Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԺԻՍՈՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Մայիս 25,2005 00:00

ՌԵԺԻՍՈՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ Գերմանիայի դեսպանատունը խնդիրներ է ստեղծում երիտասարդ արվեստագետի համար Գերմանիայում վերջերս կազմակերպված ուսանողական ֆիլմերի եվրոպական ֆորումին մասնակցելու հնարավորություն ընձեռվել էր նաեւ երիտասարդ ռեժիսոր Էդգար Ամրոյանին: Բայց Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, առանց որեւէ պատճառի, պահանջվող եւ չպահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պարագայում անգամ թույլ չի տվել նրան ընդամենը 1 շաբաթով այցելել Գերմանիա: Ֆորումի կազմակերպիչները, հավանելով հայ ռեժիսորի ներկայացրած «Պատգամ անցյալից» ֆիլմը, էլեկտրոնային փոստով նրան հրավեր էին ուղարկել՝ անպայման մասնակցելու փառատոնին: Ավելին՝ համոզված լինելով, որ ճանապարհի հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, խնդրել էին նրանից բերել հայերին բնորոշ ուտելիք, խմիչք, երաժշտություն՝ այնտեղ 1 օր հայկական գեղեցիկ մշակույթը ներկայացնելու համար: «Երբ առաջին անգամ ապրիլի 27-ին հարցազրույց ունեցա դեսպանատանը, համոզված էի, որ հաստատ կանցնեմ, որովհետեւ ոչ մի պրոբլեմ չունեի՝ ո՛չ բանակի խնդիր, ո՛չ արտասահմանում բարեկամ, բայց այնպիսի տարօրինակ հարցեր տվեցին, որ զարմացա»: Է. Ամրոյանը կասկածում է, թե իրենից «մաղարիչ» էին սպասում, որովհետեւ երբ հարցրել է՝ «պատասխանը չի՞ ուշանա, ես քիչ ժամանակ ունեմ, փառատոնը շուտով կսկսվի», նրան պատասխանել են. «Դե, նայած քեզ ոնց կպահես»: Բացի այդ, դեսպանատան աշխատակցուհին ներս մտնելուն պես փակել է սենյակի դուռը, որը սովորաբար բաց է լինում ու թույլ չի տվել մյուս այցելուներին լսել իրենց խոսակցությունը: «Հարցազրույցի վերջում ընդամենը 1-2 րոպե հյուպատոսի մոտ մտնելուց հետո ինձ ասացին՝ ցավոք, տիկին կանցլերի պատասխանը կարծես բացասական է, բայց եթե կազմակերպիչներին խնդրեք մի թուղթ էլ ուղարկել, որ ձեր ներկայությունն իրոք անհրաժեշտ է, գուցե ինչ-որ բան փոխվի»,-պատմում է Է. Ամրոյանը: Նա ավելի է զարմանում, երբ նկատում է, որ անձնագրի մեջ մերժման կնիք չեն դրել: Հաջորդ հանդիպմանը ներկայացնելով պահանջվող հավաստագիրը՝ նրանից պահանջել են բերել իր անձնական էլեկտրոնային փոստի նամակները, որոնց միջոցով շփվել է կազմակերպիչների հետ: Բայց հաշվի առնելով, որ խոսքը գործնական նշանակության նամակների մասին է, Էդգարը նամակների հետ մեկտեղ ներկայացրել է նաեւ Գերմանիա կատարած զանգերի ինտերնետ հեռախոսակապի բոլոր կտրոնները: Այս ամենից հետո անգամ նրան մերժել են, վերադարձրել անձնագիրը՝ դարձյալ առանց մերժման կնիքի: Ապարդյուն են անցել Է. Ամրոյանի ջանքերը՝ իմանալու մերժման հիմքերն ու պատճառը. «Չէ, ոչ մի խնդիր չկա, ուղղակի չեք կարող գնալ»,- պատասխանել են նրան: Հետո առաջարկել են անձամբ նամակ գրել հյուպատոսին: Այս խնդրի շուրջ Գերմանիայի դեսպանատնից պարզաբանումներ ստանալը գրեթե անհնար էր: Դեսպանատան լրատվական բաժնի պետ Հայկ Կակոսյանը հրաժարվեց որեւէ բան ասել՝ նշելով, որ խնդիրը հյուպատոսական բաժնի հետ է առնչվում: Իսկ հյուպատոսական բաժնի աշխատակցուհին մեզ կարճ ու կոնկրետ ասաց. «Հյուպատոսը, հարմար լինելու դեպքում, կպատասխանի միայն ձեր գրավոր հարցերին»: Համարենք, որ սա հյուպատոսին ուղղված գրավոր հարցում է, ուստի ակնկալում ենք համապատասխան պարզաբանումներ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031