Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Նոյեմբեր 26,2002 00:00

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Չորս տարբերակից՝ առաջինը «Ընդգծելով առանցքային հարցերում ՀՅԴ-ի եւ ՀՀ գործող նախագահի տեսակետներում ընդհանուր եզրերի առկայությունը, ինչպես նաեւ երկրում առկա դրական միտումներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելու, բացասական երեւույթների դեմ վճռականորեն պայքարելու սկզբունքային համաձայնությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում է՝ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»։ Այս մեջբերումն արվեց ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունից, որը երեկ Արմենպրեսի սրահում ԶԼՄ-ներին ներկայացրին ԳՄ վերընտիր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւ ԳՄ վերընտիր անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։ Պարոնայք հայտարարեցին, որ կարելի է արձանագրել, թե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանվել է «գրեթե միաձայն», չհերքվեց, սակայն, որ եղել են նաեւ «դեմ» եւ «ձեռնպահ» կարծիքներ, որոնք, սակայն, ըստ դաշնակցականների՝ փոքրամասնություն են կազմել։ Արդյո՞ք կուսակցության ժողովը միայն մեկ թեկնածուի է քննարկել, թե՞ եղել են նաեւ այլ տարբերակներ։ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ. «եղել է չորս տարբերակ. մեկը Ռ. Քոչարյանին պաշտպանելն էր, մյուսը՝ մեր սեփական թեկնածուով հանդես գալն էր, հաջորդը՝ ընդդիմության դաշտին հետեւելը եւ նրա նկատմամբ դիտարկումներն ու որոշակի հաստատումները կատարելը, եւ չորրորդ տարբերակը՝ ընդհանրապես չեզոք մնալը։ Բոլոր տարբերակները մանրամասն վերլուծվել են, եղել են գրեթե 70 ելույթներ»։ Փաստորեն, ՀՅԴ-ն թվով երրորդ կուսակցությունն է (ՀԺԱՄ-ից եւ «Հաղթանակ»-ից հետո), որ հայտարարեց, թե պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Ըստ ամենայնի, Քոչարյանը կառաջադրվի քաղաքացիական նախաձեռնությամբ, այլ ոչ թե այս կամ այն կուսակցության առաջադրմամբ։ Թերեւս, սրանով Քոչարյանը փորձում է քիչ թե շատ «անկախ» երեւալ իրեն պաշտպանողներից, իսկ պաշտպանողներն էլ իրենց հերթին են «անկախ» ձեւանում, որովհետեւ ոչ թե առաջադրում են Ռ. Քոչարյանին, այլ՝ պաշտպանում։ Իսկ ի՞նչ ակնկալիքներով է ՀՅԴ-ն պաշտպանում Ռ. Քոչարյանին. արդյո՞ք նոր եւ ավելի «չաղլիկ» պորտֆելների։ «Առավոտի» այս հարցին Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց՝ մենք առեւտուր չենք անում։ Ուրեմն կարելի է ենթադրել, թե ակնկալիքները երկուստեք արդեն հստակեցված են եւ առեւտրի կարիք այլեւս չկա։ Սա մեր տեսակետն է, իսկ Արմեն Ռուստամյանը փորձում էր ասել՝ «պորտֆելներ-մորտֆելներ մոռացեք, Դաշնակցությունն առեւտուր չի անում որեւէ մեկի հետ, Դաշնակցությունն ակնկալում է բոլոր այս խնդիրների լուծումը, որ երկրի առաջ կանգնած են, ուրիշ որեւէ ակնկալիք Դաշնակցությունը չունի»։ ՀՅԴ-ն իր որոշումը բացատրեց նաեւ այսպես. Քոչարյանի իշխանության տարիներին Արցախի հարցի առնչությամբ «այս իշխանությունները երբեք չեն կատարել քայլ, որը հակասի ՀՅԴ պատկերացումներին։ Հաջորդը՝ Հայ Դատի խնդիրն է. գիտեք, որ իսկապես պետական մակարդակով հետապնդվում են Ցեղասպանության խնդիրները։ Եվ վերջապես՝ եվրոպական չափանիշներին հարիր այն առաջադեմ արժեքային համակարգը, դեպի որը երկիրը սկսել է շարժվել։ Սրանք ցույց են տալիս, որ ուղեգիծը ճիշտ է ընտրված, այլ բան է, որ շարժումն անբավարար է»։ ՀՅԴ-ն երկրորդ անգամ (1998, 2003) պաշտպանելով Ռ. Քոչարյանին, ոչ միայն քաղաքական հենարան է դառնում, «այլ՝ համատեղ, միասին այս քաղաքական ուղեգիծը շարունակելու եւ բացասական երեւույթները վճռականորեն վերացնելու պատասխանատվություն եւ պարտավորություն ենք ստանձնում»։ Եվ եթե որեւէ մեկը երբեւէ Դաշնակցության որդեգրած ուղղություններին հակառակ ուղղություն վարի, ապա «Դաշնակցությունը կդառնա արմատական ընդդիմադիր, անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ»։ Ըստ ՀՅԴ ներկայացուցիչների՝ որքանո՞վ է ռեալ Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելու հնարավորությունը. «սա թողնենք սոցիոլոգներին, իսկ մենք համարում ենք, որ մեր ընտրությունը երկրի համար ճիշտ է, որ շարունակելով ընթացքը, երկիրը նորից վերընտրի գործող նախագահին, որպեսզի նա կարողանա իրանակացնել ամբողջությամբ այն ամենը, ինչի համար նվիրված աշխատել է եւ շարունակելու է աշխատել։ Իսկ հիմնական խնդիրը, ընտրությունների հետ կապված, այն է, որ երկրում ձեւավորվի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմ։ Այս ավանդույթը պետք է ձեւավորել երկրում։ Եվ ժողովուրդը որ նախագահին էլ այս ընտրությունների ընթացքում ազատորեն ընտրեց, դա կլինի ՀՀ նախագահը։ Մենք մեր այս պաշտպանությամբ չենք փորձում հակադրվել մյուս թեկնածուներին, քավ լիցի։ Թող լինի ազատ, գաղափարական, քաղաքակիրթ պայքար, եւ մենք միայն կողջունենք այդպիսի պայքարում հաղթած թեկնածուին։ Բայց մենք պաշտպանելու ենք Ռոբերտ Քոչարյանին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել