Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՆՈՑՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ՍՊՈՐՏՈՒՄ

Մարտ 25,2004 00:00

ՁԵՌՆՈՑՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ՍՊՈՐՏՈՒՄ Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի բռնցքամարտի եւ ծանրամարտի հավաքականները: Երեկ նրանց այցելեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մարզիկների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «2004 թվականն օլիմպիական տարի է եւ ամեն բան պետք է արվի Խաղերին լավ նախապատրաստվելու համար: Մարզիկների հետ այս հանդիպումը հենց այդ նպատակին պետք է ծառայի: Ճիշտ է, մինչեւ Աթենք էլի հանդիպելու ենք: Ասեմ, որ կառավարության առջեւ խնդիր է դրված, որպեսզի մեր օլիմպիական թիմը այս ընթացքում որեւէ խնդիր չպետք է ունենա: Բոլոր հարցերը պետք է լուծվեն այնպես, որ թիմերը, մարզիչները, մարզիկները ապահովված լինեն բոլոր պայմաններով` մարզում, սնունդ, բժշկական սպասարկում եւ այլն: Պիտի անենք այնպես, որպեսզի եթե մարզիկը կամ մարզիչը հաջողություն չունենա, մեղադրելու լինի միայն ինքն իրեն: Արդյունք ունենալու համար գիշեր-ցերեկ աշխատել է պահանջվում: Օլիմպիական խաղերը ձեզանից յուրաքանչյուրի համար մարզական կարիերայում հաջողության հասնելու, դրսեւորվելու եւս մի հնարավորություն է: Հաղթանակների համար հարկավոր է ամեն ինչ դնել մի կողմ, մոռանալ ամեն ինչի մասին: Իսկ այդ հաղթանակները միայն ձերը չեն, այլ բոլորինս են: Անձամբ ես մեր մարզիկների ամեն մի հաղթանակ իմն եմ համարում եւ ուրախանում եմ, գուցե, ձեզանից ավելի շատ: Ես մեր օլիմպիական չեմպիոնների հետ հաճախ եմ հանդիպում: Տրամադրվածությունը, տեսնում եմ, մարտական է: Ցանկանում եմ, որպեսզի բոլորդ հաջողություններ ունենաք, սակայն դրանք պետք է նվազագույն սահմանի վրա լինեն: Ես պլանավորում եմ մի քանի օրով Աթենքում ներկա լինել օլիմպիական խաղերին: Հավանական է, դա կլինի վերջին օրերին: Հուսով եմ, որ ինձ Խաղեր մեկնելուց հրաժարվելու համար պատճառներ որոնելու առիթ չեք տա: Ուզում եմ հավատալ, որ Աթենքում նաեւ մեր դրոշը բարձրացած տեսնելու ուրախությունը կունենանք»: Այնուհետեւ նախագահը լսեց մարզիչներին, մարզիկներին, թե ինչ հոգսեր, չլուծված խնդիրներ ունեն այս ժամանակափուլում, խոստացավ բոլոր հարցերին լուծումներ տալ: «Ես առաջին անգամ եմ լինում «Այգ» մարզահամալիրում: Ինձ այս մարզակառույցի մասին գովական շատ բաներ էին ասել: Հիմա լինելով այստեղ, տեսա եւ ուրախ եմ, որ մի մասնավոր անձ (Աբրահամ Բաբայանը172 Ա. Հ.), նախկին մարզիկ եւ սպորտի մեծ սիրահար, խոշոր ներդրումներ է կատարել, կառուցել է այս բազան, ուր գալիս ու մարզվում են մեր մարզիկները»: Ավանդույթ է դարձել, որ ամեն հանդիպման ժամանակ մարզաշխարհը նախագահին, ի նշան սպորտի հանդեպ ունեցած մեծ սիրո գնահատանքի, մարզական նվեր է մատուցում: Երեկ բռնցքամարտի հավաքականը մարզիչների եւ օլիմպիական թեկնածուների ստորագրություններով մեկ զույգ բռնցքամարտի ձեռնոց նվիրեց Ռոբերտ Քոչարյանին: Ընդունելով նվերը, նախագահն ասաց. «Հասկանում եմ, որ այս ձեռնոցները քաղաքական դաշտում օգտագործելու իրավունք չունեմ»: Այս խոսքերը, ի նշան համաձայնության, արժանացան ծափահարությունների: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել