Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑՆԵՐԸ

Փետրվար 01,2006 00:00

ՓՈՂՈՑՆԵՐԸ «ԳՈՎԱԶԴԱԹԱՓՎԵԼ» ԵՆ Բիզնեսմենները սնանկացե՞լ են, թե՞ որոշել են օրենքը հարգել Այսօր մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել գովազդային դատարկ պաստառների ու վահանակների: Վերջին շրջանում գովազդային վահանակների թիվը նկատելիորեն նվազել է, բայց դրանից պետք չէ եզրակացնել, թե քաղաքային իշխանություններն այնքան համառ պայքար են տանում ՀՀ «Գովազդի մասին» օրենքի խախտումների դեմ, որ հենց տարեսկզբից որոշել են «վիզ դնել» ու 1 ամսվա ընթացքում ապամոնտաժել օրենքին չհամապատասխանող բոլոր պաստառները: Իհարկե, փողոցների «գովազդաթափությունը» կարող էր եւ պայմանավորված լինել հենց այդ հանգամանքով, ավաղ, գովազդային գործակալությունների ներկայացուցիչների հավաստիացմամբ՝ պատճառը բոլորովին այլ է: «Ճիշտ եք նկատել, այսօր իսկապես մեր պաստառներից շատերը դատարկ են, դա հավանաբար կախված է ամանորյա շրջանում իրականացվող ակցիաների հետ. Ամանորին պատվիրատուների թիվը կտրուկ աճում է, մենք գովազդի սյուներն ավելացնում ենք, հետո, երբ ակցիան ավարտվում է, բնականաբար դրանք դատարկ են մնում: Մեր պատվիրատուներից շատերի հետ կնքած պայմանագրերի ժամկետն ավարտվել է հենց այս ժամանակաշրջանում, իսկ սյուները ստիպված ենք այդպես թողնել այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի նոր պատվիրատու, չէ՞ որ այդ սյուների տեղադրման համար մենք արդեն վճարել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին»,- փողոցներում գովազդների բացակայությունն «Առավոտին» այսպես մեկնաբանեցին «Նուշիկյան ասոցիացիա» գովազդային գործակալությունից: Սա ընդամենը գործակալություններից մեկի վարկածն էր, որովհետեւ արտաքին գովազդ պատրաստող եւ տեղադրող տարբեր ընկերություններ իրենց սուբյեկտիվ պատճառաբանություններն ունեին: «Zebra» գործակալության ներկայացուցչի խոսքերով՝ «դա սովորական բան է, այսօրվա դրությամբ ամեն ինչ կախված է պատվիրատուից ու նրա ցանկություններից, գովազդն այնքան թանկ հաճույք է, որ ոչ մի ընկերության անուն չի կարող մշտապես վահանակների վրա մնալ ու գովազդվել: Բայց դուք մի անհանգստացեք, ամբողջ տարում այդ սյուները դատարկ չեն մնա, կհամալրվեն նոր պաստառներով»: Օրերս ԱԺ-ն «Գովազդի» եւ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու համար իր համաձայնությունը տվեց: Ըստ այդմ, արտաքին գովազդի ծավալը, քանակը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Բացի այդ, արգելվելու է նաեւ ծխախոտի արտաքին գովազդը: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ էլ համայնքի տարածքում մինչեւ 20% թնդությամբ ալկոհոլային խմիչքի գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քմ-ի դիմաց պետք է վճարեն 1000-2000 դրամ տեղական տուրք: Իսկ թունդ ալկոհոլային արտադրանքի համար՝ 2500-5000 դրամ, արտաքին այլ գովազդի տուրքն ավելի էժան է՝ 500-1500 դրամ: Մինչ այս փոփոխությունները, արտաքին գովազդի համար տեղական տուրքերը սահմանվում էին յուրաքանչյուր տեղի թույլտվության համար՝ ոչ թե ամսական, այլ տարեկան կտրվածքով: Ընդ որում, ծխախոտի արտաքին գովազդի համար թույլտվությունը 250 հազարից մինչեւ 500 հազար դրամ էր, այլ արտաքին գովազդինը՝ 5000-50 հազար դրամ: Չնայած այս երկու փոփոխություններն էլ դեռ ուժի մեջ չեն մտել, բայց չի բացառվում, որ գովազդատուների «պասիվությունը» հենց տուրքերի բարձրացմամբ պայմանավորված լինի: Որոշ գործակալություններ այդ փոփոխությունների մասին տեղյակ էլ չէին եւ մեզնից իրազեկվելով «իրենց գլխի գալիքի» մասին՝ սկսեցին միանգամից բողոքել, թե «առանց այդ էլ տեսնում եք՝ գործարարներն ի վիճակի չեն գովազդ պատվիրել, եթե էդքան արգելքներից բացի գինն էլ թանկացնեն՝ մենակ հատուկենտ արտասահմանյան ընկերություններ մրցակցությանը կկարողանան դիմանալ»: Գովազդի հարցում, իհարկե, չի կարելի հիմնվել միայն օրենքի պահանջների վրա, քանի որ այդ պահանջներին չեն հետեւում ո՛չ գովազդ պատրաստողները, ոչ պատվիրատուները, ոչ էլ ՏԻՄ-երը, իսկ վերահսկողներն ընդհանրապես դրանց դեմ քայլեր չեն ձեռնարկում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել