Լրահոս
Օրվա լրահոսը

«16»-ՈՒՄ ՄԻԱՄԻՏՆԵՐ ՉԵՆ

Նոյեմբեր 01,2002 00:00

«16»-ՈՒՄ ՄԻԱՄԻՏՆԵՐ ՉԵՆ «16»-ի միավորման քաղխորհրդի նիստում երեկ քննարկվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որոնց անհրաժեշտությունն առաջացել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը հաշվի առնելով: Մինչդեռ Հայկոմկուսի գրասենյակում հավաքված «16»-ի գործիչներին սեփական մարտավարությունը ճշտելու համար պիտի մտահոգեին նաեւ այն ահազանգերը, որ ստացվում են հոկտեմբերի 20-ի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուներից: Օրինակ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանը, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու էր, «անհասկանալի եւ անտրամաբանական» գնահատեց «16»-ի միավորման մեջ մտնող կուսակցությունների անգործությունը եւ հատկապես այն փաստը, որ իշխանությունը ներկայացնող թեկնածուներին, որոնք գալիք նախագահական ընտրություններում ապահովելու են Ռոբերտ Քոչարյանի քվեները, պաշտպանեցին Հայաստանի Կոմկուսը, «Հանրապետության» տեղական կառույցները, որոնք իրենց անձնական ու թաղային շահերը վեր դասեցին կուսակցության գաղափարներից եւ սկզբունքներից»: Կամ հայտնի էր, որ Կենտրոն համայնքի ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերն ԱԺՄ-ն ու Կոմկուսը տվել էին իշխանության թեկնածուին: Իսկ ընտրություններից հետո ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ թեեւ «Արտաշես Գեղամյանն ասաց, որ Կենտրոն համայնքում պաշտպանում է Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, բայց ընտրական հանձնաժողովներում ընդգրկված իր կուսակցության ներկայացուցիչներից՝ իրենց պահվածքից, կեցվածքից ու աշխատանքից, մենք բոլորովին էլ չզգացինք դա: Նրանք մատը մատին էլ չտվեցին, որեւէ քայլ չարեցին, որպեսզի կանգնեցնեն այդ տեղամասերում իրականացվող ապօրինությունները: Ուրեմն՝ կա՛մ թրծված չէին, կա՛մ վախկոտ էին, կա՛մ վաճառված, բայց դա արդեն կարեւոր չէ: Փաստն այն է, որ նրանք որեւէ կերպ չաջակցեցին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուն»: Սրանք մասնավոր դեպքեր են, բայց չե՞ն վկայում, որ եթե 16-ը շարունակեն այսպես անմիաբան գործել նաեւ հետագա ընտրություններում՝ լիակատար պարտությունն ապահովված է. այս հարցն էինք ուղղում նիստի որոշ մասնակիցների: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը չցանկացավ անդրադառնալ Լեւոն Գալստյանի պնդումներին. «Մենք չգիտենք՝ իրականում նա արե՞լ է նման հայտարարություն: Դեռ պետք է ճշտել: Հիշեցնեմ, որ «16»-ը հոկտեմբերի 20-ի ընտրությունների վերաբերյալ չէր ընդունել որոշումներ, եւ չունեինք ընդհանուր դիրքորոշումներ: Դա անիմաստ էլ էր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վճռորոշը տեղական շահերն են, ուստի դրանց չենք խառնվել»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հավելեց. «16»-ի քաղխորհուրդը որոշում ունի՝ միմյանց վերաբերյալ երբեք տեղեկատվություն չտալ: Իսկ այս նիստին չէին մասնակցում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչները, որ տեղեկանայինք՝ դա նրա՞նց որոշումն է: Լեւոն Գալստյանի վերաբերյալ ոչ «16»-ն է որոշում ընդունել, ոչ էլ առանձին կուսակցություններ: Համենայն դեպս, մեր կուսակցությունը որոշում չի կայացրել որեւէ թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ»: Ներկայացնենք նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի պատասխանն իրենց ներկայացված մեղադրանքներին. «Որոշում էինք ընդունել եւ լիազորել մեր շրջանային, քաղաքային կազմակերպություններին, որ իրենք կողմնորոշվեն տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուների պաշտպանության հարցում: Նրանք ավելի լավ գիտեն՝ ով է այդ թեկնածուն, ինչ է իրենից ներկայացնում, ինչ վաստակ, նվիրում ունի եւ այլն, որովհետեւ ես այստեղից չեմ կարող իմանալ՝ Սիսիանի կամ Գյումրիի թեկնածուներն ինչպիսի՞ն են: Բայց մենք այնտեղ ունենք կուսակցական հզոր կազմակերպություններ, որոնց դիրքորոշումները մեզ համար ընդունելի են»: Ալեքսան Կարապետյանը չհամաձայնեց, որ նման գործելակերպը վաղօրոք հարցական է դարձնում նաեւ հաջորդ ընտրություններում «16»-ի հաջողության հնարավորությունը. «Կտեսնեք, թե մենք ինչպես ենք պայքարելու ընտրական բոլոր թերությունների եւ սխալների դեմ: Եվ արդեն նախապատրաստում ենք օրենսդրական փաթեթ՝ ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Այժմ ամփոփում ենք այն թերությունները, որ նկատել ենք ընտրություններին մասնակցելիս: «16»-ն այս առումով մանրամասն, վերլուծական աշխատանք է կատարում, որը չեն կատարում թե՛ այլ կուսակցությունները, թե՛ ԿԸՀ-ն: Եվ դեռ կտեսնեք, թե ինչպիսի հակահարված կտանք նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք այնքան միամիտ չենք, որքան մեզ ցանկանում է ներկայացնել մամուլը»: «Չէի ասի, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը կարելի է զուգահեռել նախագահական ընտրություններին, որն ունի իր առանձնահատկություններն ու տարբերակումները,- նկատեց ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը:- «16»-ի հիմնական միասնական խնդիրը նախագահական ընտրություններին նախապատրաստվելն ու մասնակցելն է: Իսկ ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցածների վրդովմունքին՝ առաջին հերթին հենց այդ թեկնածուները պետք է փորձեին գործել, կանխել ապօրինությունները, եւ դրա արդյունավետությունն ավելի մեծ կլիներ»: Մի խոսքով՝ խեղդվողների փրկության գործն իրենց՝ խեղդվողների գործն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930