Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները տանիք կունենան

Դեկտեմբեր 21,2002 00:00

Դատարանները տանիք կունենան Երեկ մեր զրույցի ժամանակ համենայնդեպս այդպես հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն Արթուր Թունյանը։ – Դեկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքի դատարանի շենքի վերակառուցումը պաշտոնապես սկսվեց։ Դատարանի շենքի տարածքում՝ բակում տեղակայված հարկադիր կատարման ծառայության տնակներն անխուսափելիորեն պետք է հեռացվեին տարածքից, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել շինհրապարակ։ Միաժամանակ, տեղեկացնեմ, որ հարկադիր կատարման ծառայությանը մինչ այդ հատկացված էր եղել համապատասխան տարածք,- իրազեկեց Ա. Թունյանը։ Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ շինարարությունը կիրականացվի 10 ամսվա ընթացքում, 221 հազար ԱՄՆ դոլար գումարը հատկացրել են Համաշխարհային բանկն ու Միջազգային զարգացման գործակալությունը։ Մրցույթում հաղթել է տեղական շինարարական «Տաթեւ -արդ» ՍՊԸ-ն։ Վերջինս ունի փորձ (մանկավարժական ինստիտուտի շենքը վերանորոգել է նույն այդ ՍՊԸ-ն), որակի վերահսկող է ընտրվել «Հյուսիս» ՍՊԸ-ն։ «Առավոտին» հետաքրքրեց նաեւ, թե գալիք 2003-ին ո՞ր դատարանները ծածկ կունենան եւ ինչպիսի՞ն է, առհասարակ, հանրապետությունում դատարանաշինության ընթացքը։ – Ծրագրով նախատեսված 12,4 մլն ԱՄՆ դոլարի մոտ 40%-ը նախատեսված է դատարանների շենքերի վերակառուցման համար։ Ունենք 2 պատրաստի շենք (այս տարի)։ Նախատեսված է օրինակելի, միջազգային չափանիշներին համապատասխան եւ վերանորոգվելիք դատարաններ։ Ունենք 1 օրինակելի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարան եւ ոչ օրինակելի՝ Ավան եւ Նոր Նորք համայնքների։ Աշտարակի նստավայրը առաջիկա ամսում կշահագործվի,- տեղեկացրեց ԾԻԳ ՊՀ-ի տնօրենը։- 2003-ին կվերանորոգվեն Արտաշատի եւ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատարանների շենքերը։ Մեր այն հարցին, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ եւ Շենգավիթի համայնքների դատարանների տեղափոխման հարցը կլուծվի՞, նա պատասխանեց, որ հողհատկացման հարցի լուծման դեպքում կիրականացվի ծրագիրը։ Գյումրիի դատարանը, որը գործում է տնակներում, կունենա իր նոր շենքը հավանաբար 2004-ին։ «Այնտեղ հունվարից մոտ 22 ամսվա շինարարություն կընթանա։ Կկառուցվի 3 հարկանի նոր շենք, բավականին լուրջ շինություն»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել