Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող են զգալիորեն ընդլայնել տարածաշրջանային առևտրի հնարավորությունները։ Այս մասին հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Քայան, հայտնում է Region Monitor-ը։
Նրա գնահատմամբ՝ բաց սահմանների և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում Թուրքիայից Հայաստան և Հայաստանի հարևան երկրներ արտահանման ծավալը կարող է հասնել տարեկան 10 մլրդ դոլարի։ Միաժամանակ Քայան նշել է, որ սահմանի բացման հնարավոր տնտեսական օգուտները ճշգրիտ հաշվարկելը հեշտ չէ։
«Եթե պետությունները վերացնեն մեր միջև եղած պատերը, մենք՝ գործարարներս, շատ լավ կհասկանանք միմյանց։ Նախևառաջ պետք է բացվեն սահմանային անցակետերը, ընդ որում՝ ամբողջությամբ»,- ընդգծել է նա։
Ներկայացնելով Դիարբեքիրի տնտեսական ներուժը՝ Քայան նշել է, որ տարածաշրջանում զարգացած են գյուղատնտեսությունը, մետաղամշակումը, տեքստիլ արդյունաբերությունը, մարմարի և շինանյութերի արտադրությունը, ինչպես նաև շինարարությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններից նա առանձնացրել է զբոսաշրջությունը, ներդրումներն ու գործարարների փոխադարձ այցելությունները։
Քայայի գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանի, մասնավորապես՝ քուրդ ներդրողների համար կարող է դառնալ եվրասիական շուկաներ դուրս գալու կարևոր հարթակ։ Իր հերթին, Դիարբեքիրում ներդրումներ կատարելը հայ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու գործունեությունը դեպի Իրաք, Սիրիա և Մերձավոր Արևելքի այլ շուկաներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































