Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոու

Հունիս 15,2005 00:00

«Շոու չի, ռեալ ծրագիր է» Պարզվում է, դեռ կան մարդիկ եւ կազմակերպություններ, որոնք ոչ միայն հիշում ու այցելում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր, այլ նաեւ պատրաստ են լսել այնտեղ ապրող մարդկանց խնդիրները: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ների, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հայկական կոմիտեի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության հետ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագիրը: Օրերս Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում մեկնարկեց ծրագրի առաջին փուլը, որի ժամանակ պետք է կազմակերպվեն քաղաքացիական ֆորումներ: Ծրագրի հիմնական նպատակն է քննարկումների, բանավեճերի միջոցով վեր հանել գյուղում առկա խնդիրները, բնակիչներին հուզող հարցերը եւ ցույց տալ եղած խնդիրների հնարավոր լուծումները: «Մենք հ/կ ենք եւ գումարով մարդկանց օգնել չենք կարող: Ցանկանում ենք փոխել այն կարծրացած պատկերացումը, որ պարտադիր դոնոր է պետք պրոբլեմները լուծելու համար: Մարդիկ պետք է գիտակցեն, որ ցանկության դեպքում իրենք ինքնուրույն կարող են ծրագրեր իրականացնել»,- ասաց ծրագրի քաղաքացիական ֆորումների պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը: Չնայած Վերին Կարմիր աղբյուրում գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանին, մարդիկ ակտիվորեն մասնակցեցին ֆորումին: Քննարկման ժամանակ եղան ուշագրավ մտքեր, օրինակ, գյուղացիներն ուզում են իրենց գյուղի կենտրոնում տեսնել Մայր Հայաստանի արձանը, աղբարկղ եւ աշխատող հեռախոս: Իհարկե, սրանով նրանց իղձերը չեն սահմանափակվում: «Այս ծրագիրը կարծես մաքրեց մարդկանց արյունը, նրանք ակտիվանում են, ուզում են մասնակցել գյուղի կրթամշակութային, տնտեսական կյանքին: Ես վստահ եմ, որ սա մարդկանց խաբող շոու չի, այլ ռեալ ծրագիր է»,- ֆորումից տպավորված ասաց Ռիտա Թումանյանը, որն աշխատում է գյուղի դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ չորսամյա այս ծրագրի շրջանակներում մարզերում կիրականացվեն դասընթացներ, բանավեճեր քաղաքական թեմաներով, մշակութային միջոցառումներ, ֆոտոցուցահանդեսներ եւ այլն: Այսօր եւ վաղը գյուղի բնակիչները կմասնակցեն «Սահմանադրության դերը քաղաքացիական հասարակության եւ իրավական սոցիալական պետության կայացման գործում» թեմայով քննարկմանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել