Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԹԵՐ»

Մարտ 25,2004 00:00

«Ա1+»-Ը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵԹԵՐ» «Ա1+» հեռուստաընկերության պաշտպանության նախաձեռնող խումբը ապրիլի 2-ին կազմակերպում է երթ ու հանրահավաք, խոստանալով, թե իրենց պահանջները չբավարարելու դեպքում դիմելու են բողոքի շարունակական գործողությունների: 2002 թ. ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը, սակայն անցած տարի բողոքի ակցիայով չնշվեց այդ «տարելիցը»: Ըստ «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի՝ պատճառն այն է, որ այն ժամանակ «պետք է մրցույթներ լինեին ու դեռ հույսեր կային, որ կարող ենք վերադառնալ եթեր»: Այս ապրիլի 2-ին կազմակերպվելիք հանրահավաքի մասին կազմակերպիչները նախապես տեղյակ են պահել քաղաքապետարանին եւ ստացել թույլտվություն: Թեեւ, ինչպես հայտնեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը՝ «Քաղաքապետարանն առաջարկել է, որ Մատենադարանի մերձակայքում գումարենք հանրահավաքը, սակայն մենք նախընտրում ենք Ազատության հրապարակը»: Լինելու է նաեւ երթ, որը ժամը 14-ին սկսվելու է «Ա1+»-ի շենքի մոտից: Հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր են գնալ նախագահի նստավայր: «Սխալ կլիներ Ռոբերտ Քոչարյանի մոտ գնալը,- պատասխանեց Մեսրոպ Մովսեսյանը:- Այս երկու տարում դատարաններին այդքա՜ն դիմելուց հետո հասկացանք, որ չունենք դատաիրավական համակարգ ու նախագահ, իսկ նրանք էլ չեն ուզում ունենալ անկախ չորրորդ իշխանություն: Ունենք միայն հեռուստադիտողներ, որոնց եւ դիմելու ենք»: Միջանկյալ հիշեցնենք, որ Տնտեսական դատարանը «Ա1+»-ի հայցադիմումից 6 ամիս անց միայն որոշեց, թե ՀՌԱՀ-ը պարտավոր չէ գրավոր պատճառաբանել իր որոշման հիմքերը, ըստ որոնց մերժում կամ տրամադրում է արտոնագիր: Մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ են այս որոշումը Վճռաբեկ դատարանում՝ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ավանդույթը չխախտելու համար՝ երեւի: Սակայն դեռ չենք որոշել՝ պիտի խորհրդակցենք մեր փաստաբանների հետ»: Հանրահավաքի հայտարարության մեջ նշված են առաջադրվելիք պահանջները՝ «անցկացնել ազատ կապուղիների մրցույթ» եւ «մրցութային փաթեթների վարկանիշային գնահատման աշխատանքներին ներգրավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»: Սակայն, եթե անգամ զուտ տեսականորեն հնարավոր համարենք, թե բավարարվելու են այդ պահանջները՝ ՀՌԱՀ-ի գործող կազմի ու նաեւ «Ա1+»-ի փակման պատվերը տված ներկա իշխանության պայմաններում արդյունքները չե՞ն լինի նույնը, ինչ նախորդած 8 մրցույթներինը: «Մենք դիմում ենք՝ նրանք կարող են մերժել,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը:- Սակայն նման մերժման հետեւանքը լինելու է այն, որ ամսեամիս ավելի են խրվելու իրենց իսկ առաջացրած ճահճի մեջ»: Հիշեցնենք, որ միայն վերջին ամսում հրապարակվեցին ամերիկյան «Լրագրողների պաշտպանության կոմիտեի», բրիտանական «Արթիքլ 19»-ի եւ Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցները, որոնց մեջ Հայաստանի մասով իբրեւ «սեւ բիծ» էլի մնում էր «Ա1+»-ի եթերազրկումը: «Եվ երկար դեռ կմնա,- ասաց պրն Մովսեսյանը:- Ու մեր պայքարը կտեւի այնքան, քանի դեռ կան հեռուստադիտողներ, որ ամեն օր զանգահարում են մեր խմբագրություն»: Իսկ ըստ «Այբ-ֆե»-ի թղթակից Վիկտորյա Աբրահամյանի՝ մինչ այժմ էլ հեռուստադիտողները զանգերով պահանջում են, որ քայլեր ձեռնարկեն. «Անընդհատ հանգստացնում էինք նրանց, ասում, թե չենք ցանկանում քաղաքականացնել հարցը: Իսկ այժմ, քանի որ ավարտվել են իրավական դաշտում մեր բոլոր գործողությունները՝ առանց որեւէ արդյունք տալու, այլեւս չենք ցանկանում խաբել նրանց ու հույս տալ, թե սպասեք՝ մի բան կլինի»: Ուշադրություն հրավիրենք, որ հանրահավաքի պահանջների մեջ շեշտադրված են ազատ կապուղիները: Քանի որ հեռարձակման միակ օրինական հիմքն արտոնագիրն է՝ կարելի է ասել, թե ապօրինի են այժմ Հայաստանում հեռարձակվում արտոնագրեր չունեցող HTB-ն ու մալուխային AATV ցանցը: «Կան նաեւ այլ ազատ կապուղիներ: Որպես պրոֆեսիոնալ՝ ես հասկանում եմ, որ խաբում են, թե չկան չզբաղեցված հաճախություններ»,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը: Եվրամիության պատվիրակության ղեկավար Ուրսուլա Շլայխերը վերջերս խորհուրդ էր տվել այս հարցով ուսումնասիրություններ կազմակերպելու համար դիմել Եվրախորհրդին: Հետաքրքրվեցինք, թե փորձելո՞ւ են քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: «Մենք գործադրելու ենք բոլոր միջոցները»,- խոստացավ պրն Մովսեսյանը: Բողոքի այս գործողությանը սատարելու են ե՛ւ հասարակական կազմակերպություններ եւ ընդդիմադիր կուսակցությունները: «Մենք հրավիրել ենք բոլորին, ում համար թանկ է խոսքի ազատությունը եւ չորրորդ իշխանության գոյությունը»,- ասաց «Ա1+»-ի նախագահը: Գլխավոր հարցն է՝ դեռ հնարավոր համարո՞ւմ է, թե «Ա1+»-ը կարող է վերադառնալ եթեր. կա մոտեցում, թե քանի որ եթերազրկումը քաղաքական որոշման հետեւանք էր՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունն էլ կլուծի այս խնդիրը: «Կլինեն, թե չեն լինի քաղաքական փոփոխություններ ու ով էլ լինի նախագահը կամ վարչապետը՝ միեւնույն է, համոզված եմ, որ «Ա1+»-ն անպայման ունենալու է եթեր,- ասաց հեռուստաընկերության նախագահը:- Գուցե դա լինի 10 օր անց, գուցե տարիներ հետո, բայց միեւնույն է՝ մենք վերադառնալու ենք»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել