Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Մայիս 07,2004 00:00

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ Կասպարովը կգլխավորի Հայաստանի հավաքակա՞նը Շախմատային սայթերը տեղեկացնում են, որ հունիս ամսին Մոսկվայում անցկացվելու է միջազգային մրցաշար՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-րդ տարեդարձին: Հանդիպելու են Հայաստանի եւ աշխարհի հավաքականները: Մեր ընտրանին գլխավորելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Նույն աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ աշխարհի հավաքականը գլխավորելու է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը մրցաշարին պատշաճ ձեւով նախապատրաստվելու համար հրաժարվել է մասնակցել Տրիպոլիում կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը: Երեկ ՀՀ շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանից պարզեցինք տեղեկատվության հավաստիությունը: Նա ասաց, որ այդպիսի մրցամարտ, իրոք, նախատեսվում է: Կասպարովի գլխավորելիք թիմում ընդգրկվելու են Պետեր Լեկոն, Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը: Նշվում էր նաեւ Բորիս Գելֆանդի անունը, բայց դա դեռ պետք է ճշգրտվի: Իսկ եթե այդ թիմը կոչել են Հայաստանի հավաքական, դա պայմանական է: Հետաքրքրվեցինք, թե ու՞մ է հավաքագրել Անանդը եւ արդյոք մրցամարտի ժամկետները չե՞ն համընկնում աշխարհի առաջնության հետ: «Անանդի թիմում կոնկրետ անուններ դեռ չկան: Դրանք հայտնի կդառնան մոտ օրերս,- պատասխանեց Վ. Զաքարյանը:- Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 18-ին, իսկ մրցամարտն ավարտվելու է դրանից մեկ օր առաջ` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը: Այնպես որ, հայաստանցիները պետք է հասցնեն նույն օրը մեկնել Տրիպոլի»: Վեցը` առաջին հարյուրյակում Հրապարակվել է պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը մայիսի 1-ի դրությամբ: Այն առաջվա պես գլխավորում է Գարրի Կասպարովը: Լավագույն եռյակում են` 2. Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), 3. Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան): Առաջին տասնյակում ըստ հերթականության տեղ են զբաղեցնում Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Յուդիթ Պոլգարը (Հունգարիա), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը եւ Նայջլ Շորթը (երկուսն էլ` Անգլիա): Հայաստանի վեց գրոսմայստերներ մտնում են առաջին հարյուրյակի մեջ: Նրանք են` 22. Վլադիմիր Հակոբյան, 34. Լեւոն Արոնյան, 69. Կարեն Ասրյան, 75. Ռաֆայել Վահանյան, 77. Սմբատ Լպուտյան, 84. Գաբրիել Սարգսյան: Արտաշես Մինասյանը 161-րդն է, Աշոտ Անաստասյանը` 175-րդը, Արսեն Եղիազարյանը` 215-րդը: Կմասնակցեն աշխարհի առաջնությանը Հունիսի 18-ից հուլիսի 13-ը Տրիպոլիում անցկացվելու է նոկաուտ համակարգով շախմատի աշխարհի առաջնությունը: Նախապես հայտ ներկայացրել էր 128 շախմատիստ: Սակայն մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 114-ը: 14 «հրաժարվածներից» վեցը ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին տասնյակում են: Նրանց փոխարինելու համար ընտրություն կկատարվի «պահեստայինների» ցուցակից, որոնց մեջ է նաեւ Ռաֆայել Վահանյանը: Մասնակիցների վերջնական ցուցակում, որ հրապարակվել է պաշտոնապես, մեր հանրապետությունը ներկայացնելու են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը: Տրիպոլիում հանդես է գալու նաեւ Լեւոն Արոնյանը, որը, սակայն, պաշտպանելու է Գերմանիայի մարզական դրոշի պատիվը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել