Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրակա՛ն ընդդիմությունը միասնական է»

Դեկտեմբեր 06,2002 00:00

«Իրակա՛ն ընդդիմությունը միասնական է» Վստահեցնում է Ստեփան Զաքարյանը Խորհրդարանական վերջին ճեպազրույցներում սենսացիոն հայտարարություններ չարվեցին։ Թերեւս, արժե հիշատակել ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանի հայտարարությունն այն մասին, որ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի ստեղծումը «16»-ի ներսում արտառոց չէ, եւ Կոմկուսն արդեն քանի տարի ձգտում էր նման դաշինքի, իսկ այն, թե ստորագրե՞լ է Վլ. Դարբինյանը դաշինքի ստեղծման մասին որեւէ փաստաթղթի տակ, թե՞ ոչ, Գ. Թադեւոսյանը չի կարեւորում, ինչպես նաեւ չի կարեւորում ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ Կենտկոմի բյուրոն դաշինքի մասին հարց չի քննարկել եւ, որ Կոմկուսը որեւէ նման դաշինքի մեջ չէ։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից (որը սովորաբար խիստ բազմամարդ է ներկայացվում ճեպազրույցների ժամանակ) եկավ եւ խոսեց միայն Աղասի Արշակյանը, որն, ի դեպ, նախագահության թեկնածու Արտաշես Գեղամյանի վստահված անձն է ԿԸՀ-ում։ Պրն Արշակյանի հայտարարության մեխը կարելի է համարել հետեւյալ առաջարկը՝ ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» ճիշտ կանեն՝ միանան Ժողովրդահայրենասիրական դաշինքին, միասնական թեկնածուն, հասկանալի է, կլինի Արտաշես Գեղամյանը, եւ այդկերպ ավելի հեշտ կլինի մեկ փուլով հաղթել Ռոբերտ Քոչարյանին։ Աղասի Արշակյանն իր վրա վերցնելով կոորդինատորի առաքելություն, հայտարարեց, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տեղը ԱԺ նախագահի պաշտոնն է. «Արտաշես Գեղամյանը հասարակական քաղաքականությամբ զբաղվելու ավելի մեծ փորձ ունի, եւ, կարծում եմ, այլ ասպարեզներում էլ նրա փորձն անհամեմատ ավելի մեծ է, քան ձեր նշած թեկնածուի։ Դրա համար մենք պետք է խնդրենք, ես՝ անձամբ, ջանք ու եռանդ եմ գործադրելու, որպեսզի պրն Ստեփան Դեմիրճյանին համոզեմ՝ դառնալ ապագա ԱԺ նախագահ, եւ այդ ուղղությամբ մենք միասնաբար շարժվենք։ Ոչ թե նրա համար, որ ինքն իր հոր նախկին պաշտոնի համար լրիվ արդեն պատրաստ է, այլ վերջին երեք տարվա ընթացքում ԱԺ նշագիծն այնքան է իջեցվել, որ ԱԺ նախագահ կարող են շատ մարդիկ դառնալ ապագայի խորհրդարանում, եւ նրանց մեջ, գուցե քաղաքական նկատառումներով, առաջին հերթին հենց Ստեփան Դեմիրճյանը»։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն այս կապակցությամբ ասաց, թե բացառվում է, որ ՀԺԿ-ն միանա վերոհիշյալ դաշինքին, եւ. «ինչպես ցույց տվեց «Հանրապետական» կուսակցության համագումարը՝ իրակա՛ն ընդդիմությունը միասնական է»։ Թերեւս, խիստ թափանցիկ է Ստեփան Զաքարյանի կարծիքն իրական ընդդիմության մասին, եւ այլ ելք չի մնում, քան ակնկալիքը, թե մի օր կպարզվի՝ ով ով է։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ ընտրությունները կանցնեն մեկ փուլով, առաջին տեղը կզբաղեցնի Ռ. Քոչարյանը, չորրորդ տեղը՝ Արշակ Սադոյանը։ Պրն Սահակյանը կրկնեց մեզ հետ զրույցում առաջինն արտահայտած այն միտքը, թե Ժողովրդահայրենասիրական դաշինքի ձեւավորմամբ քաղաքական դաշտը հստակեցվեց, եւ միասնական թեկնածուի հարցում հաղթել է Արտաշես Գեղամյանը, եւ ինքը կառուցողական ընդդիմություն է։ Գալուստ Սահակյանին ձեռնտու է, որ Ռ. Քոչարյանի մրցակիցը լինի Արշակ Սադոյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ նախագահության թեկնածուների շքերթում «կան թեկնածուներ, որոնք չեն գիտակցում պատասխանատվությունը, պաշտոնի լրջությունը, կամ չեն հարգում իրենց ժողովրդին։ Բայց կան 3-4 թեկնածուներ, որոնք, կարծում եմ, որոշակի էլեկտորատ ունեն, մոտավորապես՝ հավասար։ Սակայն ակնհայտորեն, գոնե այսօրվա վիճակով, գործող նախագահի ցուցանիշը մի քանի անգամ բարձր է նրանցից։ Տեսնենք, ես չեմ բացառում, որ իսկապես, եթե գործող նախագահին սատարող ուժերը կարողանան կազմակերպված, համախմբված եւ ճիշտ ընտրարշավ կազմակերպել, առաջին փուլով կավարտվեն ընտրությունները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել