Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները լավ կապրեն

Հուլիս 11,2003 00:00

Պաշտոնյաները լավ կապրեն Ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը կառավարության երեկվա նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 1-ից կբարձրացվեն բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը: Ըստ նրա, «այդ նպատակով բյուջեում նախատեսվել էին անհրաժեշտ միջոցներ, սակայն քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը հաշվարկելու համար հարկավոր էր ժամանակ, որպեսզի բոլոր նախարարություններից, գերատեսչություններից ստանայինք գործող հաստիքացուցակները, մարդկանց անվանական աշխատանքային ստաժները, որովհետեւ, ինչպես գիտեք, քաղծառայողի աշխատավարձը հաշվարկվում է որոշակի սանդղակով, որն ուղղակիորեն կախված է ստաժից։ Այս որոշմամբ, փաստորեն, բյուջեի նախագծում նախատեսված գումարը բաժանվեց համապատասխան գերատեսչությունների միջեւ ըստ աշխատողների թվաքանակի»։ Պրն Սաֆարյանի ներկայացմամբ, 821,9 մլն դրամ է հարկավոր քաղծառայողների աշխատավարձի բարձրացման համար։ Կբարձրանա նաեւ հայեցողական եւ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը՝ 50%-ի չափով, դարձյալ հուլիսի 1-ից։ Համամասնություն կմտցվի նաեւ անկախ հանձնաժողովների աշխատավարձերի միջեւ. «Այժմ որոշվեց միասնական սանդղակ սահմանել. հանձնաժողովների նախագահների աշխատավարձը հավասարեցվեց նախարարների աշխատավարձին՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովների նախագահների տեղակալները կստանան 240 հազար դրամ աշխատավարձ, խորհրդի անդամները՝ 230 հազար դրամ։ Բարձրացվել է նաեւ Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամների աշխատավարձը, որովհետեւ դրանք բավականին ցածր էին, հեռուստատեսության խորհրդի նախագահինը 150 հազար դրամ էր, հիմա բարձրացվեց եւ հավասարեցվեց հանձնաժողովների նախագահների աշխատավարձին՝ 300 հազար դրամի չափով, տեղակալներինը եւ անդամներինը՝ 230 հազար դրամ։ Այս ամբողջ բարձրացումը լրացուցիչ 13,4 մլն դրամ էր, որը նույնպես պետական բյուջեում նախատեսված էր աշխատավարձերի բարձրացման համար»։ Աշխատավարձերի բարձրացման շարքը շարունակելով՝ ասենք, որ չեն նեղանա նախագահի աշխատակազմի, նաեւ կառավարության աշխատակազմի աշխատակիցները. «Այս բոլոր միջոցառումների իրականացման համար բյուջեից 1 մլրդ դրամ է նախատեսված։ Բարձրաստիճան ծառայողների համար մենք հաշվարկել էինք 628 մլն, սակայն ճշգրտումներով 626 մլն կծախսվի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար»։ Ըստ պրն Սաֆարյանի, վերոհիշյալ բարձրացումները որեւէ կերպ չեն ազդի լայն սպառման ապրանքների գների բարձրացման վրա, որովհետեւ աշխատավարձերի այս բարձրացումը այնպիսին չէ, որ լուրջ ազդեցություն ունենա շուկայի, գնողունակության վրա։ Ե. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել