Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ տեղաշարժվելու հաճույքը

Մարտ 25,2004 00:00

Ազատ տեղաշարժվելու հաճույքը Ուսանողներն ամփոփեցին իրենց այցելությունը Սարդարապատ Երեկ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը, որը հայտնի դարձավ «Զինապարտության մասին» օրենքի դեմ իր, առայժմ արդյունավետ պայքարով, լրագրողներին հրավիրել էր մասնակցելու «Ազատ տեղաշարժման իրավունքը Հայաստանում» թեմայով քննարկմանը, որի նպատակն էր պարզել, թե ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքով տեղաշարժվելու ինչ իրավունքներ ունեն եւ ով կարող է սահմանափակել այդ իրավունքները: Հանդիպման առիթը մարտի 20-ի միջադեպն էր՝ Արմավիրի մարզ տանող ճանապարհին: Հիշեցնենք՝ թվով 500 ուսանողների այցելությանը՝ Սարդարապատի հուշահամալիր եւ Ազգագրության պետական թանգարան, խոչընդոտել էին մեծ թվով ոստիկանության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Նախաձեռնող խումբը քննարկումից առաջ նախ ցուցադրեց միջադեպից մի հատված, որ նկարահանվել էր սիրողական տեսախցիկով: Տեսնելով ոստիկանների պահվածքը եւ նրանց հետ տարվող բանակցությունները, քննարկմանը ներկա ՀՀ ոստիկանության, անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը չթաքցրեց, որ «ամաչեց այդ կադրերը նայելով»: Ա. Զաքարյանը նաեւ ճանաչեց միջադեպի «հերոսին»՝ Էջմիածնի ոստիկանապետ Սուքիասյանին: Տեսաժապավենում երեւում էր, թե ինչպես են ուսանողներին պատճառաբանում, որ «մարզում արտակարգ իրավիճակ է», «թանգարանը փակ է», «դեսանտ է իջել», «ատոմակայանին վտանգ է սպառնում եւ իրենք տեռորիստին են փնտրում» (սրան կեսկատակ հակադարձեց Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ տեռորիստին ի վերջո գտան. Վիկտոր Դալլաքյանն էր) եւ այլ անհեթեթ ու անգրագետ բառակապակցություններ: Նշենք, որ ուսանողների հետ տուժել են նաեւ հարյուրավոր այլ քաղաքացիներ, որոնց մեջ կային Էջմիածին ուխտի գնացողներ: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, մեր երկրում համառությունը դարձել է սեփական իրավունքների պաշտպանության հիմնական ձեւը, ինչին եւ դիմել են ուսանողները ու ի վերջո հասել թանգարան: Բոլոր ներկաները, այդ թվում եւ՝ ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Գասպար Վարդանյանը, ընդունեցին, որ տվյալ դեպքում խախտվել է մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, իսկ ըստ Շ. Քոչարյանի՝ առնվազն Սահմանադրության 5 կետ: Այո, կար Սարդարապատ այցելելու շարժառիթը. դա վերջինիս Ազգագրության թանգարանի կարգավիճակի հնարավոր փոփոխության հարցն էր, ինչին դեմ էր նախաձեռնող խումբը: Եվ եթե անգամ ուսանողները ցույց էլ կազմակերպեին, դա եւս նրանց սահմանադրական իրավունքն է, ինչն արգելող օրենք մեր երկիրը չունի եւ մինչ օրս, արգելելով, այսպես ասած, «չարտոնված» երթերն ու միտինգները, առաջնորդվում է Խորհրդային Հայաստանի վարչական օրենսգրքով, ինչը չի ընդունում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մարտի 23-ի համարում հիշյալ իրադարձության մասին պատմող լուսանկարը զուտ խորհրդանշական բնույթ ուներ: Նկարում պատկերված «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Սուքիասյանը դեպքի վայրում չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել