Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 07,2002 00:00

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Օրեր առաջ հերթական անգամ ականատես եղանք այն վայրենություններին, որոնք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես միշտ, մեր հասարակությունը որեւէ կերպ չարձագանքեց դրան, մի մասը, ավանդույթի համաձայն, հրճվանքով նայում էր, թե ինչպես են «մերոնք» կոտորում «թշնամուն», մյուս՝ փոքր մասը կարեկցանքով հասկանում էր, թե ինչ է կատարվում եւ ձեւ էր անում, թե որեւէ բան տեղի չի ունենում եւ այդպես էլ պետք է լիներ: Իրականում պետք է արձանագրել, որ Ռուսաստանը դեռեւս ապրում է միջնադարում, դրան բնորոշ օրենքներով, բարքերով, դաժանությամբ: Ի դեպ, այդ ամենը հավասարապես վերաբերում է երկու կողմին էլ՝ ե՛ւ չեչենական (անկախ իրենց կողմից բերված հիմնավորումներից եւ արդարացումներից), ե՛ւ ռուսաստանյան: Երկու կողմի համար էլ կոպեկի արժեք անգամ չունեն մարդկային կյանքը եւ անհատի ազատությունը: Երկու կողմն էլ, իրենց նպատակներին հասնելու համար, պատրաստ են միջոցների մեջ խտրություն չդնելով, զոհել հարյուրավոր մարդկանց կյանք: Ռուսաստանի իշխանությունների նմանօրինակ գործողությունները, ժողովրդավարական, ազատական արժեքներից ակնհայտ նահանջը, խոսքի ազատության սահմանափակման բազմաթիվ դեպքերը, ինչպես նաեւ վերջին տարիներին ձեւավորված վասալային հարաբերությունները Հայաստանի հետ տեղիք են տալիս լուրջ խորհելու, որ մի օր էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իբր ահաբեկչության դեմ պայքարելու միտումով, մեր «մեծ եղբայր», «դարավոր բարեկամ», «ստրատեգիական գործընկեր» Ռուսաստանը նույն ամբարտավանությամբ կզոհաբերի Հայաստանը, այնպես, ինչպես միշտ եղել է վերջին հարյուրամյակներում: Իսկ մենք կշարունակենք լռել, մեր «պայծառ» մտավորականությունը եւ քաղաքական «առաջադեմ» միտքը էլ ավելի մեծ արհավիրքից փրկվելու վաղանցիկ հույսով իր պարտքը կհամարի «Օրհնել էն սհաթը»: ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել