Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԿԱԼՎԻ ԱԶԱՏ ՄԻՏՔԸ

Հուլիս 23,2003 00:00

ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԿԱԼՎԻ ԱԶԱՏ ՄԻՏՔԸ Երեկ ԿԳ նախարարը շրջայց կատարեց՝ հետեւելով բուհերում ընթացող ընդունելության քննություններին Անցյալ տարվա այս նույն օրերի համեմատ մաթեմատիկայի քննության արդյունքները, հանձնաժողովի անդամների դիտարկմամբ, նկատելիորեն բարձրացել են: Արդեն քննություն հանձնած դիմորդների 15-20 տոկոսը ստացել է անբավարար, մոտ 15 տոկոսը՝ 18 միավոր եւ բարձր: 56 հոգի ստացել է 0 միավոր: Վերջիններիցս մեկն իր բացարձակ անպատրաստ վիճակով քննության գալու փաստը բացատրում էր այսպես. «Եթե քննության չմտնեի, հերս կսպաներ»: «0» ստացողներից ոմանք անգամ խզբզել կամ նկարել էին իրենց թերթիկների վրա: «Մի հարց կա, որ խիստ դժվարացնում է այս քննության վիճակը. փաստորեն քննվողների թիվն արհեստականորեն գերազանցում է դիմորդների թիվը: Որովհետեւ բոլորը հնարավորություն են ստացել քննություն հանձնել 2 տարբերակներով, հաճախ՝ առանց անհրաժեշտության: Դրա ելքը միասնական ծրագրի անցնելն է, ինչպես մի քանի տարի առաջ: Այդ դեպքում 11-12 հազար քննվողի փոխարեն կունենանք 6-7 հազարը,- նկատում է ՀԸՀ անդամ, ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը:- Նման արհեստականությունից խուսափելու համար ծրագրային տարբերակումը պետք է կատարել ոչ թե ըստ բուհերի (դա բացարձակ անհասկանալի սկզբունք է), այլ՝ ըստ մասնագիտությունների՝ մաթեմատիկոս-ոչ մաթեմատիկոս»: Նշենք, որ այս տարի որոշվել է գրավորների սեւագիր մասը հաշվի չառնել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս որոշումը բացատրում են նրանով, որ սեւագրին անդրադառնալը բարդություն է մտցնում թե ստուգման, թե գնահատման հարցում, շեղում է կոնկրետությունից: Հայ ժողովրդի պատմություն առարկայից երեկ երկրորդ քննությունն էր ընթանում, եւ հանձնաժողովի նախագահ Հենրիկ Աբրահամյանն առանձնապես գոհ չէր առաջին օրվա արդյունքներից: 91 հոգուց ամենաբարձր միավորը գրանցվել էր 18-ը, իսկ 13-ը ստացել են անբավարար: Ըստ հանձնաժողովի նախագահի, դիմորդների համար առավել շատ դժվարություն է ներկայացնում նորագույն պատմության շրջանը: Նա չբացառելով, որ եթե այս քննությունն անցկացվեր բանավոր, հնարավոր էր սուբյեկտիվության գործոնը, այնուամենայնիվ, նշում է, որ բանավորի դեպքում ավելի պարզ է դառնում դիմորդի գիտելիքների ընդհանուր մակարդակը: Զավեշտալի պատասխանների շարքից պրն Աբրահամյանը հիշեց, որ դիմորդներից մեկը քանդակագործների շարքում նշել էր Հունան Ավետիսյանի անունը, բայց հանձնաժողովի նախագահը լավատեսորեն կարծում էր, որ դա հավանաբար սպրդում էր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմողները երեկ քննություն էին հանձնում ստեղծագործական մրցույթ առարկայից: Այս հանձնաժողովը ղեկավարում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանը: Վերջինիս հարցրինք, թե ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվելու աշխատանքները ստուգելիս, ինչպես կընդունվի, ասենք, դիմորդի մտքի ոչ ստանդարտ փայլատակումը: Հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց. «Ես շատ ազատ եմ այդ մտածողության մեջ: Եվ հանձնաժողովի անդամներն էլ ընտրված են այդ սկզբունքով, որպեսզի կարողանան գնահատել նրանց ազատ միտքը»: Հուսանք, որ ՀՌԱՀ անդամ Մուշեղ Հովսեփյանը «ազատ միտքը» այս դեպքում չի ընկալի այնպես, ինչպես «Ա1+»-ին գնահատելիս: Ի դեպ, այս տարի ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմողների ռեկորդային թիվ է գրանցվել. 201 հոգի՝ 45 տեղի դիմաց, որոնց մեջ այս տարի էլ, ի ցավ հանձնաժողովի նախագահի, շատ քիչ տոկոս են կազմում տղաները: ԿԳ նախարար Սերգո Երիցյանը շրջայցից հետո եկավ եզրակացության, որ քննությունները ընթանում են հանգիստ, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, բացառությամբ մի քանի արտագրության դեպքի, ինչը կասեցվել է, եւ այդ ուսանողները զրկվել են քննությանը մասնակցելու իրավունքից: Նախարարը նաեւ նշեց, թե առաջին անգամն է, որ լրագրողները օրվա ցանկացած ժամի հնարավորություն են ստանում այցելելու բոլոր քննասենյակներ ու իրենց դիտարկումները ներկայացնել: Նախարարը իբրեւ նորամուծություն ներկայացրեց նաեւ այն, որ ծնողները կարող են դիտորդի կարգավիճակով ներկա լինել քննություններին: Ասենք, որ թե մեկը, թե մյուսը բնավ էլ նորություն չէ: Մանավանդ որ, Ս. Երիցյանը, ինչպես ինքը օրեր առաջ նշեց, 2 տարի առաջ հավատարմագրված է եղել ընդունելության քննություններին, եւ արել է այն, ինչ անում ենք մենք հիմա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել