Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՆ ԴԵՌ «ՎԱԽԵՑԱԾ» Է

Նոյեմբեր 21,2002 00:00

ՎԿԱՆ ԴԵՌ «ՎԱԽԵՑԱԾ» Է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատակոչված վկա Արմեն Գասպարյանին դատական երրորդ նիստն է, ինչ չի հաջողվում հստակ եւ ճիշտ ցուցմունքներ տալ։ ԱԺ անցակետը պահպանող նախկին ոստիկանը ցանկացած միտք հայտնելիս «արդարանում» է, պատճառաբանելով իր վախն ու հոգեվիճակը։ Քրեական դատավարության օրենսգիրքն էլ, թարսի նման, չի նախատեսում մոմ թափող հրավիրել դատարան՝ վկայի վախը բռնելու համար։ «Վախենալու ի՞նչ ունեք,- երբեմն-երբեմն հարցնում էր Սամվել Ուզունյանը եւ ապա շարունակում,- ձեր վախը հաղթահարվե՞լ է։ Եթե շփոթվել եք 6-րդ վարչությունում, շփոթվել եք դատախազությունում, մի շփոթվեք դատարանում… Դեռ լավ է, որ վախի ազդեցության տակ ուրիշ բան չեք ասել»։ Հանրապետության կարեւորագույն օբյեկտը հսկող ոստիկանը վախեցել էր, տեսնելով ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի ինքնաձիգի փողը։ Այստեղ էլ մենք պիտի նկատենք, թե դեռ լավ է, որ ոստիկանը ուրիշ բան չէր տեսել։ «Վախի» ազդեցության տակ էլ նա խիստ հակասական, փնթի ցուցմունքներ էր տվել, հայտնելով, որ Նաիրի Բադալյանը մի անգամ է ԱԺ մտել, որ ամբաստանյալներ Էդիկ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանովը իր մուտքով են ԱԺ մտել։ «Շփոթել» էր ամբաստանյալների հագուկապը, հայտնելով, որ նրանք բաճկոնով են եղել, փողկապներով։ Ա. Գասպարյանը կեղծ ցուցմունք էր տվել (6-րդ վարչությունում, ուր, ինչպես ինքը երեկ պնդեց, իրեն ոչ ոք ոչինչ չի թելադրել կամ պարտադրել), թե ճանաչել է ամբաստանյալ Ն. Հունանյանին։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցին էլ, թե ինչ անհրաժեշտություն կար, որ գրել եք, թե ճանաչում եք, պատասխանեց այսպես. «Ընենց ասել եմ, որ որպես ժուռնալիստ ճանաչում եմ»։ «Ընենց» ասողն էլ «ընենց» ԱԺ-ն է պահպանել։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը վկայակոչեց ամբաստանյալ Ն. Հունանյանի 2001թ. մայիսի 14-ի դատաքննական ցուցմունքը, որի ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, որ «նա (Էդիկը) չպետք է թույլ տար, որ ոստիկանը հեռանա եւ չպետք է թողներ որեւէ տեղ զանգի»։ Դատավորի հարցին էլ, թե ինչպե՞ս, ամբաստանյալը պատասխանել էր. «Բնականաբար՝ զենքով…»։ Երեկ կարենհունանյանական խաղեր (հարկի-անհարկի վեր-վեր թռչող) տվող ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը սխալ հանեց իր բախտակից ամբաստանյալ ընկերոջը, ասելով. «Թե նա ինչ է մտածել, դա այլ հարց է, թե ինչ եմ արել ես՝ այլ հարց»։ Մեղադրողները այդպես էլ չստացան հստակ պատասխաններ, մասնավորապես, այսօրինակ հարցերին. «Ինչո՞ւ դասակի հրամանատար Արթուր Հակոբյանի ձայնելուց հետո, թե դուռը փակիր, նա ձեզ օգնության չհասավ, ինչո՞ւ դուք էլ չկանչեցիք Արթուր Հակոբյանին, ռադիոկապով խոսելիս ինչո՞ւ չասացիք, որ գային օգնության, ինչո՞ւ եք զինված մարդկանց ԱԺ տարածք թողել, ճի՞շտ է ասում Էդիկ Գրիգորյանը, թե շենքից դուրս եկավ մի մարդ եւ կարգադրեց միլիցիոներներին, ովքե՞ր էին միլիցիոներները, ե՞րբ եք ձեր վերադաս Ռուբեն Գրիգորյանի հետ կապ հաստատել, ովքե՞ր էին ԱԺ-ից դուրս եկողները»։ Իմիջիայլոց, ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, հայտնելով, որ երբ իրենք ներս են մտել, ԱԺ շենքի կողմից իրենց կողմն են վազել քաղաքացիական հագուստով անձինք եւ ոստիկաններ։ Ամբաստանյալն այս կապակցությամբ երեկ ասաց. «Ես նման ցուցմունք չեմ տվել, տեսել եմ, որ շենքից փախել են դեպի Բաղրամյան, Դեմիրճյան փողոց, պնդում եմ, որ դեպի մեզ չեն վազել»։ Մի ճշտում էլ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանն արեց, երբ վկան ասաց, որ Էդիկն ուղիղ քայլելով չի գնացել, որ «իրանք աստիճանների վրա վազում էին»։ «Ուզում էի արագ գնալ,- ասաց Է. Գրիգորյանը,- ինձ չէր հաջողվում։ Ես չեմ վազել եւ չեմ կարող ասել, թե Ա. Գասպարյանը ինչու է այդ տպավորությունը ստացել»։ Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալ Գրիգորյանն ասել էր, որ հասնելով աստիճաններին, անակնկալի գալով՝ չի վազել։ Առավոտյան ամբաստանյալ Ն. Հունանյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ՝ «նախորդ նիստի հետ կապված» (հիշեցնենք, որ հեռացվեց կրտսեր Հունանյանը)։ Դատավորը իրազեկեց, որ դատարանի որոշումը չի քննարկվում։ Ամբաստանյալը գոռալով փորձում էր բողոքարկել նախագահի «անօրինական» գործողությունների դեմ։ Ընտրված մարտավարությունը՝ ձախողել նիստը, չհաջողվեց։ Եվ նիստի վերջում էլ բացարկը դատավորին՝ չփոխեց իրավիճակը։ Երեկ, ընդմիջումից հետո վկայի ճնշումը բարձրացել էր եւ չկարողացավ շարունակել իր ցուցմունքները։ Այս վկայի համար տիպիկ կլինի ճանաչված հոգեբան Հովսեփ Թութունջյանի «Հոգեբանական էտյուդներ» գրքի հետեւյալ հատվածը. «Երբ միտքը անորոշ, ոչ կոնկրետ ու չպատճառաբանված ձեւով վախի է ենթարկում հանդիպած ամեն մի երեւույթ կամ փաստ, վախը կրում է ընդոծին բնույթ։ Այդ դեպքում վախը համարյա հավասար չափով պատահաբար ու աննպատակ ընկնում է ուսումնասիրվող երեւույթի բոլոր կողմերի վրա՝ անկախ նրանից, թե դրա համար տրամաբանական հիմք կա՞, թե՞ ոչ։ Այդպիսի վիճակը հեղհեղուկ է, զուրկ տրամաբանական եւ զգացմունքային հիմքից։ Ստուգումից հետո նա ունենում է ժխտվելու մեծ հնարավորություն։ Այդպիսի վախ ունեցող մարդը մտքերի հակասություն ու բախում է տեսնում այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեն եւ, ընդհակառակը, չի տեսնում իրական հակասությունները»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել