Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԻՄ ՊԱՏՎԻ, ՄԵԴԱԼԻ, ԿԱՄՊԱՆԻ ՀԱՄԱ

Դեկտեմբեր 06,2002 00:00

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԻՄ ՊԱՏՎԻ, ՄԵԴԱԼԻ, ԿԱՄՊԱՆԻ ՀԱՄԱ Երեկ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի ձեռքով Վաղարշակ (նույն ինքը՝ Վիգեն) Չալդրանյանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալ։ «Առիթ էի ման գալիս, որ էս հաճելի արարողությունը կատարեմ»,- ասաց մշակույթի նախարարը, հավաստիացնելով, որ օտարազգի արվեստագետների հետ շփումներից պարզել է, «թե ի՜նչ մեծ հեղինակություն ունի «Լռության սիմֆոնիան» հատկապես ֆրանսիացի հանդիսատեսի շրջանում»։ Շոյված փառասիրությունը մի կերպ զսպելով՝ Վ. Չալդրանյանն իր հերթին «արդարացավ». «Քանի տարի է որոշում են այս պարգեւը հանձնել՝ չի ստացվում, գիտեն, որ ինձ բռնելը դժվար է՝ շարունակ շրջագայությունների մեջ եմ, դրա համար էլ ստիպված ասուլիսի ժամանակ են հանձնում»։ Ի դեպ, պարոն Չալդրանյանը ասուլիս հրավիրելու մտադրություն չէր էլ ունեցել։ Պարզապես այդ մասին իրեն խնդրել են, այո, եւ այն էլ՝ քանի՜ հոգի. է՛լ Բրազիլիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, է՛լ Բելառուսում Հայաստանի դեսպանը։ Դեռ մի բան էլ նամակներ են ուղարկել մշակույթի նախարարություն ու պահանջել, որ լուսաբանվի, թե ինչ հաջողություններ է ունեցել Սան Պաոլոյի ու Մինսկի կինոփառատոներում «Լռության սիմֆոնիան»։ Վ. Չալդրանյանն էլ ստիպված վերցրել ու համաձայնել է։ Եվ ահա արդյունքը՝ ասուլիս, ուր հանդիսավոր կերպով էլ հանձնեց այս տարվա նոյեմբերի 23-29-ը «Լիստապադ- 2002» միջազգային կինոփառատոնի ժյուրիի՝ «Լավագույն տղամարդու դերի համար» Միքայել Պողոսյանին շնորհված մրցանակը։ Վ. Չալդրանյանը տեղեկացրեց, որ այդ կինոփառատոնին իրենց ֆիլմերն էին ներկայացրել նաեւ այնպիսի հանրահայտ կինոռեժիսորներ, ինչպիսիք են Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին, Կիրա Մուրատովան, Ալեքսանդր Ռոգոժկինը, Վալերի Ռուբինչիկը, Իգոր Մասլեննիկովը եւ ուրիշներ։ Եվ, ի զարմանս Վ. Չալդրանյանի (որը շատ վատ է զգացել կինոյի իր ուսուցիչների հետ մրցելուց), օրինակ, Կիրա Մուրատովան ու հայր եւ որդի Կոնչալովսկիները մրցանակ չեն շահել, իսկ իր ֆիլմը միանգամից երկուսն է ստացել. մեկը՝ «Լավագույն համամարդկային ֆիլմի», մյուսը՝ «Լավագույն տղամարդու դերի» համար։ Վ. Չալդրանյանը իր ֆիլմի դափնիները «համեստաբար» վերագրեց ողջ հայ կինոյին։ Այն, որ «Լռության սիմֆոնիան» բացել է «Օսկարի» դռները ու ներկայումս էլ չի իջնում Փարիզի ու Սան Պաոլոյի էկրաններից, համարեց հայ կինոյի նվաճումն ու պարծանքը։ Ըստ նրա, ֆիլմը գնել են Բելգիան, Բուլղարիան, բանակցություններ են սկսվել նաեւ բրիտանացիների հետ։ Իր բոլոր մրցանակները լրագրողներին անձամբ մեկ առ մեկ ցույց տալուց հետո, Վ. Չալդրանյանը նաեւ ներկայացրեց Փարիզի մշակութային կյանքը լուսաբանող հեղինակավոր ամսագրերից մեկում տպագրված ցուցակը, որտեղ ֆրանսիացի կինոքննադատները բարձրագույն գնահատականի էին արժանացրել աշխարհի 300 ֆիլմերից 25-ը։ Ցուցակը գլխավորում է «Մետրոպոլիսը», 8-րդ տեղում է «Լռության սիմֆոնիան», իսկ 21-րդում՝ Էգոյանի «Արարատը»։ Ներկայումս կինոռեժիսորն աշխատում է Պեր Լագերքվիսթի «Սիբիլլա» վեպի թեմայով գրված սցենարի վրա, որը պատրաստվում է էկրանավորել։ Ըստ նրա, այն նախատեսված է նկարահանել 2003-04 թվականներին, թեեւ նախկին տարիներին պիտի նկարահանվեր պետպատվերով, սակայն շարունակ փոփոխվող մշակույթի նախարարները խանգարել են ֆիլմի ստեղծմանը, որովհետեւ այն ծախսատար են համարել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել