Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԻՄԱԴՈՆՆԱՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՐԱԶՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 04,2002 00:00

ՊՐԻՄԱԴՈՆՆԱՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՐԱԶՆԵՐՈՎ Անահիտ Մխիթարյանի երկար սպասված մենահամերգը կայացավ Երգեցողության վիրտուոզ ազատություն, կատարողական լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւություն, ասել է թե՝ օդեղեն պիանո եւ որոտընդոստ ֆորտե, մեղմ քամու հնչյուններ, որոնք ապշեցնում են տեխնիկական կատարելությամբ, երգեցողության իմպրովիզացիոն ազատություն, բայց եւ ձեւի հստակ գծագրություն, որը բացառում է կատարողական որեւէ կամայականություն։ Այսպես, միջազգային մրցույթների դափնեկիր (ի դեպ, մասնակցություն երեք մրցույթների եւ միայն 1-ին մրցանակ, Ոսկե մեդալ եւ Գրան պրի), Երեւանի Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանն աշխարհի (Ավստրալիա, Անգլիա, Շվեդիա, ԱՄՆ, Ավստրիա, Բրազիլիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ֆրանսիա եւ այլն) լավագույն բեմերը նվաճած երգչուհին խոստովանում է. «Կատարողական արվեստը հանդիսատեսից թաքուն արցունքներ ունի»։ Այսպիսի «թաքուն արցունքներով» է օժտված նրա գործը եւ այդ արցունքը սրբում է այն մարդկանց ժպիտը, ում ուղղված են նրա տքնությունն ու հույսերը։ Երգչուհու երազանքը ծովն է եղել, այն էլ՝ ալեկոծ։ Ինչպես ինքն է ասում. «Հիմա էլ տարված եմ Այվազովսկու ծովերով ու դրանց ալիքներով»։ Եվ նրա երազներում միշտ միմյանց են հանդիպել նավն ու օվկիանոսը ու սկսվել է փոթորիկ։ Մի խոսքով՝ կռիվ տարերքի դեմ։ Նավը խփվել է ժայռերին, ալիքները հասել են կայմին, ծովի մոլեգին տարերքը խստացրել է ամպրոպն ու կայծակը, բայց նավը կռվել է ու կռվել: Հետո, ինչպես բոլոր երազներում, փոթորիկը խաղաղվել է եւ հոգնած, բայց հաղթանակած նավը հասել է ափ։ Երգչուհին այսօր մտորում է. «Չգիտեմ, դավաճանեցի՞ ես մանկությանս երազանքին»։ Հնչյունների աշխարհն էլ հիշեցնում է ծովը, ավելին՝ ալեկոծ ծովը, ուր մարդկային հոգու բոլոր մակընթացություններն ու տեղատվությունները կարծես սուզված են երաժշտության մեջ։ Դասական, յուրաքանչյուր մեծ կամ փոքր կտավի ստեղծագործություն ներկայացնելիս կատարողին համակում է ալեկոծ ծովի հետ հանդիպման տագնապը։ Եվ երգչուհին այստեղ իրավացի է, ասելով. «Ունկնդիր ասվածը ծովի պես առեղծված է։ Մինչեւ չսուզվես, չես իմանա ծովի խորությունը, բայց եւ հմուտ լողորդ չեղար՝ ծովի հատակից չես էլ բարձրանա»։ Անկասկած, դա այդպես է։ Բայց երաժշտությունն էլ իր կայուն օրենքներն ունի եւ կատարողական արվեստն էլ առաջնորդվում է գիտական ստույգ օրենքներով, սակայն կա մի բան, որ այդ օրենքներից դուրս է, դա երեւի հենց այն է, ինչը կոչվում է կամ կոչում ենք «արվեստի հրաշք»։ Երգչուհու խոսքերով. «Երազում էլ է լինում հրաշք։ Օրինակ՝ չգիտես, թե ինչպես ես ծովի հատակից բարձրանում…»։ Ու դարձյալ նրա «պնդմամբ», այսպես է կատարվում այդ «հրաշքը». «Որպես կանոն՝ ներկայացման կամ համերգի վերջում է, երբ կատարողը, ունկնդիրը, եթե կուզեք՝ դահլիճը, ջահերը, աթոռները, ամեն ինչ հունցվում է երաժշտության մեջ։ Իսկ սկզբում՝ մենք անջատ-անջատ ենք եւ բոլոր ջանքերը ուղղվում են միանալուն, ձուլվելուն, միմյանց մեջ լցվելուն։ Սա էլ է, չէ՞, երազի նման մի բան»։ Երեւանի օպերային թատրոնի բեմում երգչուհին, կարծես երազում, մեկ Անուշ է (Տիգրանյանի «Անուշում»), մեկ՝ Դեզդեմոնա (Վերդիի «Օթելլոյում»), մեկ՝ Օլիմպիա (Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», մեկ՝ Նորմա (Բելինիի «Նորմայում»)… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Կինոյի տան սրահում օրերս կայացավ երգչուհի Անահիտ Մխիթարյանի երկար սպասված մենահամերգը։ Նրան «ընկերակցեց» Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Այդ երեկո, անսամբլային մեծ համաձայնեցվածության շնորհիվ չխախտվեց մեներգչուհու ու նվագախմբի համագործակցությունը։ Բարձրակարգ կատարումներից բավարարված ունկնդիրը հեռանում էր սրահից, երազելով երգչուհուն տեսնել (հնարավորինս՝ շուտ) իր տանը՝ օպերային թատրոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել