Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինը տարի իշխանության եք, այլևս 2018-ի պատանին չեք և պատասխանատվություն եք կրում ձեր վարած քաղաքականության համար»․ Ագնեսա Խամոյանը՝ Արման Եղոյանին

Նոյեմբեր 12,2026 16:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե քաղաքական մեծամասնությունն այս խնդիրների հետ առերեսվեր, ընդուներ, մենք ՀՀ-ում չէինք ունենա այն պատկերը, ինչն այսօր ունենք։ Մենք խոսում ենք քաղաքական նպատակադրումներով մարդկանց հալածելու մասին։ Մամիկոն Ասլանյանն ամենավառ ապացույցն է, թե ինչպես են ՏԻՄ ընտրությունները ՀՀ-ում վերածվել 90 տոկոսանոց պատկերի, երբ բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող ՏԻՄ-երի ղեկավարները՝ Քաջարանի, Գորիսի, Մեղրիի, Բերդի, Վարդենիսի, Գյումրիի՝ ոչ իշխանական ղեկավարներ հայտնվում են ճաղավանդակի հետևում։ Այս փաստերի համադրությունն ընդամենը մեկ բանի մասին է խոսում․ թիրախավորված հետապնդում ոչ իշխանական հայացքներ ունեցող ՏԻՄ ներկայացուցիչների նկատմամբ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում  հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ կալանքը ՀՀ-ում իշխանությունները դարձրել են պատժիչ գործիք․ «Կալանքը ՀՀ-ում դարձել է ուղղակի գործիք՝ այլախոհների, այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Դուք չեք կարող որևէ կերպ արդարացնել, թե ինչպես է ստացվել, որ չորս ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտնվել են բանտերում»։

Նա, հղում կատարելով միջազգային կազմակերպությունների քննադատական գնահատականներին, ասաց, որ պետք է իշխանության ներկայացուցիչները դրանք դարձնեն իրենց սեղանի գիրքը։

Արձագանքելով Լիլիթ Գալստյանին և այն փաստին, որ «Հայաստան» խմբակցությունը քննարկման էր ներկայացրել «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով հայտարարությունը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց․ «Դաշնակցության ներկայացուցիչն եկել, ասում է՝ ապրել եք հետընթաց։ Ինչի՞ց ենք ապրել հետընթաց՝ դաշնակցական տարիների, թե՝ մեր իսկ տարիների։ Եթե մեր իսկ ինդեքսի համեմատ է հետընթացը, մեր խնդիրն է, մենք կլուծենք, դա ձեր բարձրացնելու հա՞րցն է, դուք ձեր տարիների ինդեքսին նայեք։ Դուք հիմա ի՞նչ հիմքով, ի՞նչ երեսով եք եկել և խոսում մեր իշխանության տարիների ինդեքսից, համեմատում մեր իշխանության տարին մեր իշխանության տարու հետ․․․Ասածս այն է, որ ով խոսի ժողովրդավարության հետընթացից, դուք խոսեք ծովից ծով Հայաստանից»։

Արման Եղոյանն առաջարկեց դեմ քվեարկել «Հայաստան» խմբակցության բերած նախագծին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ, արձագանքելով Արման Եղոյանին, ասաց, որ կրքոտ հռետորի տեղը զբաղեցված է և հորդորեց այդ դիրքին հասնելու որևէ ակնկալիք և ցանկություն չունենալ․ «Դուք ինը տարի իշխանության եք և այլևս 2018-ի պատանին չեք և պատասխանատվություն եք կրում ձեր վարած քաղաքականության համար։ Եթե 2018, 2019, 2020-ին կարող էիք ձեր բացթողումները հիմնավորել նախկինում եղած սխալներով, ապա 9-րդ տարում լինելով իշխանություն՝ մեղմ ասած՝ զավեշտալի է։ Մարդիկ այդ արդարացումներից հոգնել են։ Չեմ հասկանում՝ կրքերն ինչո՞ւ բորբոքվեցին, լսումներ ենք հրավիրել, մենք չենք ակնկալում, որ որպես իշխանություն՝ պետք է ասեք, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, բայց դա փաստ է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Օրինակ՝ երբ Գագիկ Ծառուկյանը ձեր քաղաքական օրակարգի հետ հաշտ էր, խոշոր սեփականատեր էր, հիմա ինքը դարձել է վերջին կոռուպցիոներն էս երկրի։ Երբ Սամվել Կարապետյանի հետ հարաբերությունները բարիդրացիական էին, նա ձեզ համար մեծն բարերար էր, բայց երբ ի աջակցություն եկեղեցու և նաև քաղաքական որոշակի հետաքրքրություններ դրսևորեց, ձեզ համար դարձավ ազգի թշնամի։ Երբևէ ձեզ մոտ հարց առաջացե՞լ է՝ ձեր գործընկեր, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը չորրորդ ամիսն է ԱԺ նիստերին չի մասնակցում, ո՞ւր է։ Մինչև փետրվար տնային կալանք է տվել դատավորը։ Էս հարցը ձեզ մտահոգո՞ւմ է, թե՝ ոչ։ Երբ խոսում ենք Արսեն Գևորգյանի մահվան մասին, որին ենթադրյալ կաշառքի գործով տարել են կալանքի, այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ երիտասարդ՝ երկու քրեական գործով անցած, հոգեբուժարանում հաշվառված, անմեղ մարդուն դանակահարում ու սպանում է։ Այս է տարբերությունը, որ ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, որոնք հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում»։

«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում մերժվեց։

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել