Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆՈՏ ԵՐԵՔՇԱԲԹԻ

Ապրիլ 14,2004 00:00

ԱՐՅՈՒՆՈՏ ԵՐԵՔՇԱԲԹԻ Երեւանի հիվանդանոցները՝ ոստիկանության «փայլուն օպերացիայից հետո» Առավոտյան Երեկ առավոտյան խոսակցություններ էին պտտվում, որ գիշերային հանրահավաքի մասնակիցներին մահակներով ծեծել են, ենթարկել «էլեկտրաշոկի», եւ նույնիսկ՝ կրակ բացել նրանց վրա ու սպանել մի քանիսին։ Որպեսզի «բերան-բերան» փոխանցվելիս «ծաղկող» ինֆորմացիայի համար հակակշիռ ստեղծվի, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ժամը 12-ին լրագրողներին ներկայացրեց գիշերային իրարանցումից տուժածների վիճակը։ Ըստ վարչության պետ Արմեն Սողոյանի, այդ գիշեր Շտապօգնության ծառայությունը կանչ է ստացել 30 քաղաքացիներից։ Ընդ որում, ոմանք զանգել են ոչ թե դեպքի վայրից, այլ տնից։ 30-ից 16-ին տեղափոխել են մայրաքաղաքի 5 հիվանդանոցներ՝ մարմնամասերի սալջարդով։ Ա. Սողոյանը բացառեց էլեկտրահարության եւ հրազենային վնասվածքի դեպքերը։ Տուժածների ցուցակի մեջ չկար Արտաշես Գեղամյանի անունը, չնայած նա էլ էր ենթարկվել ծեծի։ Վարչության պետի ասելով, անվճար բուժօգնություն ստացած հիվանդների մեջ ամենածանր ախտորոշումը ուղեղի ցնցումն էր, շատերն ապրել էին հոգեկան ցնցումներ։ Առավոտյան քաղաքապետարանում հանդիպեցինք Նոր Նորքի «Շտապօգնության» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին։ Մեր հարցերին նա պատասխանեց, որ իրենց ընդունած 10 վիրավորներն արդեն լավ վիճակում են, շատերը գնացել են տուն։ «Բոլորն էլ խեղճ, օրավարձով աշխատողի տպավորություն թողնող միջին տարիքի տղամարդիկ էին։ Վստահ կարող եմ ասել, որ նրանք ուղղակի չեն իմացել՝ ուր են եկել եւ ինչ կարող էր պատահել իրենց հետ»,- ասաց Ա. Մինասյանը։ Մեր հարցին, թե, իր տպավորությամբ, այդ մարդիկ գումարի դիմա՞ց են համաձայնել գիշերել Բաղրամյան փողոցում, Ա. Մինասյանն ասաց. «Ես ինձ թույլ չտվի նման հարց տալ»։ Կեսօրից հետո Ծեծի ենթարկվածների եւ հիվանդանոց տեղափոխվածների թվում էին «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցներ Հայկ Գեւորգյանն ու Ավետիս Բաբաջանյանը: Հ. Գեւորգյանին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորվելուց մոտ 2 ժամ հետո, երբ ոստիկանության բաժանմունքի աշխատակցի ահազանգով շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց՝ կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ: Երեկ կեսօրին «Շտապօգնության» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը բոլոր 10 հիվանդների վիճակը գնահատեց բավարար, ասելով, որ նրանցից ութին դուրս են գրել, իսկ երկուսին՝ արտաշատցի Սուրեն Կարապետյանին եւ երեւանցի Հարություն Ղազարյանին տեղափոխել են նեյրովիրաբուժական եւ ուրոլոգիական բաժանմունքներ՝ հետազոտվելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու: Ժամը 14-ին վերջիններս նույնպես դուրս են գրվել: Գիշերվա տուժածներից է նաեւ Աբրահամ Աբրահամյանը, որին մարմնական բազմաթիվ վերքերով ու պատռվածքներով տեղափոխել են թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հեպոտոլոգիայի բաժանմունք: Նա դեռեւս բուժվում է: «Շտապօգնության» հիվանդանոցում ականատեսները պատմում են, որ գիշերվա ուշ ժամին, «ամբողջովին արյան մեջ կորած» այդքան թվով մարդկանց բերելը մեծ իրարանցում է առաջացրել: Կտրուկ վատացել է նաեւ հիվանդանոցում մինչ այդ բուժվող մի քանի հիվանդների ինքնազգացողությունը, որոնց մի մասը նոր վիրահատվածներ են եղել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930