Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմահարդարումը կնոջ այցեքարտն է

Ապրիլ 01,2004 00:00

Դիմահարդարումը կնոջ այցեքարտն է Կարծում է այդ գործի մասնագետ Հրանուշ Եղոյանը Հունիսին Միլանում կկայանա Վարսահարդարների ու դիմահարդարների հերթական միջազգային մրցույթը, որին մտադիր է մասնակցել մեր հայրենակցուհի, ճանաչված դիմահարդար, միջազգային մրցույթների հաղթող Հրանուշ Եղոյանը: Ի դեպ, նա ամեն տարի հոկտեմբերին Մոսկվայում կազմակերպվող նման մրցույթի ժյուրիի անդամ է: Հրանուշը գտնում է, որ հայուհիները գրավիչ դիմագծեր ունեն, որոնք փոքր-ինչ ընդգծելու դեպքում ավելի հմայիչ են դառնում: Ըստ նրա, հատկապես գեղեցիկ են մեր կանանց աչքերը, ուստի չարժե դրանք չափից շատ «լղոզել» ստվերաներկով կամ թարթիչները «ծանրաբեռնել» տուշի ավելորդ քանակությամբ: Բայց այլ կարծիք լինել չի կարող, որ հարդարված թարթիչները կնոջ դեմքի զարդն են: Այս առիթով Հրանուշը հիշեց տարիներ առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Երբ կանանց հարցրել են՝ «Եթե թույլատրվի ընդամենը մեկ կոսմետիկ միջոց վերցնել անմարդաբնակ կղզի գնալուց առաջ, ինչ կտանեիք ձեզ հետ», հարցման մասնակիցների 90%-ը պատասխանել է՝ տուշ: Դիմահարդարի համոզմամբ, մեր կանայք ավելի հաճախ սխալվում են իրենց հոնքերի ձեւի հարցում՝ պահանջում են «նկարել» կեռ-կեռ գծեր, որոնք փոխանակ դեմքին մեղմություն հաղորդելու, «ներսում կուտակված ագրեսիայից բացի, ոչինչ չեն արտահայտում»: Կողմնակից լինելով նորաձեւության մեջ համարձակ քայլերին, դիմահարդարը խորհուրդ չի տալիս նորաձեւության գերին դառնալ կամ «պատճենել» արտասահմանյան ամսագրերում եղածը: Բայց նաեւ գտնում է, որ յուրաքանչյուր հայ կին պետք է գոնե մեկ անգամ խիզախի լինել նորաձեւ ու անսովոր եւ երբեմն օգտվի դիմահարդարի ծառայություններից: Դիմահարդարին զարմացնում է այն, որ հայուհիները խուսափում են կարմիրի երանգներից՝ պատճառաբանելով, որ այդ գույնն իբր իրենց չի սազում: Փոխարենն այնպիսի մռայլ, անբնական գույներով են ներկում շուրթերն ու երեսը, որ կենդանի մարդուն հատուկ չէ: «Ես քանիցս հաճախորդներին ապացուցել եմ, որ բոլոր գույներն էլ իրենց համար են, կարեւորը երանգի ճիշտ ընտրությունն է: Անգամ կարմիրը ունի այնպիսի նրբերանգներ, որոնք կարելի է ներդաշնակել ուզածդ արտաքինի հետ»,-վստահ է դիմահարդարը: Ըստ նրա, մակիաժը ընդամենը տեսողական «խաբկանք» է, եւ լավ մասնագետը կարող է ցանկացած կնոջից գեղեցկուհի «նկարել»: Բայց ոչ միշտ եւ ոչ ամեն տեղ կարելի է երեւալ նման տեսքով: «Երբեմն պատահում են գործարար կանայք, որոնք ճիշտ չեն դիմահարդարվում: Իմանալով, որ ըստ աշխատանքի բնույթի անընդհատ շարժման մեջ են ու չեն կարող ժամանակ առ ժամանակ դիմափոշին թարմացնել, շպարվում են հաստ շերտով ու հարցը լուծված համարում: Զրուցակիցները, գործից խոսելու փոխարեն՝ հաստատ կշեղվեն բուն նյութից՝ նկատելով նրանց ծորացած շրթներկը կամ քրտնելուց մոխրագուն դարձած դիմափոշին,- նկատեց Հրանուշը,- արվեստի մարդու մակիաժն այլ է, գործարար կնոջը՝ այլ, ուսանողինը՝ ուրիշ: Իսկ առօրյայում կանայք լրիվ այլ տեսք պիտի ունենան»: Մեր՝ «Հայաստանում է՞լ են շատ տղամարդ դիմահարդարները» հարցին Հրանուշը պատասխանեց. «Որպես կանոն, աշխարհում գերակշռում են տղամարդ վիզաժիստները, մոդելավորողները, վարսահարդարները: Մեզ մոտ հակառակն է, տղամարդիկ քիչ են»: Հետաքրքրվեցինք՝ կի՞ն, թե՞ տղամարդ դիմահարդարը ավելի շուտ կնկատի կնոջ դեմքի ու բնավորության գրավչությունը եւ դիմահարդարման միջոցով ճիշտ կընդգծի այն: «Երեւի տղամարդիկ փորձում են կերտել իրենց համար ցանկալի կնոջ կերպարը, հետեւաբար որոշակի սուբյեկտիվություն կա նրանց աշխատաոճում: Իսկ կանայք գիտեն ինչ է պետք կանանց, որպեսզի նրանք նվաճեն տղամարդկանց»,- կես կատակ-կես լուրջ ասաց Հ. Եղոյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել