Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես Կամիլա

Դեկտեմբեր 25,2002 00:00

Պարզապես Կամիլա Գրական, բեմական անունով Վերջերս լույս տեսավ երիտասարդ արվեստագետ, Ռուբեն Սեւակի եւ համահայկական «Սեպուհ Սարգսյան» (ԱՄՆ) գրական մրցանակաբաշխությունների մրցանակակիր Կամիլայի թվով երրորդ «Ղովտի կինը» ժողովածուն։ Ներկայացված բանաստեղծությունները հեղինակի՝ աշխարհի, իրականության, մարդու տիեզերական ճակատագրի խորապես վերապրած եւ գեղարվեստականորեն արտահայտված մարմնավորումներն են։ Գունային, նկարչական իր վերակերպումների մեջ բանաստեղծուհին կամենում է գտնել իր զգացածը, որ շնչավոր է, մարդկային էությանը հանգույն։ Արվեստագետը նախկին երկու («Այս տողը իմ տունն է», «Ձեզ նայելիս») եւ այս ժողովածուի խորագրով հավանաբար ուզում է ասել, որ բանաստեղծություն գրելն իր համար ոչ զբաղմունք է, ոչ մասնագիտություն, այլ ի վերուստ տրված ճակատագիր։ Իսկ ո՞վ գիտե, թե առհասարակ քանի տողից է բաղկացած մարդկային ճակատագիրը։ Հավանաբար դա իրենց ճակատից կախում ունի. որքան լայն է ու պայծառ այդ ճակատը, որքան ավելի է լեցուն խոհերով, նրա վրա դրոշմված տառապանքի տողերն այնքան ավելի շատ են։ Միջամտելով մեր զրույցին, բանաստեղծ Արտաշես Ղազարյանը ասաց (վերջինիս խոսքը նման էր անկեղծ մենախոսության). «Ընթերցում եմ Կամիլային եւ կրկին համոզվում, որ ոգու եւ ոգեղենի ժամանակը չի անցել։ Որ այն, ինչը հասու չէ քաղաքականությանը, ի զորու է անել նորին մեծություն Բանաստեղծությունը»։ Իսկ երաժշտասերները ծանոթ են Կամիլա դաշնակահարուհուն։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Սիրիայում։ ՀՖՆ-ի ընկերակցությամբ թողարկել է լազերային սկավառակ։ Ի վերջո, հեղինակն է «Հիմն սփյուռքահայ երիտասարդությանը» երկի, գրված՝ երգչախմբի, նվագախմբի եւ մենակատարի համար։ Երաժշտական ու գրական հաջողությունների համար, իր խոսքերով. «Այս հարցում բախտս բերել է՝ կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենով, թատերական ինստիտուտում՝ Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան։ Անուններ, որոնց, կարծում եմ, ներկայացնելու հարկ չկա»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Երիտասարդ արվեստագետի խնդրանքով չենք տպագրում նրա ազգանունը։ Կամիլան չի ցանկանում խոսել այդ մասին, որպեսզի իր ունեցած հաջողությունները չվերագրեն ազգանվանը։ Միայն ասենք, որ նա ծնվել է Հայաստանում եւ արտերկրում հայտնի արվեստագետների ընտանիքում, ուր հավասարապես պաշտամունքի են արժանացած հնչյունն ու բառը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել