Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնված «աքսեսուար»

Դեկտեմբեր 21,2002 00:00

Վերականգնված «աքսեսուար» Ամանորյա խորհուրդ բոլոր նրանց, ում առօրյա առեւտուրը պտտվում է 10-500 դրամանոցների շուրջ՝ որպես ամանորյա նվեր գնեք ձեզ համար միջնադարում օգտագործվող ու դրանից հետո մոռացված քսակ-տոպրակներ։ Իսկ եթե վաճառքում չգտնեք՝ անպայման պատվիրեք, քանի որ 2003 թվականին Կենտրոնական բանկը շրջանառությունից հանելու է 10, 25, 50, 100, 200 եւ 500 անվանական նիշերով դրամաթղթերը, փոխարենը ներմուծելով նույն «տրամաչափի» մետաղադրամներ։ Ի տարբերություն միջնադարի ոսկյա, արծաթյա ու պղնձյա դրամների, ժամանակակից քսակներից առայժմ կարող են դուրս գալ միայն տարբեր գունավոր մետաղներից ստացված խառնուրդ-դրամներ։ Կենտրոնական բանկում «խոստացան», որ դրանք կլինեն թեթեւաքաշ դրամներ եւ ոչ մեկի գրպանը չի ծանրանա կամ կախվի, բայց ուռած գրպաններով տղամարդկանց կտեսնենք հաստատ։ Թեպետ դա ԿԲ-ի հոգսը չէ, նա շահում է այնքանով, որ ստիպված չի լինի ժամանակ առ ժամանակ վերատպագրել-թարմացնել թղթադրամներ, որոնք այնքան շուտ են մաշվում դրամապանակ կրելու «կուլտուրա» չունեցող հայերի գրպաններում։ Նաեւ կազատվի հնամաշ դրամների համառորեն չթարմացող շրջապտույտից, ինչի պատճառով ստիպված են զանգ-բողոքներ «կուլ տալ» ամեն Աստծո օր։ ԿԲ-ն, իհարկե, ամեն ինչ անում է, որ պատռված, սոսնձված, մաշվածությունից թիվ ու տառերը ջնջված թղթադրամները փոխանակվեն նորերով։ «Մենք բոլոր բանկային մասնաճյուղերին հրահանգել ենք, որ փոխանակումը կատարվի նույն պահին, անկախ քանակից, առանց տոկոսային պահումների, մենք էլ ամեն օր զտում ենք ու վառում գործածության համար անպիտան թղթադրամները, բայց դրանք կան ու ոչինչ չենք կարող անել»,- տեղեկացրին ԿԲ-ից։ Նաեւ ավելացրին, որ «դա նորմալ, շարունակական գործընթաց է»։ Այսօրինակ տրամաբանությամբ «նորմալ» պիտի համարվեն նաեւ հասարակական տրանսպորտի, հատկապես՝ երթուղային տաքսիների վարորդ-ուղեւոր, ինչպես նաեւ մանրամեծածախ առեւտրի կետերի վաճառող-գնորդ մենամարտերը «մաշված դրամներ» թեմայով։ Փոխել դրանք որեւէ մոտիկ բանկում կողմերի մտքով չի անցնում, իսկ մարտնչել պատռված դրամ գրպանը չդնելու համար՝ ում հետ ասես կարող ենք։ Այս պարագայում ոչ պարտականություն, ոչ էլ պատասխանատվություն որեւէ մեկի «թանկարժեք» անձը չի ուզում վերցնել-կրել։ Ուրեմն, մետաղյա դրամները ճիշտ ժամանակին էին։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել