Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ Է

Հոկտեմբեր 29,2002 00:00

ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ Է Սլովենիայի Բլեդ քաղաքում մեկնարկել է շախմատի 35-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են աշխարհի շուրջ 140 երկրների տղամարդկանց եւ կանանց հավաքականներ։ Մրցավայր են ժամանել նաեւ Հայաստանի թիմերը, որոնք հանդես են գալիս իրենց մարտական կազմերով։ Թերեւս, բացառություն է կազմում Ռաֆայել Վահանյանի բացակայությունը։ Ճիշտ է, նրա ներկայությունը համաշխարհային օլիմպիադայում ավելի կբարձրացներ մեր տղամարդկանց հավաքականի վարկանիշը, բայց նշենք, որ գուցե ժամանակն է ասպարեզը տրամադրել Գաբրիել Սարգսյանի պես երիտասարդին, որը վերջին շրջանում բավականին հաջող է հանդես գալիս միջազգային հեղինակավոր մրցաշարերում։ Մեր տղամարդկանց ընտրանին գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը։ Նրա հետ միասին Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում են նաեւ Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը եւ Գաբրիել Սարգսյանը։ Թիմի մարզիչն է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։ Կանանց հավաքականում մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ընդգրկել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Գոհար Հլղաթյանին եւ Լիլիթ Գալոյանին։ Բլեդում մեր երկու հավաքականներն էլ հաջող են մեկնարկել։ Առաջին տուրում տղաները 3,5։0,5 հաշվով առավելության են հասել Դոմինիկյան Հանրապետության, իսկ աղջիկները 3։0 չոր հաշվով հաղթել են չիլիացիներին։ Գաբրիել Սարգսյանը (այս տուրում մերոնք խաղում էին սեւերով) պարտության է մատնել Խոսե Դոմինգեսին, Արտաշես Մինասյանը՝ Նելսոն Ալվարադոյին, Աշոտ Անաստասյանը՝ Ալեքսիս դե Մոնտեին։ Միայն Կարեն Ասրյանն է միավորը բաժանել Ռամոն Մաթեոյի հետ։ Ինչ վերաբերում է աղջիկներին, Էլինան, Լիլիթ Մկրտչյանը եւ Գոհարը, համապատասխանաբար, հաղթել են Պաուլա Ռեյեսին, Մարիսոլ Կասերեսին եւ Դելենիս Բերիոսին։ Երկրորդ տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. տղամարդիկ՝ Հայաստան-Իսլանդիա՝ 2,5։1,5, կանայք՝ Ֆիլիպիններ-Հայաստան՝ 0,5։2,5։ Անհատապես մեր շախմատիստ-շախմատիստուհիները ունեցել են հետեւյալ ցուցանիշները. Վլադիմիր Հակոբյան-Հանես Ստեֆանսոն՝ 0,5։0,5, Գաբրիել Սարգսյան-Հեյգի Գրեթարսոն՝ 0։1, Արտաշես Մինասյան-Թորսուր Թորհալսոն՝ 1։0, Աշոտ Անաստասյան-Ստեֆան Քրիստիանսոն՝ 1։0, Հայոլի Արիան-Լիլիթ Մկրտչյան՝ 0,5։0,5, Մենդոզա Բեւերլի-Գոհար Հլղաթյան՝ 0։1, Լոմիբաո Ջոյ Շերի-Լիլիթ Գալոյան՝ 0։1։ Երկու տուրից հետ տղամարդկանց պայքարը 7,5 միավորով գլխավորում են Կուբան, Բուլղարիան եւ Հնդկաստանը։ Տասը թիմեր ունեն 7-ական միավոր։ Հայաստանը 6 միավորով առայժմ 21-րդն է։ Կանանց աղյուսակում 6 միավորով միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Ռուսաստանը։ Մեր աղջիկները 5,5 միավորով բաժանում են 2-9-րդ տեղերը։ Երեկ կայացավ երրորդ տուրը։ Մեր տղաները հանդիպեցին Կանադայի, աղջիկները՝ Ռումինիայի շախմատիստների հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031