Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լուծեք, մենք կօգնենք»

Հուլիս 11,2003 00:00

«Դուք լուծեք, մենք կօգնենք» «Մի շարք հարցեր շարունակում են ձգձգված մնալ այս տարածաշրջանում, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը»,- երեկ ԱԳՆ-ում կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերը։ Վերջինս հասկացրեց, որ Եվրամիությունը շահագրգիռ է Հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, ինչը, սակայն, անհնար է առանց տարածաշրջանային հակասությունների կարգավորման։ Տիկին Բոնիվերի այս միտքը զարգացրեց պատվիրակության անդամ, Հարավային Կովկասի գծով ԵՄ նորանշանակ հատուկ բանագնաց Հեյքի Թալվիթիեն։ «Հակամարտության լուծումը պետք է գտնեն հենց իրենք՝ հակամարտող կողմերը, իսկ մենք կարող ենք միայն օգնել ձեռք բերված համաձայնությունների կատարմանը»,- հայտարարեց ֆին դիվանագետը, ավելացնելով, որ ինքն ուղղակիորեն չի ներգրավվելու Մինսկի խմբի միջնորդային գործունեության մեջ, սակայն խորհրդատվական շփումներ կունենա համանախագահների հետ։ Ի դեպ, նշենք, որ Հեյքի Թալվիթիեն 1995-96 թթ. զբաղեցնում էր ԼՂ հարցով Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, հետեւաբար լավ ծանոթ է հիմնախնդրի նրբերանգներին։ Խոսելով Եվրամիության ընդլայնման միտումների մասին, Մարգերիտա Բոնիվերն «ինքնասպանություն» համարեց այս կառույցի աշխարհագրության սահմաններն ի սկզբանե ամրագրելը։ «Ժամանակին Բեռլինի պատով բռնի տարանջատված Եվրոպան այժմ միանում եւ ընդլայնվում է»,- նշեց Բոնիվերը, ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելու որեւէ բացառություն չկա, սակայն ցանկացած պարագայում խնդիրը պետք է համակողմանիորեն քննարկվի։ Այս համատեքստում ավելորդ չէ հիշատակելը, որ Եվրամիության ղեկավարությունը, հանձին արտաքին քաղաքականության հանձնակատար Քրիս Պատտենի եւ ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Գյունթեր Ֆերհոյգենի, միանշանակորեն ակնարկել են, թե այս կառույցի քաղաքականությունը չի ենթադրում, մասնավորաբար, Իսրայելի եւ Ռուսաստանի ընդգրկումը ԵՄ-ի մեջ։ Իսկ այդպիսի նախաձեռնությամբ, ԵՄ նախագահի պաշտոնն ստանձնելուց առաջ, հանդես էր եկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Վերջինս, ի թիվս նշվածների, խոսել էր նաեւ Թուրքիայի անդամակցության հնարավորության մասին։ Այս ամենով հանդերձ, ԵՄ-ի աշխարհագրությունն արդեն հաջորդ տարի անճանաչելիորեն կփոխվի։ 2004 թվականին կազմակերպության լիիրավ անդամներ կդառնան միաժամանակ 10 երկիր։ «Վստահ ենք, որ քայլ առ քայլ եւ միասին մենք կանցնենք համագործակցության խորացման ճանապարհը», այսպիսի ընդհանուր նշանակության արտահայտությամբ եզրափակեց իր խոսքը երեկվա ասուլիսին տիկին Մարգերիտա Բոնիվերը, որն, ի դեպ, Հայաստան է այցելում երկրորդ անգամ։ Ոչ պակաս ընդհանուր արտահայտություններ հնչեցրեց նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մասնավորաբար, նշելով. «մեր քննարկումները շատ դրական էին», կամ՝ «կան հարաբերությունները խորացնելու լավ հիմքեր, ԵՄ-ի հետ գործընկերության պայմանագրի շրջանակներում»։ «Եռյակ»-ի անդամներն անդրադարձան նաեւ հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտությանն առնչվող խնդիրներին։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել