Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆ-«ՍՏՈՒԳԱՏԵՍ»

Հոկտեմբեր 19,2005 00:00

ՓԱՌԱՏՈՆ-«ՍՏՈՒԳԱՏԵՍ» Այսօր կմեկնարկի ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Տիկնիկային թատերախմբերի համահայկական առաջին փառատոնը՝ նվիրված Հայաստանում տիկնիկային թատրոնի հիմնադրման 70-ամյակին: Նախարարությունը փոխել է իր մարտավարությունը. սովորաբար փառատոների բացումը կայանում է Երեւանում, իսկ այս միջոցառման բացումը տեղի կունենա միանգամից հանրապետության 4 մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Գորիսում եւ Ստեփանակերտ քաղաքում: Երեկ հրավիրված ասուլիսում փոխնախարար Լիլիթ Ասատրյանը կարեւորելով տիկնիկային արվեստի դերը մանուկների եւ մեծահասակների գեղագիտական դաստիարակման գործում, նշեց, որ մասնակցության հայտ են ներկայացրել 22 պետական, մասնավոր, ինչպես նաեւ ակումբային կարգավիճակ ունեցող թատրոններ: «Առավոտը» հարցրեց նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանին, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ դերակատարում ունի այս միջոցառման անցկացման գործում: Պարոն Վարդանյանի պատասխանից առաջ հնչեց ասուլիսին ներկա «Միմոս» թատրոնի ղեկավար Նունե Ջրբաշյանի ռեպլիկը. «Հետաքրքիր է, բացի կազմակերպելուց, էլ ի՞նչ պիտի աներ նախարարությունը», որին հաջորդեց վարչության պետի խոսքը. «Նախարարությունը 1 մլն դրամ է հատկացրել այս միջոցառմանը, ունենք նաեւ մի շարք աջակցողներ, հովանավորներ»: Մեր դիտարկմանը՝ ուղղված Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին՝ ելնելով փառատոնային օրերին հանդես եկող թատրոնների ցանկից, նկատելի է, որ, բացի պետական թատրոններից, ներգրավված են նաեւ ինքնագործ խմբեր, արդյոք պարոն Բաբայանը ծանո՞թ է այդ խմբերի պրոֆեսիոնալ մակարդակին: Կրկին ռեպլիկով հանդես եկավ «Միմոսի» գեղարվեստական ղեկավարը. «Վաղուց վերացել են պրոֆեսիոնալ եւ պետական թատրոն հասկացությունները: Նորանկախ Հայաստանում մեր պետությունը լայն հնարավորություններ է տալիս ինքնադրսեւորվելու»: (Կարելի է մտածել՝ ԽՍՀՄ տարիներին մշակույթի տներում ու նման հաստատություններում չէին գործում տիկնիկային խմբակներ: Ավելին՝ այն տարիներին նույնիսկ հանրակրթական դպրոցներում էին գործում թատերախմբեր- Ս. Դ.): Պարոն Բաբայանը պատասխանելով մեր դիտարկմանը՝ ասաց. «Այս միջոցառումը ավելի շատ փառատոն-ստուգատես է: Նկատենք, որ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ որակումները վերաբերում են միայն այս կամ այն թատրոնի կարգավիճակին: Գիտենք բազմաթիվ հրաշալի խմբեր, որոնք պետական կարգավիճակ չունեն եւ խաղացանկով ու ներկայացումների որակով չեն զիջում պրոֆեսիոնալներին: Պետական լինել՝ դեռ չի նշանակում լինել պրոֆեսիոնալ»: Վերջին նախադասության հետ չհամաձայնելով՝ առաջարկում ենք, եթե կան պետական ցածրակարգ թատերախմբեր, ուրեմն թող վերանայվի դրանց կարգավիճակը: Փառատոնի հանդիսավոր փակումը հոկտեմբերի 23-ին է, Երեւանում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31