Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ, ՎՍՏԱՀՈՒՄ՝ ՄԵԿԻՆ»

Դեկտեմբեր 13,2002 00:00

«ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ, ՎՍՏԱՀՈՒՄ՝ ՄԵԿԻՆ» Ասում է ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը – Տեսնո՞ւմ եք ընդդիմադիր դաշտում որեւէ թեկնածուի, որը կարող է լուրջ հակակշիռ լինել իշխանության թեկնածուին: – Հարցին որոշակի պատասխանելու համար նախապատմության անհրաժեշտություն կա: Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունները բավական լուրջ եւ երկար ժամանակ է, որ պատրաստվում են նախագահական ընտրություններին: Մեկ տարուց ավելի է, ինչ արվում էին գործնական քայլեր: – Նկատի ունեք այն, որ ընտրություններից դեռ շատ առաջ ընտրական հանձնաժողովներում կառավարության ներկայացուցիչները փոխարինվեցին գործող նախագահի ներկայացուցիչներով, եւ այժմ թեկնածուներից մեկն ակնհայտ առավելությո՞ւն ունի մնացածների համեմատ, թե՞ խոսքը իշխանության վերահսկողության ներքո չգտնվող զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը վաղօրոք դադարեցնելու մասին է: – Ձեր մատնանշածը վերաբերում է ընտրությ ունների զուտ տեխնիկական կամ կազմակերպչական կողմերին, եւ դրանց չեմ ցանկանում անդրադառնալ: Նկատի ունեի այլ քայլեր: Այսօր արդեն ակնհայտ է, որ կուսակցությունների պառակտումը ոչ թե օբյեկտիվ քաղաքական զարգացումների հետեւանք էր, այլ մեկ կենտրոնից ղեկավարվող գործընթաց: Պառակտված բոլոր կուսակցությունների պատառիկներն այսօր սատարում են գործող նախագահին: – Կարծում եք, որ նա վաղօրոք տրոհեց քաղաքական այն բոլոր ուժերը, որոնք կարող էին դառնալ ուժեղ մրցակի՞ց՝ ՀԺԿ, Կոմկուս, ԱԺՄ: – Չեմ ցանկանում այդ կարգի բնորոշումներով բնութագրել այդ գործընթացը՝ տրոհել, մասնատել, հավաքագրել… Խելք ունեին՝ թող չտրոհվեին: Գաղափարախոսություն ունեին՝ թող լինեին նվիրյալներն այդ գաղափարախոսության: Ցավոք, այժմ արդեն պարզ է, որ լավ ապրելու գայթակղությունն ավելի վեր է դասվում գեղեցիկ կարգախոսներից: Բայց հասարակության ու նույնիսկ քաղաքական ուժերի համար աննկատ՝ դեռ տարեսկզբից շրջանառության մեջ դրեցին հոգեբանական պայքարի մի հնարք, որը կարեւոր գործոն է ընտրություններին նախապատրաստվելիս: Ցավոք, բոլորն էական չեն համարում կամ ընդհանրապես հաշվի չեն առնում այդ գործոնը: Բայց եթե հետեւեք մամուլին՝ հունվար-փետրվարից շրջանառության մեջ դրվեցին առաջին հայացքից բավականին առօրեական ու պարզ, բայց շատ կարեւոր գաղափարներ ու մտքեր, որոնք հետագայում մեծացան ձնագնդի պես ու դարձան հանրության սեփականությունը: Ընդ որում՝ չեմ ցանկանում այս առումով իրարից զատել իշխանամետ կամ ընդդիմադիր մամուլը, քանի որ այդ կենտրոնն օգտագործում էր նաեւ ընդդիմադիր մամուլի հնարավորությունները: Այդ գաղափարներից առաջինն այս է՝ «խաղ չկա, ուժով ու փողով անցնելու են»: Այն տարածվում էր երբեմն նաեւ որոշակի օրինակների օգնությամբ: Վերջին մեկ տարում իշխանության օղակներում չպատժվեց իր արարքներով պաշտոնազրկություն վաստակած կամ անգամ հանցագործություն գործած որեւէ անձ: Այսինքն, միայն հենց այնպես չասացին, այլ նաեւ գործնականում էլ մի քանի օրինակներով հիմնավորվեց, որ իրոք «խաղ չկա»՝ «ինձ հավատարիմ մնա՝ ով ուզում ես եղիր» նշանաբանով: – Թերեւս նկատի ունեք «Առագաստում» մարդ սպանելն ու փաստացի անպատիժ մնալու նմա՞ն «գործնական» օրինակները: – Ինչո՞ւ ոչ: Օրինակներ շատ կան. այդքան հրապարակումներ եղան այս կամ այն նախարարի ոչ օրինական վարքագծի մասին եւ այլն: Ու որեւէ մեկի արարքներին գոնե գնահատական չտրվեց՝ մնացին անպատիժ: Երկրորդն առաջին հայացքից նույնպես բավական անմեղ, բայց նորից իր չար գործն անող գաղափար է՝ «բայց ո՞վ է այլընտրանքը»: Սկսեցին իշխանամետ եւ ոչ իշխանամետ մամուլով հատկապես այն քաղաքական գործիչների «անմեղ» վարկաբեկումը, որոնք ունեին բարձր վարկանիշ եւ կարող էին դառնալ լուրջ հակակշիռ: Առաջին հերթին նկատի ունեմ Արտաշես Գեղամյանին եւ Ստեփան Դեմիրճյանին: Ստեփան Դեմիրճյանի մասին բավական բարձր կարծիքի եմ: Բայց ի՞նչ տարածեցին՝ «ի՞նչ է արել նա կամ ի՞նչ քաղաքական ուղի է անցել»: Նույնիսկ երբեմն անունն էին օգտագործում նվազական-փաղաքշական վերջածանցով: Ինձ համար անհասկանալի է՝ Կարեն Դեմիրճյանի պես հզոր պետական եւ քաղաքական այրի պարագայում՝ ինչպե՞ս կարող էր որդին հավակնել, որ հանրության մեջ իրեն այլ կերպ ընկալեն, քան որպես պարկեշտ եւ համեստ անձնավորություն: – Կոպիտ ասած, նա պարտադրվա՞ծ էր առանձնապես «չցցվել»: – Իհարկե: Ընդ որում, ի պատիվ այդ ընտանիքի՝ պիտի ասեմ, որ սովորաբար մեծամեծների երեխաներն առանձնապես չեն փայլում դաստիարակությամբ եւ հղփանում են, բայց Դեմիրճյանների ընտանիքի որեւէ անդամի մասին երբեւիցե չեմ լսել որեւէ վատ բան: Ընդհակառակն՝ կայացած անձնավորություն է, ղեկավարել է մեծ ու հզոր արտադրական ձեռնարկություն: Իսկ Արտաշես Գեղամյանին ամեն անգամ՝ պատեհ կամ անպատեհ, բերում ու կապում են Սերժ Սարգսյանին, թե մոտ է նրան: Բայց մեր երկրում ո՞վ մոտ չի Սերժ Սարգսյանին կամ, վերջին հաշվով, դա ի՞նչ չափանիշ է քաղաքական գործչի համար: Ի վերջո, 5-6 տարի առաջվա Սերժի եւ այսօր շեյխի կարգավիճակ ստացած Սերժի միջեւ բավականին մեծ տարբերություն կա: Ճանաչելով Գեղամյանին՝ գիտեմ, որ նա բավական բարձր ինտելեկտով անձնավորություն է, կամային, նպատակին հասնելու ձգտումով: Թող նրանք ինձ ներեն այս օրինակների համար, չգիտեմ, թե ինչքանով կօգնեմ նրանց գործին, բայց, համենայն դեպս, այս ամենն արդեն մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված լուրեր էին, որոնք հենց այնպես, ինքնանպատակ կամ պատահական չէին: Սա հետեւողական քարոզչություն էր: Եվ հատկապես տատանվող ընտրազանգվածն ամեն անգամ գերին էր դառնում այդ երկու գաղափարների՝ «խաղ չկա» եւ «այլընտրանք չկա»: Ես համոզված եմ, որ այս երկու թեկնածուներից յուրաքանչյուրը (մյուս թեկնածուների մեջ էլ կան բավական պատրաստված եւ լուրջ մարդիկ) բնականոն եւ արդար ընտրապայքարի պարագայում կարող է դառնալ լուրջ հավակնորդ: Եվ եթե դրան էլ գումարենք, որ նրանք կարող են միավորել իրենց ուժերը, այս անգամ արդեն կունենանք բավական իրական հավակնորդ: – Փորձեմ հակադրվել, թե երկուսն էլ կարող են լինել անցողիկ թեկնածու: Գեղամյանի պարագայում դրա հակափաստարկն անցած նախագահական ընտրություններում նրա ստացած ձայներն են՝ կարծեմ 0,11%: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին՝ քվեներն ու ընտրազանգվածը ժառանգաբար՝ հորից որդուն փոխանցվելու հատկություն կարծեմ չունեն: – Ստեփան Դեմիրճյանը ոչ նախկինում է շահարկել Կարեն Սերոբիչի որդին լինելը, ոչ էլ այժմ՝ իր գործունեության մեջ: Նա առանձին քաղաքական ֆիգուր է, որը գիտակցելով պատասխանատվությունը՝ իր վրա է վերցրել այդ բեռը եւ հանրությանը ներկայացել նոր ամպլուայով: Ընդ որում, երբ Պուտինն իր թեկնածությունն էր առաջադրել Ռուսաստանում, էլի բոլորն ասում էին, թե քաղաքական թոհուբոհով չի անցել, չի եղել քաղաքականության մեջ: Ի վերջո, մեր ժամանակների համար դա առանձնապես թերություն չէ: Իսկ երբ Արտաշես Գեղամյանը մտավ ընտրապայքարի մեջ, նրա կուսակցությունն այդքան կուռ եւ բազմամարդ չէր: Բացի այդ՝ նրա մրցակիցներն էին բավական մեծ հեղինակություն ունեցող Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանի աջակցությունը վայելող Ռոբերտ Քոչարյանը, որը մեր աչքի առջեւ անցած ճանապարհ չուներ, գործունեության մեջ չկային բացեր ու թերություններ, որոնք կան այսօր: Այդ տեսակետից, Արտաշես Գեղամյանը գտնվում է բավական շահեկան վիճակում: -1998-ին Վազգեն Սարգսյանն էր իրականում Ռոբերտ Քոչարյանի շտաբի ղեկավարը, եւ Վլադիմիր Մովսիսյանը զուտ ձեւականորեն էր ղեկավարում դրա աշխատանքները: Հիմա նախընտրական շտաբի ղեկավարումը բացահայտորեն պաշտպանության նախարարին հանձնելը մկանունքի ցուցադրությո՞ւն էր, թե՞ ապացույց, որ այս 5 տարում Քոչարյանն այդպես էլ Սերժ Սարգսյանից բացի չունեցավ այլ վստահելի մարդ: – Երկուսն էլ: Օգտագործում են բոլորին, վստահում՝ մեկին: – Կարելի՞ է հավատ ընծայել հավաստիացումներին, թե ՊՆ նախարարի կողմից շտաբը գլխավորելը երաշխիք է, որ բանակը չի միջամտի ընտրական գործընթացներին: Եթե ՆԳ նախարար եղած ժամանակ ղեկավարեիք որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, ինչպե՞ս դա կընկալեր Ձեր համակարգը: – Նման պարագաներում ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Սա էլ պետք է փաստենք, որ միշտ էլ իշխանություններն ավելի շահեկան վիճակում են, քան ընդդիմությունը՝ սա բնորոշ է բոլոր երկրների ընտրություններին: Բայց չափի զգացումը պահելու խնդիր կա: Մի հանգամանք էլ նշեմ. երբ իշխանամետ մամուլն ընդդիմությանը մեղադրում է գաղափարների բացակայության, նախկին իշխանավորների առկայության, քաղաքական տարբեր բեւեռները ներկայացնող ուժերի համագործակցության մեջ՝ նույն պատկերն էլ, փաստորեն, նաեւ իշխանական ճամբարում է: Երկու դեպքում էլ տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժեր են համախմբված եւ, փաստորեն, ամեն ինչ հանգում է զուտ անձերի խնդրին: – Հոգեբանական գործոն համարեցիք «ուժի եւ փողի դեմ խաղ չկա» համոզումը: Կարծում եմ, այնուամենայնիվ, բավականաչափ փորձառու եք հակառակը չպնդելու համար, որ դրանք խիստ ազդու լծակներ են: Իսկ գրեթե բոլոր օլիգարխներն այսօր կապված են Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի հետ: – Փողի դերը չեմ թերագնահատում: Բայց հակված եմ կարծել, որ այդ փողին ի հակակշիռ՝ ընդդիմության օգտին է հասարակության մեջ առկա իրավական եւ իշխանական նիհիլիզմի զգացումը: Մնում է այս ամենը ճիշտ օգտագործել: – Ձեր կարծիքով, արդյոք իշխանությանը կհաջողվի՞ իրագործել ընտրությունները մեկ փուլով ավարտելու ցանկությունը: – Նշեմ, որ բացարձակապես ոչ մի լրատվամիջոց անաչառորեն չի ներկայացնում քաղաքական գործիչների վարկանիշները: Իսկ ժողովրդի հետ իմ շփումները, առողջ դատողությունը եւ վերլուծությունները բերում են այն համոզման, որ անպայման կլինի երկու փուլ: Ուղղակի մնացած ժամանակահատվածում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, միասնական ճակատ ստեղծելու գործընթացից է կախված՝ կմնա՞ գործող նախագահը, թե՞ կհաղթի ընդդիմությունը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել