ինձնից։ Ո՞վ գիտի, որ ես հանցագործություն եմ կատարել»,- հռետորական հարցադրումներ էր անում Սաֆարյանը եւ նույնիսկ պահանջում, որ դատավորն իր հարցերին պատասխանի։ Անգամ «սպառնաց»՝ պաշտպանական ճառը եւ վերջին խոսքը չասել, մինչեւ իր հարցերին սպառիչ պատասխան չտրվի։ …Ի դեպ, այնքան էլ համոզիչ չի հնչում այն, որ 2 հոգին կարող էին մի ողջ մարզպետարան կողոպտել ու ավարը հանգիստ տեղափոխել (մարզպետարանում կատարած գողությունը Ա. Պետրոսյանը «մի շնչում» խոստովանեց, Հ. Խաչատրյանն էլ համաձայնեց նրա ցուցմունքի հետ)։ «2001թ. մայիսի 17-ին Ա. Պետրոսյանը եւ Հ. Խաչատրյանը դիմակավորված, զինվորական հագուստով, զինված, հրշեջ սանդուղքով բարձրանալով տանիք, մուտք են գործել Լոռու մարզպետարան, կապել պահակին, ապա էլեկտրական սղոցներով կոտրելով դռները եւ չհրկիզվող պահարանների փականները՝ գողացել են 6 համակարգիչ, տպիչներ, լազերային սկավառակներ, դրամ, հեռախոս, հեռուստացույց, գրքեր, հուշանվերներ, անձնական իրեր՝ 6 միլիոն 42 հազար 330 դրամ արժողությամբ»,- նշվել է մեղադրական եզրակացության մեջ։ Ի դեպ, դատաքննության ընթացքում նաեւ վկայություն հնչեց, որ մարզպետի աշխատասենյակից հանցագործները տարել են նաեւ հուշանվեր արծաթե թուրը։ …Դատաքննության ընթացքում պարզվեց, որ ամենից կայուն ամբաստանյալը Դավիթ Թումանյանն էր, որն, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում հրաժարվեց ընդունել այն մեղադրանքը, թե իբր հանցագործներին ինքն է զինվորական հագուստ տվել։ Նախաքննության ժամանակ նրա դեմ ցուցմունք տված ընկերները դատարանում հրաժարվեցին իրենց նախկին ցուցմունքներից։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր Հ. Գ. Հոկտեմբերի 8-ին դատարանը մահապատժի դատավճիռ կայացրեց Արամ Պետրոսյանի եւ Հակոբ Խաչատրյանի նկատմամբ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Հ. Հարոյանը դատապարտվեց 14, Ա. Սաֆարյանը՝ 10 տարվա, Դ. Թումանյանը՝ 1 տարվա եւ Քրիստինա Հարոյանը՝ 2 տարվա ազատազրկման։ Վերջինիս պատժի կիրառումը հետաձգվեց 2 տարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել