Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի դպրոց՝ «Վոգի» ռիթմով

Օգոստոս 11,2005 00:00

Դեպի դպրոց՝ «Վոգի» ռիթմով Ամիրյան փողոցում գտնվող Չարենցի անվան դպրոցից ընդամենը 10-20 մետր հեռավորության վրա տեղադրված է «Վինսթոն» ծխախոտի գովազդային վահանակը՝ իր հետաքրքիր ու գայթակղիչ կարգախոսով՝ «Զգա իրական համը»: Փաստորեն, այս հորդորը վերաբերում է ոչ միայն պատահական անցորդներին, այլ՝ առաջին հերթին դպրոցի աշակերտներին, որովհետեւ ո՛ր ճանապարհով էլ նրանք գնան դպրոց, միեւնույն է՝ «բախվելու» են այդ գովազդին: Պաստառը երկու կողմից էլ նույնն է թելադրում՝ զգալ «Վինսթոնի» համը: «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, «արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում եւ դրանց տարածքում»: Իբր տեղական ինքնակառավարման մարմինները անվերապահորեն հետեւում էին օրենքի նախկին ձեւակերպմանը, վերջերս էլ սույն հոդվածում լրացում է արվել՝ «արգելվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդի տեղադրումը՝ մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի եւ ժամանցի կենտրոններում եւ հանրային սննդի օբյեկտների տարածքում»: Բայց փաստն այն է, որ գովազդը տեղադրվում է ամենուրեք, հատկապես՝ դպրոցների ու մանկապարտեզների տարածքում: Օրինակ, Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա» կրթահամալիրի անմիջապես մուտքի մոտ գործակալությունները տեղադրել են վահանակների համար նախատեսված հենասյուն ու «ոնց պտտվում են», ոչ մի հարմար գովազդ չեն կարողանում գտնել այդ տեղի համար՝ բացի օղուց ու ծխախոտից: Իսկ կրթահամալիրի տնօրենի հետեւողական բողոքների արդյունքում միայն «ԷլԷմ»-ը փոխարինվում է «Մաքսիմ»-ով, սա էլ՝ «Սլիմս»-ով կամ «Բոնդ»-ով: Ժամանակ առ ժամանակ էլ, եթե բողոքները շատ են լինում, պարզապես 1 ամսով «սպիտակեցնում» են վահանակը, լռեցնում բողոքողներին, հետո նորից կրկնում նույնը: Այսպես, թեեւ այս ընթացքում արձակուրդներ են, ու երեխաները չեն գնում դպրոց, հետեւաբար եւ՝ չեն ենթարկվում գովազդի հորդորներին, այնուամենայնիվ, «Գովազդի մասին» օրենքում չի ասվում, թե արձակուրդների ժամանակ կարելի է տեղադրել ծխելու կամ խմելու մասին կարգախոսներ՝ իրենց գայթակղիչ նկարներով: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենտրոնական մուտքի մոտ այժմ տեղադրված է «Պուտինկա» օղու գովազդային վահանակը, իսկ «Ռուսկի ստանդարտ»-ինն էլ՝ Բժշկական համալսարանի մոտ՝ Կորյունի փողոցում: Ի դեպ, վերջինիս դեպքում խախտվում է միանգամից «Գովազդի մասին» օրենքի 2 դրույթ, քանի որ համալսարանը կարելի է դիտել թե՛ որպես կրթական հաստատություն, թե՛ բժշկական: Բացի այդ, այս տարածքում՝ ճոպանուղու հարեւանությամբ, մի շարք մասնավոր համալսարաններ ու կրթական կենտրոններ կան: Այնպես որ, երեխաներին ուրիշ ոչինչ չի մնում անել, քան գնալ դասի ու հենց դասարանի պատուհաններից նայել ու երազել «մաքսիմալ հաճույքների», «փափուկ ամերիկյան ծխախոտների» ու ալկոհոլային խմիչքների վայելքի մասին, մանավանդ որ քաղաքապետարանը դպրոցականներին չի զրկում նաեւ «Վոգի ռիթմին» հետեւելու, «Դավիդոֆֆ» ու «Սիգարոն» փորձելու, «Մարլբորոյի» երկիր գնալու հնարավորությունից: Ի դեպ, քաղաքապետարանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. համապատասխան բաժնի հեռախոսները, հավանաբար արձակուրդի պատճառով, չէին պատասխանում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել