Լրահոս
Օրվա լրահոսը

Համառ դատապարտյալներ եւ «անուշադիր» բանտապահներ

Մայիս 05,2005 00:00

Շարունակվում է Գորիսի բերդից փախուստի գործի դատաքննությունը: Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք հանդիպել էին ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հետ:

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը փախուստի գործով հարուցված քրեական գործի դատավարությանը ներկայացել էր խոշտանգված, գլխին տեսանելի էր սպի եւ նա, ինչպես նախորդ դատական նիստին, երեկ էլ հայտարարեց, որ իրեն անվտանգ չի զգում:

Երեկ մեկուսարանում շարունակվում էր Սողոմոն Քոչարյանի, Մհեր Ենոքյանի (մեղադրվում են փախուստ կատարելու մեջ), Յուրա Սարգսյանի, Մարտուն Կարապետյանի, Արթուր Արիստակեսյանի, Իսրայել Ենոքյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը (մեղադրվում են հանցագործությունը պարտակելու եւ իմանալ չհայտնելու մեջ):

«Փախուստը պարտակող» 65-ամյա Մարտուն Կարապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իր խնամքին ունի 93 տարեկան մայր եւ 3,5 ամիս կալանքի տակ է: Եվս երեքը գտնվում են նրա խնամքի տակ եւ չեն աշխատում: Նա աշխատել է Գորիսի «Լույս» տաքսի ծառայությունում որպես վարորդ:

Երեկ մեկուսարան էին եկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պատասխանատուներից Գագիկ Բաբայանը, Հրաչ Ծատրյանը, Սասուն Դոլունցը, Արարատ Մեսրոպյանը: Գ. Բաբայանը հայտնեց, որ հերթափոխի հրահանգավորումից հետո խցերում ամեն ինչ եղել է բնականոն, սակայն 2004-ի դեկտեմբերի 9-ին շրջայցի ժամանակ տեղեկացել է, որ 23 խցում երկու դատապարտյալները՝ Սողոմոնը եւ Մհերը բացակայում են. նրանց փոխարեն մանեկեններ էին դրված:

«Գորիս» ՔԿՀ-ի տեսուչը նաեւ հայտնեց, որ 60-ականներից ազդանշանային համակարգ է գործել, որը շուտ-շուտ փչանում էր: Ցմահ ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացի Յուրա Սարգսյանի պաշտպանն էլ՝ Աղասի Աթաբեկյանը դատարանում հայտարարեց, որ մայր գործից անջատվել է մեկուսարանի աշխատակիցների մասը, հավանաբար մոռանալով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Նրան հետաքրքրում էր, թե վկան անջատված գործի մասով ի՞նչ կարգավիճակով է անցնում: Նա պատասխանեց, որ ինքը որեւէ կարգավիճակ չունի եւ որ արդարադատության նախարարի կողմից ստացել է խիստ նկատողություն, իսկ երեք աշխատակիցների նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ:

Ըստ վկաների, ամբաստանյալները երկու օր քանդել են պատը: Եթե հավատանք տեսուչներին, նրանք 15 րոպեն մեկ նայել են խցի դիտանցքից, սակայն ոչինչ չեն տեսել, ինչը կասկած էր հարուցել պաշտպան Ա. Աթաբեկյանի մեջ, որ «Գորիս» ՔԿՀ աշխատակիցները լավ էլ տեղյակ են եղել փախուստի մասին: Փախուստից հետո խցում գտնվել էին գործիքներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը արձագանքելով մեր նախորդ հրապարակմանը, թե դատապարտյալի վրա առկա են եղել խոշանգման հետքեր, հայտնեց, որ ապրիլի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խցերի տեխնիկական ստուգման ժամանակ թիվ 88 խցում, ուր պահվում էր Մհեր Ենոքյանը, հայտնաբերվել էր փախուստի փորձի նախանշան: Խուզարկության պահին դատապարտյալը դիմադրություն էր ցույց տվել ՔԿՀ աշխատակիցներին, որի հետեւանքով «կիրառվել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ»: Մ. Ենոքյանը գտնվում էր տուգանային մեկուսարանում, իսկ ապրիլի 30-ի փախուստի փորձի հետ կապված՝ հարուցվել է քրեական հերթական գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031