Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ, ՈՐ ԻՄԻՏԱՑԻԱ ՉԷ

Հուլիս 17,2004 00:00

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ, ՈՐ ԻՄԻՏԱՑԻԱ ՉԷ Հունիսի 13-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նամակով դիմել էր ԱԺ խումբ-խմբակցություններին՝ առաջարկելով հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնող մոնիտորինգի հանձնաժողով գործուղել մեկական ներկայացուցիչ։ Ստորեւ ներկայացնում ենք «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի պատասխանն այդ նամակին. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, «Ազգային Միաբանություն» խմբակցությունը չափազանց կարեւորում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անելու խնդիրը։ Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք, թե վերջապես հանրապետության պատկան մարմինները երբ ընթացք կտան կոռուպցիայի այնպիսի վառ դրսեւորումների հետեւում կանգնած մարդկանց բացահայտմանը, ինչպիսիք էին Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 30 մլն դոլարի ջրային վարկերի մսխումը, որի բացահայտմամբ Ազգային ժողովի բարձր ամբիոնից հանդես եկաք Դուք, ինչպես եւ քաղաքի փոքր կենտրոնում չնչին գումարներով սեփականաշնորհված հսկայական տարածքները, նաեւ՝ դատաիրավական համակարգի բարեփոխման համար նախատեսված 4,5 մլն դոլարի ոչ նպատակային օգտագործումը, որոնց բացահայտմամբ էլ հանդես եկավ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը, եւ բազմաթիվ նմանատիպ հրապարակավ բացահայտված կաշառակերության ու կոռուպցիայի դրսեւորման այլ երեւույթներ։ Ուստի անհամբեր սպասում ենք այդ աղմկահարույց թալանները կազմակերպած անձանց բացահայտմանն ու օրենքով պատժմանը, որը եւ կհամոզի մեզ, որ իշխանությունները ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են ուզում ստեղծել, այլ լի են գործուն վճռականությամբ։ «Ազգային Միաբանությունը» վերը հիշատակված փաստարկներից ելնելով՝ առայժմ ձեռնպահ է մնում իր մասնակցությունը բերել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ Ձեր նամակում հիշատակված նախաձեռնություններին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել