Լրահոս
Օրվա լրահոսը

13 կյանք՝ մեկ նետված քարի համար

Մայիս 03,2003 00:00

13 կյանք՝ մեկ նետված քարի համար Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը իրաքյան Էլ Ֆալաթո բնակավայրում ամերիկյան զինվորները կրակ բացեցին ցուցարարների վրա, որի հետեւանքով զոհվեց 13 եւ վիրավորվեց 75 մարդ։ Ինչպես փաստում են ներկա գտնվող լրագրողները, կրակը բացվեց ի պատասխան ցուցարարների կողմից գցած ընդամենը մեկ քարի։ Ամերիկացիներն, իհարկե, պնդում են, որ առաջինը կրակեցին իրաքցիները, բայց դա քիչ հավանական է թվում։ Մյուս օրը, նույն քաղաքում նորից բողոքի ցույց տեղի ունեցավ եւ նորից ամերիկացիները կրակեցին անզեն ամբոխի վրա՝ սպանելով երկու եւ վիրավորելով չորս մարդու։ Որտեղի՞ց այդպիսի դաժանություն։ Հիշեցնենք, որ նման միջադեպը առաջինը չէ։ Պատերազմական գործողությունների ընթացքում ամերիկյան զինվորականները գնդակոծել են խաղաղ իրաքցիների ավտոմեքենաները, ռուս դիվանագետների եւ լրագրողների շարասյունը, Կարմիր խաչին պատկանող մեքենան եւ լրագրողներով բնակեցված հյուրանոցը Բաղդադում։ Պատճառների մասին կարելի է միայն ենթադրել՝ միգուցե անսովոր շոգն է մեղավոր կամ ամերիկյան զինվորների հոգեբանական վատ պատրաստվածությունը։ Իսկ կարո՞ղ է հրահանգ է։ Վերջին վարկածի օգտին խոսում է այն փաստը, որ միշտ նման դեպքերից հետո ամերիկյան ղեկավարությունը, մեղավորներին պատժելու փոխարեն, անտրամաբանական բացատրություններ է տալիս՝ արդարացնելով իր ենթակաների արարքները։ Միգուցե նպատակը մեզ բոլորիս, ողջ աշխարհին վախեցնե՞լն է։ Բոլոր դեպքերում, նման գործելակերպը հիշեցնում է Երկրորդ համաշխարհայինը, ոչ մի կապ չունի «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ջատագովների» կերպարի հետ եւ ավելացնում է արդեն աշխարհում առկա հակակրանքը ԱՄՆ-ի հանդեպ։ Ի հակառակ ամերիկացիների, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը ջանք չի խնայում բարելավելու հարաբերությունները կոնտինենտալ Եվրոպայի երկրների հետ։ Պարզ է, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ, նա, այնուամենայնիվ, աշխարհի ամենահզոր երկիրը չէ։ Վերջին օրերին Բլեերը այցելել էր Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինին ներկայացրել էր իրաքյան կարգավորման իր նախագիծը։ Բլեերի տեսանկյունից, սկզբում պետք է վերականգնել կարգուկանոնը երկրում, նշանակել ժամանակավոր կառավարություն եւ միայն հետո անցնել ընտրություններին ու սահմանադրության ընդունմանը։ Ընդհանուր առմամբ համաձայնվելով, Պուտինը ցանկություն հայտնեց, որ այդ գործընթացը տեղի ունենա արագ եւ իշխանությունը հնարավորին չափ շուտ հանձնվի Իրաքի ժողովրդին։ Կողմերը ընդգծեցին նաեւ ՄԱԿ-ի դերը կարգավորման գործում։ Ցավոք, այդ խնդիրները լուծելու են ոչ թե Պուտինը եւ Բլեերը, այլ ԱՄՆ-ի նախագահ Բուշը, իսկ ամերիկացիները շահագրգռված են հնարավորինս շատ մնալ Իրաքում եւ շահագործել իրաքյան նավթը՝ սեփական տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։ Իսկ որ ամերիկյան տնտեսությունը ճգնաժամի մեջ է՝ կասկած չի հարուցում։ Վերջին օրերին ամերիկյան դոլարի գինը կտրուկ ընկել է եւ հիմա 1 եվրոն արժե 1 դոլար 11 ցենտ։ Նույն շաբաթվա ընթացքում հավաքվեցին Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան եւ Տաջիկստան) ղեկավարները։ Միջազգային կազմակերպության կարգավիճակ ստացած այս միավորումը ստեղծեց միասնական ռազմական շտաբ, որոշեց ձեւավորել միասնական արագ արձագանքման ուժեր եւ ավիացիոն ստորաբաժանումներ, որոնք կտեղակայվեն Ղրղըզստանում։ Թվում է՝ Պուտինը ստեղծում է հակակշիռ ՆԱՏՕ-ին։ Ինչի՞ կարող է դա բերել։ Նոր Վարշավյան պայմանագրի վերականգնմանը եւ նոր սառը պատերազմի՞, թե՞ կարելի է դրանից խուսափել։ Ապագան ցույց կտա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել