Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԼԻՆԻ ԲԱՑ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ»

Մարտ 25,2004 00:00

«ԿԼԻՆԻ ԲԱՑ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ» Վստահեցնում են «Արդարություն» դաշինքի անդամները «Արդարություն» դաշինքը երեկ անցկացրեց իր հերթական «փակ» նիստը։ Դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները փորձում էին փակբերան լինել եւ որեւէ տեղեկատվություն չհաղորդել նիստի ընթացքի եւ ընդունած որոշումների մասին։ Մանավանդ՝ երեկվա նիստը ընդհատվեց մինչեւ այսօր։ Սակայն մենք փորձեցինք որոշակի հարցերի հետ կապված ճշտումներ ստանալ, ինչը որոշ չափով ստացվեց։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով «Ազգային միաբանություն»-«Արդարություն» դաշինք համագործակցությանը վերաբերող հարցին, ասաց, թե այս հարցի լուծումն առայժմ ընթացքի մեջ է. «եւ ես կարծում եմ, մոտ ժամանակներս կիմանանք դրական արդյունքի մասին»։ «Առավոտի» հարցին՝ դաշինքն իրո՞ք իր ծրագիրն այնպես է կազմել, որ իշխանափոխությունն հաստատ իրականանալու է, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Իշխանափոխությունն իրականանալու է, խոսքն այն մասին է, թե ի՞նչ է լինելու դրանից հետո»։ ԱԺՄ նախագահը հավելեց, որ նիստը փակ էր եւ այդ պատճառով ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել, սակայն ասաց նաեւ, որ նիստի ընթացքում հստակ քննարկվել են եւ լուծվել են հետեւյալ հարցերը. «ընդդիմադիր դաշտի միասնությունը, որը, համոզված ենք, որ ապահովվում է, հաջորդը՝ օրվա ճշտումն է, եւ հայտնի է, որ ապրիլի մեջ պետք է լինի, եւ երրորդը՝ իշխանափոխությունից հետո ի՞նչ հեռանկարներ պիտի լինեն Հայաստանում։ Էս երեք հարցի քննարկումից էլ գոհ եմ»։ Ուժային կառույցներում կատարվող թարմ փոփոխությունների մասին ԱԺՄ նախագահի կարծիքը միանշանակ էր. «մենք այդպիսի բաներ բազմիցս տեսել ենք, երբ իշխանությունը խախուտ է դառնում»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին հարցրինք՝ եթե իշխանություններն ընդդիմության գործողությունները փորձեն ճնշել ուժային մեթոդներով, արդյոք, ընդդիմությունը պատրա՞ստ է հակադարձման։ Վաղարշակ Հարությունյանն ասաց հետեւյալը. «մենք հստակ պատկերացնում ենք, թե իրենք ինչի՞ են ընդունակ եւ ի՞նչ կարող են անել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, եւ մենք ուժային որեւէ գործողության չենք դիմելու։ Մեզ դա պետք չէ։ Եթե ինքը (հավանաբար, նկատի ունի Ռ. Քոչարյանին.- Մ. Ե.) իրավիճակին, իր կարծիքով, «շատ լավ է տիրապետում» եւ կփորձի դիմել ուժային մեթոդների, դա կլինի իր վերջը»։ Վաղարշակ Հարությունյանը ի հավելումն ասաց. «ուժի գործադրման դեպքում ինքը (հավանաբար, Ռ. Քոչարյանը.- Մ. Ե.) թող մտածի հասարակության եւ ամբողջ աշխարհի առջեւ իր պատասխանատվության մասին»։ Վաղարշակ Հարությունյանին եւս հարցրինք՝ ինքը իրոք հավատո՞ւմ է, որ իշխանափոխության գործընթացը հաղթական ավարտ է ունենալու. «եթե չեն հավատում, չեն սկսում»,- եղավ պատասխանը։ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը մասնավորապես չհերքեց, որ «Ազգային միաբանությունը» լինելու է «Արդարություն» դաշինքի հետ, սակայն. «ես չէի ուզենա լոկալ հայտարարություններ անել։ Բնական է, որ ընդդիմությունն իր ընդհանուր հայտարարությունը կանի»։ Իսկ եթե իշխանությունը փորձի դիմել ուժի, որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը. «Կարծում եմ, եթե իշխանությունը գնա ուժի ճանապարհով, ապա ուժի ճանապարհները տարբեր են։ Զանգվածային միջոցառումների դեմ ուժային փորձերը կլինեն իշխանությունների վերջը։ Երեւի իշխանություններն էլ հասկանում են, որ եթե իրենք փորձեն կրակել ժողովրդի վրա, դա իրենց վերջը կլինի։ Եվ այդ իմաստով իշխանություններին այդքան թուլամիտ չեմ կարծում։ Իսկ ֆիզիկական բախումներ, ինչպես եղավ Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ, ապա հնարավոր է՝ իշխանությունները փորձեն հրահրել, բայց, կարծում եմ, իրենք հասկանում են, որ միացյալ ուժի դեմ իրենք ի վիճակի չեն կռվի ելնել»։ Իսկ եթե ընդդիմությունը ներսից քայքայվի՞, այսինքն՝ պառակտման ցեցը իշխանությունների ջանքերով բույն դնի ընդդիմության մեջ։ Մեր այս ձեւակերպմանն ի պատասխան նախկին ԱԺՄ-ականը նկատեց. «ցավոք սրտի, ես դառը փորձ ունեմ, թե ինչպես իշխանությունը ներսից փորձում էր քայքայել ե՛ւ ԱԺՄ-ին, ե՛ւ կոմունիստներին, ե՛ւ ՀԺԿ-ին։ Գիտեք, թե ինչ ինտրիգային խաղերի մեջ են այսօր իշխանությունները։ Եվ սա բնական է, քանի որ այսօր այս տիպի անմակարդակ իշխանություն ունենք։ Մենք էլ փորձելու ենք մեր մոտեցումների հստակությամբ բաց, հրապարակային պայքար ծավալել, թույլ չտալ, որ պրոցեսները տեղափոխվեն ինտրիգային դաշտ»։ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը բազմանշանակ ասաց. «քանի որ այսօրվա նիստը փակ էր, դա նշանակում է, որ ամեն ինչ շատ լուրջ էր»։ Իշխանությունների կողմից հնարավոր ուժի գործադրման դեպքում, ըստ Շավարշ Քոչարյանի՝ կարագացվի «իշխանությունների վերջի սկիզբը»։ Այսօր ժամը 17-ին «Արդարություն» դաշինքի փակ նիստը կշարունակվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել