Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեգիոնին լավ ծանոթ» Սթիվեն Մանը

Ապրիլ 20,2004 00:00

«Ռեգիոնին լավ ծանոթ» Սթիվեն Մանը 1992թ. հունվարին դեսպան Սթիվեն Մանը փոխանցեց դիվանագիտական նոտա, որով էլ ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հենց նա էլ Երեւանում բացեց ԱՄՆ առաջին դեսպանատունը եւ ծառայեց որպես ՀՀ-ում ամերիկյան առաջին ժամանակավոր հավատարմատար: Բոլորովին վերջերս դեսպան Մանը նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ, այդ պաշտոնում փոխարինելով Ռուդոլֆ Փերինային: Հատկանշական է, որ Սթիվեն Մանն ամենաուղղակի առնչություններ է ունեցել նաեւ Ադրբեջանի հետ: Վերջինս եղել է «Բաքու-Ջեյհան» նախագծի փաստացի համադրողը: Հանդիսացել, եւ այժմ էլ հանդիսանում է Կասպյան տարածաշրջանում էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: Հենց այս վերջին հանգամանքն էլ ադրբեջանական մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Բաքվի որոշ փորձագետներ, հանձին Մանի, տեսնում են «Ադրբեջանի լավ բարեկամի եւ դաշնակցի», մինչդեռ ուրիշներն այս նշանակումը գնահատում են իբրեւ տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի հստակեցում, ինչով պարզորեն ակնարկվում է, թե «Բաքու-Ջեյհան»-ի հիմնական ոգեշնչող եւ իրականացնող ԱՄՆ-ը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ»: Արդյո՞ք այս հանգամանքն իսկապես որոշակի դեր է ունեցել Սթիվեն Մանին Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ նշանակելու խնդրում: Այս հարցով «Առավոտը» դիմեց հենց իրեն՝ ՄԽ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին, որը երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանդես եկավ կարճատեւ բրիֆինգով: «Հատուկ ցանկանում եմ ընդգծել. այս նշանակումը բացառապես պայմանավորված է իմ՝ այս տարածաշրջանին լավ ծանոթ լինելու հանգամանքով»,- ի պատասխան նշեց Մանը, հավելելով՝ թե շուրջ 25 տարի է, ինչ նրա դիվանագիտական գործունեությունն առնչվում է ԽՍՀՄ-ին եւ ետխորհրդային երկրներին: «ՄԽ համանախագահի պաշտոնում ես լիովին ներկայացնելու եմ ԱՄՆ շահերը, ինչի վերաբերյալ կոնկրետ հանձնարարություն ունեմ իմ կառավարությունից», նաեւ այսպիսի, առաջին հայացքից գուցե ոչ այնքան դիվանագիտական, բայց եւ խիստ ուշագրավ հայտարարություն արեց Սթիվեն Մանը: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն, ի վերջո, կոլեկտիվ ինստիտուտ է, եւ թվում է, թե այնտեղ պետք է համատեղվեին առնվազն երեք՝ ամերիկյան, եվրոպական եւ ռուսական շահեր: Սթիվեն Մանի գնահատմամբ համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս Պրահայում կայացած հանդիպման ժամանակ «շատ օգտակար քննարկումներ են ծավալվել»: Ամերիկացի դիվանագետը հավաստիացրեց, թե ԱՄՆ-ը լիովին նվիրված է ԼՂ հարցում ԵԱՀԿ միջնորդային գործունեությանը եւ շահագրգիռ է խնդրի խաղաղ կարգավորմամբ: Հարցին, թե մտադի՞ր է արդյոք նա այցելել Ստեփանակերտ, Մանը դրական պատասխանեց, նշելով, սակայն, որ առայժմ ոչինչ չի կարող ասել այդ այցի ժամկետների մասին: Սթիվեն Մանը Երեւանում հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Երեկ երեկոյան նա Երեւանում պետք է հանդիպեր նաեւ ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանին: Ի դեպ, այս մասին խոսելիս վերջինս դիվանագիտորեն խուսափեց նշել Ղուլյանի պաշտոնը: ՄԽ նորանշանակ համանախագահը Երեւանից պետք է մեկներ Թբիլիսի, իսկ այնտեղից՝ Բաքու: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել