Լրահոս
Օրվա լրահոսը

Չբացահայտված հարցեր չե՞ն լինի

Ապրիլ 20,2004 00:00

Չբացահայտված հարցեր չե՞ն լինի Ապրիլի 13-ի գիշերվա «կարգուկանոն հաստատողները» շարունակում են կամ հրաժարվել մեկնաբանություններից, կամ հերքել իրենց վերագրվող քննադատություն-մեղադրանքի մի մասը: Երեւանի Կենտրոն համայնքի թիվ մեկ ոստիկան Հովիկ Թամամյանը մերժեց իրեն ուղղված քննադատությանը պատասխանելու «Առավոտի» առաջարկը: «Դիմեք մեր լրատվականին», ասաց ու չսպասեց մեր պատասխանին: Լրատվականն էլ մեզ փոխանցեց լրագրողներին ծեծելու կազմակերպիչ-համակարգող մեղադրանքից հրաժարվելու ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի հայտարարությունը, որը տարածել է «Արմինֆոն»: Վարյանը ասել է, թե «Հայկական Ժամանակի» թղթակից Հայկ Գեւորգյանին ոչ տեսել է, ոչ էլ ֆոտոխցիկն է վերցրել: Դրան ի պատասխան Հ. Գեւորգյանն «Առավոտին» ասաց, որ այլ բան Վարյանից չէր էլ սպասում: Հակառակ դեպքում, ըստ լրագրողի, Վարյանը պետք է հաներ ուսադիրները եւ մի քանի տարի գտնվեր ազատազրկման վայրում, ինչը այսօրվա Հայաստանում անհնար է: Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն էլ «Հայլուրի» եթերում ասաց, որ լրագրողներին ծեծել են, նախ՝ որովհետեւ նրանք չեն արձագանքել տարածքը լքելու ոստիկանության կոչին եւ ապա՝ մութ եւ խառը իրավիճակում դժվար է ճանաչել լրագրողներին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանը այս առթիվ «Առավոտին» ասաց, որ չի կարելի անվերապահ ընդունել լրագրողների այն հայտարարությունը, թե ոստիկաններն են ծեծել իրենց: Բայց չի կարելի նույն կերպ ընդունել նաեւ ոստիկանների ասածը, թե իրենք չեն ծեծել: Այս հարցերը պարզվելո՞ւ են՝ մեր հարցին ի պատասխան՝ պրն Շիրինյանը ասաց, թե չբացահայտված հարցեր չեն լինի: Ս. Շիրինյանը չգիտեր, այս հարցերը կպարզվեն արդեն հարուցված քրեական գործերի՞ քննությամբ, թե՞ նոր գործեր կհարուցվեն, ոստիկանները կարգապահական տույժեր կստանա՞ն, թե՞ ոչ, բայց կրկնեց, որ չբացահայտված հարցեր չեն լինի ու հանրությունն էլ կտեղեկացվի: Ոստիկանությունը առայսօր ոչինչ չի արել, գոնե հրապարակավ, նաեւ ապրիլի 5-ի հանրահավաքում ձվանետմամբ ու լրագրողներին «թեթեւ քաշքշելով» աչքի ընկած, միանգամայն հայտնի անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ձեւն ու չափը ճշտելու համար: Ի դեպ, երեկ ոստիկանությունն անդրադարձավ նաեւ Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանը, որ ապրիլի 13-ի գիշերը ցուցարարներին ծեծող մարդկանց մեջ կային նաեւ «ղարաբաղյան ակցենտով» խոսող անձինք: Ոստիկանության լրատվականը դա «կեղծիք եւ սադրանք» է համարում: Ն.Գ. Ա.Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել