Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՌՈՇՅԱՆՈՒՄ՝ ՔՅԱԲԱԲ,ԿԱՍՅԱՆՈՒՄ՝ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ

Մարտ 25,2004 00:00

ՊՌՈՇՅԱՆՈՒՄ՝ ՔՅԱԲԱԲ,ԿԱՍՅԱՆՈՒՄ՝ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ Իդա Գրիգորյանը դժգոհում է վարսավիրանոցների մեծ թվից Նա հայ կանանց համարում է գեղեցիկ, բայց գտնում է, որ նրանք չպետք է նորաձեւ սանրվածքների հետեւից «վազեն»: «Նորաձեւն այն է, ում ինչ սազում է,- վստահեցնում է Իդան։- Նորաձեւ սանրվածքները շատ են, բայց դրանցով միշտ չի կարելի աշխատանքի գնալ ու հենց այնպես փողոց դուրս գալ»: Ի դեպ, Իդան 2000թ. մասնակցել է Սերգեյ Զվերեւի կազմակերպած վարսահարդարների մրցույթին ու գրավել 3-րդ տեղը: «Որովհետեւ առաջին 2 տեղերը ծանոթով գրավեցին Զվերեւի երեւանյան սալոնի աշխատակիցները»,- հիշեց վարսահարդարը: Մրցույթից հետո Իդան մասնակցության իրավունք ստացավ Գերմանիայում կայանալիք վարսահարդարների միջազգային մրցույթին, սակայն ամեն ինչ ի չիք դարձավ հովանավորի բացակայության պատճառով: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ծանոթանում հայ վարսահարդարները ոլորտի նորություններին: «Դոլորեսից», «Վելլայի» կատալոգներից: Սակայն դրանք ոչ ստանդարտ սանրվածքներ են ու հայուհիներին ոչ հարիր: Նման սանրվածք ցանկացողները պետք է ընդգծված ոճ ունենան, շատ մոդայիկ, արտառոց հագնվեն»,- բացատրեց վարսահարդարը: Հայուհիներին նա խորհուրդ տվեց շատ չհրապուրվել մազերը հարթեցնելու (ֆենելու), իսկ տոնական առիթներով սանրվածքի մեջ անպայման վարդ «խրելու» մտքով: «Մեր աղջիկներին շատ են սազում հայկական, բնական գանգուր մազերը: Թե չէ բոլորը ֆենած մազեր ունեն, ինչի պատճառով միօրինակ են, իրար նման»,- կարծում է Իդան: Ըստ նրա, այսօր նորաձեւ են համարվում «միլիրովկան» եւ «տոնիրովկան», որոնք շատերի գլխին, ոչ պրոֆեսիոնալ վարսավիրների պատճառով, վերածվել են գույների ոչ ներդաշնակ «խաղի»: Նորաձեւ են նաեւ կրակագույնի ու պղնձագույնի երանգները, վարսահարդարի խոսքերով՝ «ուրախ, թեթեւ գարնանային» գույները: Բայց, չգիտես ինչու, երբեմն թխամաշկ հայուհիները, չհետեւելով վարսահարդարի խորհրդին, որոշում են դառնալ շիկահերներ, ինչից նրանց արտաքինը այնքան էլ չի շահում: Ի. Գրիգորյանը դժգոհեց վարսավիրանոցների թվի աննախադեպ աճից. «Միայն Կասյան փողոցում 6-7 վարսավիրանոց կա՝ կողք-կողքի: Դա էլ վարսավիրների Պռոշյանն է: Մտածում են, որ գեղեցիկ ձեւավորեն սրահը՝ ուրեմն վերջ: Ուրիշ միտում էլ կա՝ բոլոր վարսահարդարները աշակերտներ ունեն, եթե այսպես շարունակվի, Հայաստանում միայն վարսավիրներ կլինեն»: Վարսահարդարը կարծում է, որ վարսավիրությունը նման է դերասանության: Անկախ տրամադրությունից՝ վարսահարդարը պարտավոր է յուրաքանչյուր հաճախորդի գոհացնել ոչ միայն իր աշխատանքով, այլեւ բարեհամբույր վերաբերմունքով: «Ամեն մեկի մազերը հարդարելիս պիտի իր նման դառնաս, իր նման մտածես, եթե որեւէ բան էլ ուզում ես խորհուրդ տալ, պիտի նրբորեն անես»,- ասաց Իդան: Իդայի թե տոնական, թե ամենօրյա սանրվածքները անուններ չունեն, որովհետեւ ապագա սանրվածքը հորինվում է հենց աշխատանքի պահին: Եվ որոշիչը այստեղ վարսահարդարի երեւակայությունն է ու հաճախորդի բնավորությունը: Իդայի կարծիքով, թեեւ հայուհիները քմահաճ չեն, սակայն պատահում են նաեւ այնպիսի հաճախորդներ, որ «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած»՝ պահանջում են իրենց ցանկացած ձեւով հարդարել մազերը, անկախ նրանից՝ կսազի՞ իրենց, թե՞ ոչ: Վարսահարդարը փաստեց, որ հայաստանցի մասնագետների աշխատանքից, որպես կանոն, գոհ են մնում ԱՊՀ-ից եւ արտերկրից ժամանած հյուրերը: «Նրանք զարմանում են ծառայությունների մատչելիության եւ բարձր որակի վրա (գները տատանվում են $10-50-ի սահմաններում): Ափսոսում են, որ իրենց երկրներում վարսահարդարի ծառայություններից օգտվելը թանկ հաճույք է, իսկ բարձրակարգ մասնագետները քիչ են»,- ասաց նա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել