Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ

Հունիս 20,2003 00:00

ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ Նոյեմբերյանի գերեզմանատունը վերջին 10 տարիների ընթացքում կրկնակի մեծացել է: Առաջ, երբ ավանի մի ծայրից նայում էիր, ծառերի արանքից ընդամենը մի քանի քար էր երեւում: Եվ ես գիտեի, որ այնտեղ, ամենաբարձր ծառի տակ թաղված է պապս: Հիմա նրա կողքին է նաեւ տատս: Տատիս ու պապիս հին գերեզմանատանը ներքեւի կողմից մի նոր գերեզմանատուն էլ է միացել, որտեղ սկզբում միայն 1991 թ. Ոսկեպարի կռիվներում զոհված նոյեմբերյանցի 14 ոստիկանության աշխատակիցներն էին թաղված: Հետո նրանց միացավ ամենափոքրի հայրը, որ չդիմացավ որդու կորստին: Եվ այդպես, մեծացավ գերեզմանատունը՝ ավանի բնակիչների հաշվին: Ողջերից շատերը «ռուսաստաններում» են: Նոյեմբերյանցիներն ասում են, որ ինչպես Երեւանում Շրջանայինով քայլելիս ամեն քայլափոխի համերկրացու էիր հանդիպում, հիմա ճիշտ այդպես էլ ռուսատաններում է: Հիմա «գեղամեջում» խմբված երիտասարդներ չկան, սրճարանները գրեթե դատարկ են, ոչ կինո կա, ոչ համերգ, կուլտուրայի տունը բացվում է ընտրությունից ընտրություն: Ի դեպ, տարիներ առաջ նոյեմբերյանցիները ուրախությամբ ընդունեցին այն փաստը, որ իրենց գյուղը հիմա «քաղաքատիպ ավանի» կարգավիճակ ունի: Բայց վերջին 5-6 տարիների ընթացքում այս քաղաքատիպ ավանի կենտրոնում միայն մի «թարմություն» է մտել. երաժշտական դպրոցի քանդված շենքը վերանորոգվել է եւ դարձել Ոստիկանության շենք: Մյուս «թարմությունն» էլ ընտրություններից մնացած խանութների պատերին փակցված պաստառներն են, որ ոչ ոք չի շտապում հանել: Կենտրոնական փողոցի երկայնքով ուտելիք վաճառող մանր կրպակներ են շարված, Սադախլոյից բերած մատչելի հագուստ եւ մի ձայնագրման կենտրոն, որի ձայներիզները միայն երթուղային տաքսիների վարորդներն են գնում: Ի դեպ, վերջիններս աշխատում են խիստ կանոնավոր երթուղով, ու ճանապարհին էլ կարող են որքան հնարավոր է ուղեւոր վերցնել՝ առանց նախօրոք ճշտելու վճարելիք գումարի չափը: Ընդհանրապես իրենց մեղմ ու հանդուրժող բնավորությամբ այս մարդիկ (հատկապես՝ տղամարդիկ) խիստ տարբերվում են: Երեւի այդ մեղմությունն է պատճառը, որ երկրաշարժից տուժած այս բնակավայրի համար Կառավարության հատկացրած գումարները մինչ օրս չեն հասել: Սկզբում մի քանիսը, ում տունը լրիվ քանդվել էր, ստացան, հետո գործընթացը կանգնեց: Բնակիչներից մեկը չգիտես որտեղից իմացել էր, որ փողն արդեն մարզպետարանում է. «Ասել են՝ տանը մնացեք, տեղ չգնաք, որ բերենք-բաժանենք»: Մեկին էլ ասել են, թե՝ «Ուշացել ես, պետք է 97 թվին դիմում գրած լինեիր, որ քեզ փող հասներ»: Ինչ կուզեն՝ կասեն, շատերը չեն էլ հասկանում, ու շարունակում են իրենց քանդված պատերով տներում ապրել: Ակամա մի դեպքի ականատեսը եղա: Նոտարը, որի մոտ էին մտել երկու հոգի՝ ինչ-որ ժառանգության հարցով, սկզբում փորձել էր ինչ-որ օրենսգրքեր թերթելով կողմերից մեկին «ֆռռացնել», հետո տեսնելով, որ դիմացինն իրենից լավ է տիրապետում օրենքին, ժամանակ էր խնդրել Երեւանի հետ կապվելու ու «ճշտելու» իրականում ամենատարրական իրավաբանական գործընթացները: Իսկ եթե հաճախորդը օրենքից գաղափար չունենա՞ր (ինչը շատ հաճախ ավելի հավանական է): Ոչինչ էլ չէր լինի. էլի կշարունակեր ապրել իր քանդված տանը: Երիտասարդ մի կին պատմում է, թե ինչպես մի 10 տարի առաջ, երբ ինքը սարում էր, իր հետեւից մի ձիավոր եկավ: Նրա ձին ամբողջությամբ զարդարված էր մանր ու մեծ կոպեկներով եւ հուլունքներով, որ զնգզնգում էին, իսկ ձիավորը եկել էր իրեն փախցնելու: Սկզբում չէր ուզում, հետո նստեց զարդարված ձին ու եկավ շրջկենտրոն: Հիմա ամեն օր 300 ոչխար միայնակ կթում է՝ ականջին կոպեկների զնգզնգոցը ու մտքում ամուսնու խոստումները, որ տալիս էր սարից եկող ճամփին, ձիու վրա: Իսկ ամուսինն այդ 300 ոչխարն ամեն օր լուսաբացին տանում է արոտ, երեկոյան ուշ տուն գալիս՝ յուրաքանչյուր ոչխարի համար ամսական ստանալով 100-200 դրամ: Հաճախ ոչխարատերը խախտում է պայմանավորվածությունն ու քիչ է վճարում: Ի՞նչ կարող է անել այս մարդը, եթե ոչ՝ նորից շարունակել պահել այդ մարդու ոչխարները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել