Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի փոխվել

Դեկտեմբեր 11,2002 00:00

Ոչինչ չի փոխվել Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված մամուլի ասուլիս էր հրավիրել Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը։ Այնտեղ լրագրողներին անակնկալ էր սպասվում։ Ընկերակցության ջանքերով համակարգչային սկավառակի վրա էր հավաքվել 2002թ. նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող 316 օրենք, որ ամփոփված է 4 օրենսգրքում։ Սկավառակը Հելսինկյան ընկերակցության նվերն էր լրատվամիջոցներին։ Այն կոչվում է «Լեքս-պրո»։ Պարոն Դանիելյանը մանրամասն բացատրեց ծրագրից օգտվելու ձեւը, որն, ի դեպ, շատ դյուրին է։ Այն երկու հայ ծրագրավորողների աշխատանք է։ Ըստ ընկերակցության նախագահի, իրենց կազմակերպությունը ազատ մամուլի ջատագով է, եւ այս նախաձեռնությունը ունենալու է շարունակություն։ Այն տարածելու համար այժմ փնտրվում են լավագույն տարբերակներ։ Նախատեսված է ՀՀ Քրեական նոր օրենսգրքի լրացումներով տարբերակի աշխատանքային ծրագիրը։ Թե ինչպես կմատուցվի այն՝ դեռ հստակ չէ։ Սկավառակը գրանցված է արդարադատության նախարարությունում եւ չունի վաճառվելու իրավունք, իսկ այն թանկ արժե։ Աշխատանքները տեւել են 1-1,5 տարի։ Պարոն Դանիելյանը հույս հայտնեց, որ այն կօգնի եւ մամուլի հրապարակումներում կնվազեն ոչ գրագետ տեղեկությունները։ Մի կարեւոր ձեռքբերում էլ է արձանագրել կազմակերպությունը. հունվարի 1-ից (առաջին անգամ Հայաստանում) նրանց տրամադրվել է իրավունք՝ կազմակերպել պարբերական այցելություններ եւ վերահսկողություն քրեակատարողական հիմնարկներում։ Երկու անգամ մերժում ստանալուց հետո (1998 եւ 2000թթ.) այս տարի վերջապես այն կիրականանա։ Հունվարի 20-ին կազմակերպությունը պատրաստվում է զեկույց ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով։ Եթե մինչ այս Հելսինկյան ընկերակցությունը աշխատում էր ինֆորմացիա տրամադրելու բնագավառում, ապա այն արդեն երկրորդ տարին է՝ հանդես է գալիս զեկուցումով։ Իսկ ընդհանրապես, պարոն Դանիելյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ավելացրեց. «Վիճակը չի փոխվել, ամեն ինչ նույնն է, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների ժամանակ։ Ոչինչ չի ձեռնարկվում շտկելու այս համակարգում եղած թերությունները։ Միայն դատարկ խոսքեր են, այնինչ, մեր օրենքը թույլ է տալիս կոնկրետ եւ արդյունավետ փոփոխություններ կատարել։ Մեր հասարակությունը բացարձակ մեծամասնությամբ օրենքներ չգիտի եւ դրանից էլ օգտվում են չինովնիկները։ Մյուս կողմից, այսօր մեզ մոտ իրավաբանական ծառայությունը թանկ արժե սովորական քաղաքացու համար եւ սա էլ իր հերթին առիթ է տալիս կամայականությունների։ Հելսինկյան ընկերակցությունը անվճար իրավաբանական օգնություն է ցույց տալիս, սակայն մեզ չեն դիմում, կամ հազվադեպ՝ աղմկոտ գործերի ժամանակ։ Մեր հասարակությունը պատրաստ չէ ապրելու իրավական պետության օրենքներով։ Եվրախորհուրդ մեր մուտքին ընկերակցությունը դեմ էր, համարելով ժամանակից շուտ։ Այժմ մենք մեր մաշկի վրա զգում ենք արդյունքը։ Որեւէ անհատ մեկը չի կարող դիմել Եվրախորհուրդ։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով այն գործուն չէ, քանզի Հայաստանից որեւէ անհատական գործ այնտեղ դեռեւս չի լսվել։ Բարեփոխումների նախատեսված ծրագրի մեջ Եվրախորհրդի պահանջով պիտի ամրագրվի այդ դրույթը, սակայն մեր երկրին այդ կազմակերպության կողմից հասցեագրված մի շարք պահանջներ չի կատարվում եւ շատ դեպքերում նրանք աչք են փակում այդ ամենի վրա։ Ու, ցավոք, մարդու իրավունքները եւ դրանց առնչվող օրենքները դառնում են քաղաքականության շահարկման առարկա տարբեր պետություններում»։ Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել