Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է «ԻՆՏԵՐՊՈԼ»

Դեկտեմբեր 06,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է «ԻՆՏԵՐՊՈԼ» Ինչպես հայտնում է «Նեզավիսիմայա գազետան», Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ երկրի իշխանությունները քրեական գործ են հարուցում Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանի դեմ: Գուլիեւը նշել է, որ Ղուկասյանը ղեկավարում է ադրբեջանական օկուպացված տարածքներում գործող սեպարատիստական ռեժիմը, եւ նրա հանդիպումներն արտասահմանյան ներկայացուցիչների հետ բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման վրա: Ուստի Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ԼՂՀ ղեկավարին հայտարարել միջազգային հետախուզման մեջ «Ինտերպոլի» գծով: Ադրբեջանի այդ քաղաքական ակցիան մեկնաբանելու խնդրանքով «Առավոտը» դիմել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: «Նման հայտարարությունները, անկախ նրանից, թե ինչպիսի գործնական հետեւանքներ են ունենալու, ուղղակի հետեւանք են Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում վարած քաղաքականության: Հիմնական թեզն այստեղ այն է, որ Ղարաբաղի հարցը ոչ միայն ինքնորոշման խնդիր է, այլ նաեւ տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Գիտեք, որ իշխանությունները որպես փաստարկ բերում են պատմական այն իրողությունը, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Երբ դուք ներկայացնում եք պատմական փաստարկներ՝ 1918-20 թվականներ, անկախ Ադրբեջան, անկախ Հայաստան, դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից դիտվում է որպես տարածքային վեճ: Լավ է դա թե վատ, այս պահին չենք քննարկում, բայց միջազգային հանրության մոտեցումը սա է: Եթե դա տարածքային վեճ է, ապա նույն միջազգային ատյանները կարող են բնութագրել ղարաբաղյան հայերի շարժումը որպես սեպարատիստական: Այսինքն՝ հետին պլան մղելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, ՀՀ իշխանություններն իրենք տվեցին Ադրբեջանի ձեռքն այս խաղաքարտը: Երկրորդ կարեւորագույն հանգամանքն այն է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների գլխավոր ֆորմատը դարձել են Ալիեւ-Քոչարյան երկկողմանի հանդիպումները: Ղարաբաղն այստեղ չկա, Հայաստանի առաջին դեմքը բանակցում է առանց Ղարաբաղի հայերի՝ այդպիսով ընդունելով, որ խոսքը գնում է երկու երկրների միջեւ տարածքային վեճի մասին: Դա եւս հիմք է տալիս Ադրբեջանին՝ ԼՂՀ ընտրված իշխանություններին անվանել «սեպարատիստներ»: Կարող եմ ենթադրել նաեւ, որ Ադրբեջանի «Ինտերպոլ» դիմելու ցուցակում Արկադի Ղուկասյանը վերջինը չէ»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել