Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԾՈՒՄ ՄՆԱԼՈՒ» ԱՐՎԵՍՏԸ

Մարտ 18,2004 00:00

«ԳԾՈՒՄ ՄՆԱԼՈՒ» ԱՐՎԵՍՏԸ Մարտի 15-ին լրացավ երթուղային տաքսիների պետական տեխնիկական զննության անցկացման եւ դրանք դեղին համագույնի համարանիշերով փոխարինելու ժամկետը, սակայն երեկ թիվ 100, 90, 84, 26, 24, 39, 33 եւ այլ ուղեգծերի մեքենաների մի մասը դեռեւս նախկին համարանիշերով էր երթեւեկում: Համաձայն կառավարության որոշման, բոլոր այն երթուղային տաքսիները, որոնց արտադրման ժամկետը 1988 թվականից ցածր է, երթուղի դուրս գալու իրավուք չունեն: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած թիվ 112, 55, 67 երթուղային գծերի վարորդների մի մասն էլ գործազուրկ է դարձել համակարգում առկա սողանցքները հաղթահարել չկարողանալու համար: Եթե Ալբերտ Հակոբյանի 1987 թ. «Ռաֆ» մակնիշի մեքենայի անձնագիրը ստուգելուց հետո պետավտոտեսչությունում պատճառաբանել են, որ ժամկետներին չի համապատասխանում եւ դեղին համարանիշ չեն տրամադրել, ապա 1996 թ. ուղեւորատար «Երազ»-ի վարորդ Գեւորգ Թորոսյանին գծի տերը ուշացումով է ուղարկել նոր համարանիշ ստանալու: Գ. Թորոսյանի կարծիքով, նպատակն իր մեքենան գծից դուրս թողնելն էր, քանի որ ինքն ի վիճակի չի եղել զարտուղի ճանապարհներով հարցը լուծել. «Պատճառն ամենեւին էլ իմ մեքենայի մակնիշը չէ, ուղեգծում իմ «Երազից» մի քանի անգամ վատ վիճակում գտնվող 5-6 «Երազներ» կան, որոնք «համապատասխանել» են պետավտոտեսչության սահմանած չափանիշներին եւ մնացել գծում»: Նշենք, որ թիվ 22, 109, 33 եւ այլ երթուղիներում եւս կան «Երազ» մակնիշի մեքենաներ, որոնք նոր համարանիշեր են կրում: Գործազուրկ վարորդները հավատացած են, որ այսքան սեղմ ժամկետներում իրականացրած փոփոխությունները, երբ մարդիկ չեն հասցրել գոնե մեքենաները վաճառել եւ 1988 թ-ից հետո արտադրվածները ձեռք բերել, նույնպես կանխամտածված էին, որպեսզի ուղեգծերից դուրս մնացած վարորդները ավտոշուկայում էժան գներով վաճառեն սեփական մեքենաները: Իսկ գծատերերը դրանք ձեռք կբերեն եւ կտրամադրեն գործազուրկ վարորդների: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031