Լրահոս
Օրվա լրահոսը

Սանրվածքը՝ հոգու հայելի՞

Դեկտեմբեր 07,2002 00:00

Սանրվածքը՝ հոգու հայելի՞ Սանրվածքի կամ հագուստի ու դրա գույնի ընտրությունը համահունչ են տվյալ հագուստն ու սանրվածքը կրող անձի ներքին բովանդակությանը, պահվածքին: Որոշ հայ չինովնիկների եւ գործարարների թիկնապահներ, վստահ ենք՝ նկատել եք, վերջին ժամանակներս նոր սանրվածքներով են շրջում՝ սափրած գլուխներով: Մեզանում խիստ տարածված այս երեւույթի զարգացման պատճառները, թերեւս, մի քանիսն են: Նախ, շնորհիվ այդ սանրվածքների, վերջապես թիկնապահներին հնարավոր եղավ տարբերել իրենց տերերից: Սա եւ լավ է, եւ վատ՝ տերերի անվտանգության համար, բայց մերոնք ամեն բանի արտաքին ազդեցիկությունն են գնահատում: Ակամայից ամեն մարդ վախ կզգա՝ տեսնելով առջեւից սուրացող տիրոջը եւ հետեւից շտապող՝ չափերով մեծ ու սափրած գլուխներով տղաներին: Օրերս մի զավեշտական տեսարանի ականատես դարձա, երբ երկու գործարարներ երեկոյան ուշ ժամի Օպերայի շենքին հարող անցումներից մեկով էին ճեմում՝ փողոցի երթեւեկությունը կանգնած: Քիչ մնաց երթուղային տաքսի նստեին: Ռուսաստանում այս տարվա ընթացքում «սափրած գլուխների» /Կրասնոդարի դեպքերը հիշենք, երբ «սափրած գլուխները» ոտնձգություններ կատարեցին հայկական գերեզմանատանը/ հայտնի ոտնձգություններից հետո մազերի այդ սանրվածքը մոդա դարձավ: Ինչպես, օրինակ, արտասահմանյան մի շարք մոդելյորներ Բեն Լադենի ահաբեկչությունից հետո տեռորիզմի թեմաներ որսացին հագուստների իրենց նոր հավաքածուների համար: Լավ է, որ մերոնք սազական չհամարեցին Բեն Լադենի մորուքի ձեւը: Արդյոք միայն արտաքի՞նն է որդեգրվում: Պատասխանը միանշանակ չի կարող լինել: Կան, որ սանրվածքը չեն վերցրել, բայց պահվածքն է համահունչ: Բավական է, որ տերը աչքի թեթեւակի նշան ցույց տա եւ թիկնապահները կհոշոտեն. հիշենք «Պապլավոկ» սրճարանի դեպքը, մինչեւ օրերս Գյումրիի քաղաքապետի թիկնապահների բռնությունները «ՀԺ» օրաթերթի լրագրողի հանդեպ: Եվ բոլորովին անտեղի չէ Դավիթաշենում վերջերս տեղի ունեցած զինված ընդհարումները հիշատակելը: Մամուլն էլ աղաղակեց Դավիթաշենում ծագած զինված կոշտ ընդհարման մասին, դրանից ավելի շուտ՝ նոյեմբերի սկզբին Դավիթաշենի թաղապետին ծեծի են ենթարկում, որի դեմ մեր իրավապահ մարմինները միջոցներ չձեռնարկեցին, մինչեւ բանը հասավ հրապարակավ մարդասպանությունների: Մեզ հասած աղբյուրներով, վերջին դեպքերի պատճառը երթուղային տաքսիների որոշ գծերի մենաշնորհի համար մղվող երկարատեւ կռիվներն էին: Ասում են, թե գործը բացահայտման ընթացքի մեջ է, իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին: Հուսանք, որ բուն կատարողները կպատժվեն եւ ոչ թե ուրիշները «կզոհաբերվեն»: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել