Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՌՆԵՐԻ ԿՈԴԵՐ՝ ՇՆԵՐԻ ՈՒ ԲՈՄԺԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Բայց
ոչ՝ ավազակների եւ կողոպտիչների գործը բարդացնելու համար Մի քանի ամիս առաջ
Երեւանի Կենտրոն համայնքի բարձրահարկ շենքերի մուտքերում թաղապետարանը սկսեց տեղադրել
նոր մետաղյա դռներ՝ հատուկ ծածկագրերով: Հասկանալի է, որ ծածկագրի թիվը պետք է իմանային
միայն բնակիչները եւ նրանց հյուրերը: Սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ
բոլոր ծածկագրված դռները բացվում են նույն թվով ու ձեւով՝ 1-ը եւ 6-ը միաժամանակ
սեղմելով: Նույնիսկ այն հատուկենտ դռները, որոնց «գիրն ուրիշ է», կարող են բացվել
նույն 1-6-ով: Այսինքն, եթե կոդավորման նպատակը բնակիչներին անցանկալի այցելուներից
պաշտպանելն էր, ապա դա իր իմաստն արդեն կորցրել է: Ավելին՝ տեղադրման առաջին օրերին
հենց բնակիչներն էին մնում դռների առջեւ այնքան ժամանակ, մինչեւ շենքից մեկը դուրս
չէր գալիս կամ առաջին հարկի մի բնակիչ՝ եթե տանն էր, ներսից փականքը չէր բացում:
Դուռը տեղադրողները, ըստ տարբեր շենքերի բնակիչների հետ մեր հարցազրույցների՝ «գալիս,
սուսուփուս գործ էին անում, մենք էլ գիտեինք՝ ընդամենը երկաթից դուռ են դնում»: Իսկ
հյուրերին նրանք ստիպված էին դիմավորել ոչ թե տանը, այլ՝ բակում: Զարմանալի չէ, որ
կոդավորումից ընդամենը մի քանի օր անց բնակիչները ելքը գտել են գլխացավանք դարձած
փականքից՝ դռներն ուղղակի չեն փակում: Միայն երբեմն երեխաներն են զվարճանում
դրանով: Համենայնդեպս, Եր. Քոչարի 13, 15, 17, 19, 21, 23 եւ Քաջազնունու (նախկին
Կուզնեցով) 8/1 շենքերում, որտեղ եղանք մեր շրջայցի ժամանակ, փակ դուռ չգտանք, իսկ
Քոչարի 15 շենքի մի մուտքի փականն արդեն հասցրել էին ջարդել: Մի քանի մուտքերում
էլ աշխատանքը թերի էր կատարված. Քոչարի 13-ում դուռը տեղադրել են առանց փականի, իսկ
17-ում էլ դռան ու պատի միջեւ թողնված անցքով կարելի էր հանգիստ մտնել ներս: Ընդհանրապես,
շենքերի մուտքերը փակ պահելը կարեւոր խնդիր է՝ որքան էլ ապահով լինի բնակարանի դուռը,
չես կարող խուսափել ավել ու ժավել ծախողներից, մատաղի փող հավաքողներից ու դուռը
թակող այլ անցանկալի այցելուներից: Սակայն ծածկագրման գաղափարը ենթադրում է իրականացման
այլ մեխանիզմ՝ մուտքի դռնից հեռախոսակապով ուղիղ միացում այն բնակարանի հետ, ուր
գնում է այցելուն: Մի քիչ որ երազանքների մեջ ընկնենք՝ նաեւ տեսախցիկ, որ այցելուի
ով լինելն ավելի պարզ դառնա: Ասենք, որ նույն Կենտրոն համայնքի ավելի կենտրոնական
հատվածների, օրինակ՝ Մաշտոցի պողոտայի, որոշ շենքերում տեղադրված է բարձրախոսով կապ:
Թե ինչո՞ւ դրանցից բաժին չի հասել բոլոր շենքերին՝ փորձեցինք պարզել Կենտրոնի թաղապետարանից:
«Ձեր ասած բարդ համակարգով կոդերը տեղադրել են համատիրությունները՝ բնակիչների միջոցներով:
Ամեն մի փականքն արժե 250 դոլար: Թաղապետարանի բյուջեն այդքան միջոցներ չունի, որ
բոլոր շենքերն ապահովի դրանցով»,- պարզաբանեց թաղապետարանի մամուլի պատասխանատու
Արամ Յավրումյանը: Նրա ասելով՝ շենքերի մուտքերի դռների պարզ համակարգով կոդավորումը
բնակիչներին ոչ թե սովորական այցելուներից, այլ՝ շներից ու անտուններից պաշտպանելու
համար է. «Մեր համատիրությունները մշտապես բողոքներ էին ստանում բնակիչներից, որ
գիշերը չեն կարողանում շենք մտնել՝ մուտքից մինչեւ վերջին հարկերի միջանցքներում
քնած անտուն կենդանիներին ու մարդկանց հանդիպելու վախից»: Իսկ որ բնակիչները չեն
օգտվում այդ նվերի՞ց՝ «դա էլ հայկական մենթալիտետի հարց է»: «Թող ավելորդ
բաների հետեւից ընկնելու փոխարեն ավելի կարեւոր հարցերի մասին մտածեն՝ աղբը ուշ-ուշ
են տանում, կռիսները կատվի չափ են դարձել, վերելակները կարգին չեն աշխատում»,- արդեն
սովորական դարձած այս բողոքները լսեցինք գրեթե բոլոր շենքերի բնակիչներից: Ավելի
որոշակի՝ Քոչարի 17-ում ամիսներ առաջ աղբատարը ծակվել է եւ աղբը կուտակվել է վերելակահորի
մեջ ու նեխել՝ գարշահոտության մեջ «անթեղելով» բնակվողներին: Նման մի կուտակում էլ
նույն շենքում առաջացել էր մուտքերից մեկում տարիներ առաջ հաստ ապակե պատով փակված
տարածքում, որի տերը բնակիչներին անհայտ էր: Իսկ Քոչարի 15 եւ Քաջազնունու 8/1 շենքերում
տարեսկզբին գազի խողովակներն անցկացրել են, բայց գազամատակարարում մինչ օրս չկա:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել