Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց սեփական թեկնածուի եւ անորոշ թեկնածուով

Հոկտեմբեր 12,2002 00:00

Առանց սեփական թեկնածուի եւ անորոշ թեկնածուով Երեկ ՄԱԱ հյուրն էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Լրագրողները ստիպեցին «ՕԵ» նախագահին դարձյալ անդրադառնալ Լ.Տեր-Պետրոսյանի նկատմամբ իր վերաբերմունքին. «Ես այսօր էլ եմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը շատ մեծ եւ դրական դերակատարում է ունեցել մեր երկրի կայացման հարցում՝ իբրեւ առաջին նախագահ: Ինչ վերաբերում է նրա վերադարձին՝ դա իր իրավունքն է: Բայց ես կարծում եմ, որ ե՛ւ ՀՀՇ-ն, ե՛ւ Լ.Տեր-Պետրոսյանն այսօր չունեն հասարակական այն վստահությունը, որը հնարավորություն կտար նրան վերադառնալ: Բայց վերադառնալու որոշում կայացնելու իրավունքը նրանցն է, ընտրություն կատարելու իրավունքը՝ հասարակությանը»: Կուսակցությունն արդեն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու, իսկ թե ում թեկնածությունն է պաշտպանելու, Ա.Բաղդասարյանի հավաստմամբ, կհայտարարվի նոյեմբերի վերջին, երբ տեղի կունենա կուսակցության համագումարը: Լրագրողներից մեկի այն հարցը, թե «ՕԵ»-ն համամի՞տ է այն քաղաքականության հետ, որ այսօր վարում է Ռ.Քոչարյանը, կուսակցության նախագահը շրջանցեց՝ խույս տալով ուղղակի պատասխանից. «Մենք պաշտպանում ենք նախագահի քաղաքական կուրսն այնքանով, որքանով դա համահունչ է մեր կուսակցության հռչակած ծրագրերին՝ ե՛ւ գլոբալ, ե՛ւ առանձին ոլորտների իմաստով, մի շարք ուղղություններով մենք համակարծիք չենք վարվող քաղաքականության հետ»: Ամփոփելով իր պատասխանը՝ Ա.Բաղդասարյանն արձանագրեց. «Չկա հստակ եւ պատասխանատվություն կրող համակարգ: Չի կարելի բոլոր թերությունների մեջ մեղադրել միայն Քոչարյանին, այնպես՝ ինչպես չի կարելի բոլոր դրական գործերը վերագրել միայն Քոչարյանին»: Ըստ նրա, վարվող քաղաքականության համար պատասխանատվություն պետք է կրեն նաեւ այն կուսակցությունները, որոնք 7-8 նախարարական պորտֆելով ներկայացված են կառավարությունում: Կուսակցության նախագահը՝ անդրադառնալով «16»-ի միավորմանը, հայտարարեց, որ, թեեւ կուսակցությունների միավորումն ընդհանուր առմամբ ողջունելի է, այդուհանդերձ, չի կարծում, թե այդ միավորմանը կհաջողվի ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել: Լրագրողների այն հարցին, թե՝ ինչո՞ւ, պրն Բաղդասարյանն արձագանքեց. «Ձեր բազմաթիվ հրապարակումները կարդալով՝ եկել եմ այդ եզրակացության: Չեմ կարծում, որովհետեւ կռիլովյան հայտնի առակի նման՝ սայլը յուրաքանչյուրն իր կողմը կձգի»: Նա նաեւ չբացառեց, որ ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապա, նրա կարծիքով, դրանք առանցքային նշանակություն ունեն՝ կապված նախագահական ընտրությունների հետ եւ այդ իմաստով «ե՛ւ նախագահը, ե՛ւ կառավարությունը պետք է շահագրգիռ եւ պատասխանատու լինեն այդ հարցում»: Վերադառնալով իր գլխավորած կուսակցության հետ դաշինք կազմելու հեռանկարին, Ա.Բաղդասարյանը հայտարարեց, որ «ՕԵ»-ն, ունենալով բազմաթիվ տարակարծություններ այլ կուսակցությունների հետ, միաժամանակ տարբեր խնդիրների շուրջ համագործակցությունը գերադասում է դաշինքներից եւ միտված չէ առաջիկայում որեւէ ուժի հետ դաշինք կազմել: Ա.Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացներին եւ կարծիք հայտնեց, թե դրանց մասին ավելի փաստարկված կարելի է խոսել նախագահական ընտրություններից հետո, միաժամանակ նկատեց, թե հարցը պետք է լուծվի ոչ թե ռազմատենչ հայտարարությունների, այլ՝ փոխզիջումների միջոցով: «ՕԵ» նախագահը հավաստեց նաեւ, թե առաջիկայում «ներքաղաքական հետաքրքիր ժամանակներ են սպասվում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել